Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած մինի-միջոցառումը, որը կազմակերպիչներն անվանում էին` հանրային լսումներ, մեղմ ասած, զավեշտալի էր:
Բանն այն է, որ դեռեւս 2 տարի առաջ «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն աճուրդով ձեռք բերեց Շորժայի դունիտ-պերոդոտիտային հանքավայրը: Այնուհետեւ ընկերությունը հանքավայրում վերամշակում կազմակերպելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննությանը եւ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին: Ընդ որում՝ երկու գերատեսչությունները մերժեցին նախագիծը՝ նշելով, որ նմանատիպ գործունեություն ՀՀ օրենքով արգելվում է Սեւանա լճի ավազանում: Հիշեցնենք, որ համաձայն «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ հանքանյութերի վերամշակման գործունեությունն ուղղակիորեն արգելվում է Սեւանա լճի ավազանում: Սակայն պետական կառույցների «չոր» պատասխանը, կարծես, շփոթեցրել էր ընկերության ղեկավարներին, մասնավորապես՝ ընկերության համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: Ի դեպ, վերջինս այս տարվա հուլիսի 9-ին հայտարարել էր, որ ձեռնարկությունը էկոլոգիապես մաքուր է, եւ որ այդ առիթով ընկերությունը պատրաստ է ապացույցներ ներկայացնել: Ինչեւէ, առաջին նախագծի մերժումից որոշ ժամանակ անց «Գեգամետ պլյուս» ընկերությունը ներկայացրել է նոր հայտ` նոր վերնագրով: Հենց այդ կապակցությամբ էլ` ընկերության ղեկավարները կազմակերպեցին հանրային լսում Շորժայում: Դեմոնստրատիվ միջոցառմանը ներկա էին գյուղի այն բնակիչները, ովքեր աշխատում են ընկերությունում: Մի քանի քառակուսի մետրանոց գրասենյակում իրար գլխի հավաքվեցին ընկերության ղեկավարի «գրուպպա պադերժկին», այսինքն՝ աշխատակից-բանվորները, ովքեր «հանրային» լսումից հետո հեռացան ընկերության ծառայողական ՌԱՖ-ով: Նկատենք, որ «հանրային լսման» ամբողջ ընթացքում ծառայողական մեքենան սպասում էր գյուղապետարանի բակում: «Ի՞նչ եք կարծում՝ սա նմա՞ն է հասարակական լսման, եւ արդյո՞ք այդ լսումները պետք է անցկացվեն այս ֆորմատով եւ այս քանակությամբ»,- նկատեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը: «Բայց հասարակական լսումներին պետք է մասնակցեն հենց գյուղի բնակիչները»,- ի պատասխան բնապահպանի՝ ասաց «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը: «Ես ներկաների մեջ չեմ տեսնում կանանց: Մի՞թե գյուղի 571 բնակչից այսքան մարդ պետք է մասնակցեն նման գլոբալ խնդրի քննարկմանը»,- նկատեց Ս. Ադամյանը: «Մենք հայտարարություն էինք տվել «Հայաստանի Հանրապետություն» թերթում, եւ դրանից արտագրված, մեծ տառերով փակցրել ենք պատին: Ով ցանկություն ունի, կարող է մասնակցել, ով՝ ոչ, հարսանիքի հրավիրատոմսեր չենք բաժանում»,- արձագանքեց գյուղապետ Սուլիկո Շուշանյանը: «Ինձ շատ ճիշտ են ասել` դուշմաններ պետք չեն, պետք է ունենալ այնպիսի ընկերներ, ինչպիսիք Դուք եք, եւ այդ դեպքում Հայաստանում չի լինի ոչ տնտեսություն, ոչ էլ որեւէ բան, եւ Հայաստանն առանց զենքի կարելի է ձեռք բերել»,- թեժացած մթնոլորտում բնապահպանների հասցեին ասաց «Գեգամետ պլյուսի» տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը՝ հետաքրքրվելով, թե ովքե՞ր են ֆինանսավորում նրանց: Վ. Գասպարյանն էլ վկայակոչեց Շորժայի տարածքում 60 տարի շարունակ քրոմի պարունակությամբ շեղջերը, որոնք, ըստ նրա, բնապահպանական լուրջ վտանգ են ներկայացնում բնակիչների առողջության համար: «Հենց մենք սկսեցինք գործել, բոլորը հանկարծ մտահոգվեցին: Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէիք անհանգստանում, երբ 60 տարի այդ խնդիրը եղել է»,- հարցրեց Վ. Գասպարյանը: «Ձեր խոսքերը որեւէ հիմք չունե՞ն»,- հակադարձեց Սիլվա Ադամյանը:
«Ներկայումս ընկերությունն իրականացնում է գործարանի մոդեռնիզացիա: Գործարանի մոդեռնիզացիան իրականացվում է համաձայն պրոյեկտի, որը իրականացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն: Պրոյեկտով նախատեսված են եւ մաքրման կայաններ, եւ շրջադարձային ջրամատակարարում, եւ փոշեկլանման համակարգերի տեղադրում: Այս ամեն ինչը ներկայացված է պրոյեկտով, որը ներկայումս ներկայացված է փորձաքննության: Գործարանի հզորությունը նախատեսած է տարեկան 200.000 տոննա արտադրողականություն, որի համար նախատեսված սարքեր-սարքավորումները ձեռք են բերվել հիմնադիրների կողմից տրամադրված միջոցներով: Գործարանի աշխատանքային հզորությանը հասնելու համար պլանավորվում է 270 աշխատեղ բացել»,- նշեց «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի ֆինանսների գծով տնօրեն Հրայր Մելքումյանը: Ընկերության գլխավոր երկրաբան Սուրեն Գոգինյանի հավաստմամբ՝ վերամշակում գոյություն չունի իրենց մոտ: «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պետք է կատարվի այստեղ՝ Շորժայում, այս աշխատանքների ընթացքում: Պատկերացրեք, որ իրար խառնած ունենք լոբի, ցորեն, սիսեռ եւ այլն, եւ ունենք խնդիր այս ամենն իրարից ջոկելու: Ունենալով՝ մաքուր լոբի, ձավար, ցորեն եւ այլն,- պատկերավոր բացատրեց ընկերության գլխավոր երկրաբանը՝ շարունակելով,- Շորժայի հանքավայրում, որին ասում են դունիտներ եւ պերոդոտիտներ, դրանք քարեր են, ինչպես բազալտը, գրանիտը, որոնց մեջ կան տարբեր միներալներ: Մետաղներ չկան: Միներալներից մեկը քրոմիտն է: Ինչո՞ւմն է բանը: Եթե խոսքը վերաբերեր բազալտի վերամշակմանը, մի՞թե այսքան աղմուկ կհաներ: Համոզված եմ՝ չէր հանի: Էսօր մեր խնդիրը ջոկել-առանձնացնելն է, այսինքն՝ հանքավայրից վերցնել դունիտներն ու պերոդոտիտները, լցնում ենք ջարդիչի մեջ, մանրացնում է, ջրի հետ գնում է աղացի մեջ, որը բացառում է փոշու բարձրացումը եւ գնում է սեղանների վրա՝ կատարում է այն, ինչ ասացի, եւ առանձին-առանձին տալիս է մեզ»: Երկրաբանի կարծիքով՝ վերամշակումն այն է, երբ առկա է քիմիան: «Միակ փոշին, որ ստացվում է աշխատանքից, բաց տարածությունում բուլդոզերից եւ էքսկավատորից առաջացած փոշին է, իսկ մնացածը կատարվում է փակ տարածությունում՝ ընդհուպ մինչեւ բարձել-ուղարկելը: Ես չեմ հասկանում, չեղած տեղից ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել,- ասաց Ս. Գոգինյանը՝ ընդգծելով,- Ես էլ եմ հայ մարդ, ես էլ եմ սիրում Սեւանը, բայց ես սիրում եմ նաեւ այս մարդկանց, ովքեր սոված են: Էնպես որ, եկեք մտածենք ամբողջապես՝ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք շահում»: «Ինչ որ ասաց Սուրեն Երեմիչը, դա իրականություն է, դուք մեր նախագիծը կարող եք ուսումնասիրել, համոզվել դրանում: Մեր գործարանն իրականացնում է միայն մեխանիկական մշակում, եթե դրա անունը էկոլոգների լեզվով դնում ենք վերամշակում, ուրեմն՝ դա վերամշակում է, բայց մեր կարծիքով՝ մասնագիտական մոտեցում կիրառելով՝ դա վերամշակում չէ, որովհետեւ այն, ինչ անում է բնությունը, բնությունը եւս քայքայում է, մենք այդ գործընթացն անում ենք արագացված կերպով»,- արձագանքեց Հրայր Մելքումյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ իրենց հանքավայրը մետաղների հանքավայր չէ: «Իսկ էն 1-2%-անոց քրոմը, որի մասին խոսվում է, ցեմենտի հումքի մեջ չի կարող օգտագործվել: Իսկ որպեսզի մենք կարողանանք այդ դունիտներն իրացնենք, պետք է քրոմը հանենք: Հակառակ դեպքում` կստացվի, որ այդ դունիտները եւս իրացման ենթակա չեն»,- հավելեց Հ. Մելքումյանը: Ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում հանքավայրի շահագործման առաջին նախագիծը մերժվեց, Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանն ասաց. «Հարցը նրանում էր, որ նախորդ աշխատանքի վերնագրի մեջ «վերամշակում» բառ էր ամրագրվել: Քանի որ «վերամշակում» արտահայտությունը ներկա էր գտնվում տվյալ գործունեության վերնագրում, եւ մտավախություն կար, որ այդ գործունեության ընթացքում միգուցե վերամշակման գործունեություն իրականացվեր՝ կապված չլիներ այս հանքավայրի հետ, դրա համար միանշանակ նշեց 10-րդ հոդվածի Գ կետը, ըստ որի՝ վերամշակում չի թույլատրվում Սեւանի ավազանում»: «Այսինքն՝ չեն նայել տեխնոլոգիան միանգամից»,- ավելացրեց Հ. Մելքումյանը, ում ընդհատեց Կ. Մովսիսյանը` ասելով. «Նայվել է, այստեղ, նույնիսկ ակադեմիայում մեծ աղմուկ բարձրացվեց «վերամշակում» բառի վերաբերյալ՝ առանց նախագիծը նայելու»: Փաստորեն, որքան էլ զավեշտալի է, բայց համապատասխան մասնագետները նախագծին ծանոթացել են` սահմանափակվելով վերնագրի ընթերցմամբ, իսկ թե ինչ է գրված նախագծում` որեւէ մեկին չի հետաքրքրել: Եվ հիմա, երբ վերնագրից հանվել է «վերամշակում» բառը, այն կոչվում է երկրորդ նախագիծ, եւ 20-50 օրյա ժամկետում կտրվի դրա փորձաքննության եզրակացությունը: Նրանց հաջորդ «տարաձայնությունը» վերաբերում էր ընկերության կողմից բերված այն փաստարկին, ըստ որի՝ ձեռնարկությունը թափոն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացված մասը ձեռնարկատերերը մտադիր են շաղ տալ Սեւանի ափերին՝ որպես «մաքրող ֆիլտր»: «Ներկայումս դա քննարկման պրոցեսում է: Մեր արտադրանքը լինելու է խտանյութ, որը պարունակելու է որոշակի քանակությամբ քրոմ, եւ լինելու է դունիտ, որը ներկայումս արտահանվում է: Ինչքան ընդերքից վերցնենք, նույնչափ լինելու է պատրաստի արտադրանքը, այսինքն՝ մենք թափոններ չենք ունենալու»,- ասաց ընկերության ֆինանսական գծով տնօրենը: Իսկ թե ինչո՞ւ հանկարծ «Գեգամետ պլյուսը» սկսեց հետաքրքրվել Շորժայի հանքավայրով կամ նրա բնակիչների սոցիալական վիճակով, ապա գյուղական համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն է դիմել ընկերությանը: «Ես հանրապետության 3 նախագահներին էլ դիմել եմ, որին՝ գրավոր, որին՝ բանավոր, ինչպես նաեւ վարչապետերին: Ինչ գնով էլ լինի, էդ գործարանը պետք է վերաբացվի: Բնապահպանական խնդիրների հետ ես հարց չունեմ, իմը գործարանի աշխատելն է»,- նշեց Սուլիկո Շուշանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի անկախացումից հետո Շորժայի դունիտ-պերոդոտիտային արտադրամասը սեփականաշնորհվեց «Ալմաքար» ընկերության կողմից: «Եթե դուք՝ լրագրողներդ, կամ բնապահպանները, գտնում են, որ վնաս կա, բերեք էդ վնասի 50%-ը կոխեք մեր աչքը, 50-ն էլ՝ էն ժողովրդի աչքը, որ էնտեղ աշխատում ա»: «Ես չեմ կարծում, որ նրանց արդարացումները կարող են արդարացնել այն գործը, որ պատրաստվում են անել: Հանրային լսում անվան տակ գրասենյակային հավաքի միջոցով փորձեցին ճնշում գործադրել մեզ վրա, համոզել, որ բնակիչների սոցիալական վիճակը ծանր է, եւ գործունեություն պետք է ծավալել: Սակայն իմ տեսակետը չի փոխվել: Ես այն կարծիքին եմ, որ այստեղից պետք է հումքը դուրս բերվի՝ ինչ ձեւով էլ այն վերամշակվի, ինչ գործողություն էլ արվի՝ միայն թե ոչ Սեւան ավազանում»,- նշեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ընկերության ներկայացուցիչները խուսափում են օգտագործել գործարան բառը, մինչդեռ այն նախագիծը, որ ներկայացվել էր՝ նշվել է հենց գործարան բառը: Այնուամենայնիվ, դժվար է դեռեւս ամբողջական պատասխան տալ կատարվածին, որը «տեղավորում են» մեխանիկական անվան տակ: «Դե մենք ջուր ենք օգտագործում, որ փոշի չբարձրանա: Լրիվ անվնաս ա»,- հանրային «ունկնդրումից» հետո անմիջական նշեց ընկերության բանվորներից մեկը: «Գործարանը մեզ համար մի կտոր հաց ա լինելու: Էս գյուղի երիտասարդները խոպան են գնում, աշխատանք չկա, բայց հենց սկսի աշխատել էս գործարանը, չեն գնա: Դուք գիտե՞ք՝ սոված լինելն ի՛նչ է»,- ասում էին ընկերության աշխատակիցները: «Դե, տեսեք, էն մի լրագրողը ինչ տաքսիով ա եկել: Երազ, բա ես էլ եմ ուզում ըտենց տաքսի»,- զայրացած ավելացրեց հավաքված տղամարդկանցից մեկը, ում զայրույթը գուցե տեղին լիներ, երբ տեսներ գյուղապետարանի բակում կանգնած ընկերության տնօրենների խորհրդի նախագահի շքեղ ավտոմեքենան: Այ, իրական «երազը» հենց դա է…