Ամեն տարի միջազգային անկախ ժյուրին 10 տարբեր անվանակարգերում մրցանակներ է շնորհում՝ գնահատելով մամուլում տպագրված լուսանկարները: Գնահատվում է եւ լուր-լուսանկարը, եւ լուսանկարային պատմությունը: Հայաստանում «World Press Photo»-ն արդեն երկրորդ անգամ է ներկայացնում տարվա լավագույն լուսանկարների հավաքածուն: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սրահում բացվեց 2004թ. ամենատպավորիչ ու ազդեցիկ լուսանկարների ցուցահանդեսը: «World Press Photo»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կլաուդիա Հինտերսերն ասաց, որ այս ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր դարձավ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ: Այս նույն ցուցահանդեսը պետք է տեսնեն աշխարհի 80 երկրներում: Նպատակը ֆոտոլրագրողների շփումն ու տեղեկատվության փոխանակումն է, նաեւ՝ լուսանկարի հանդեպ հանրության ուշադրության բարձրացումը: Ժյուրին նայել է մոտ 70 հազար աշխատանք: Այս տարվա հաղթողների մեջ հայ լուսանկարիչներ չկան, թեեւ 7 հայ լուսանկարիչ իրենց աշխատանքներն ուղարկել էին «World Press Photo»:
Իրադարձություն դառնալու համար` լուսանկարը ոչ միայն պետք է ֆիքսի իրավիճակը, ինֆորմացիա փոխանցի, մարդկային դիմանկար կամ նորություն ներկայացնի, այլեւ իր մեջ հեղինակային, ստեղծագործական հայացք պետք է պարունակի: Երեւանում ցուցադրված լուսանկարները հիմնականում պատկերում են պատերազմական իրավիճակներ, սոցիալապես անպաշտպան մարդկանց ու բնության արհավիրքները: «Ինչ արած, այդ թեմաներն են աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց տիկին Հինտերսերը: Միաժամանակ եւ գեղեցիկ, եւ սարսափազդու լուսանկարներն ավելի լավ են ներկայացնում փաստը, քան բառերը: «Մեկ լուսանկարն՝ ի տարբերություն հոդվածի, կարելի է մի քանի անգամ տպագրել տարբեր թերթերում կամ ամսագրերում, քանի որ այն կարող է ինքնուրույն արժեք ներկայացնել»,- ասաց Կլաուդիա Հինտերսերը: Գրեթե բոլոր լուսանկարների կենտրոնում մարդն է՝ իր հույզերով, վախով, սպասելիքներով ու շփոթմունքով: Փաստի վավերացումից բացի, ֆոտոլրագրությունն օգնում է չմոռանալ, որ յուրաքանչյուր իրադարձության հիմքում մարդն է: «Լավագույն լուսանկար հասկացություն գոյություն չունի, կա լուսանկար, որն ավելի շատ ձայն է հավաքել»,- սա է «World Press Photo»-ի ընտրության սկզբունքը: 2004թ. լավագույն լուսանկարի հեղինակը համարվել է հնդիկ լուսանկարիչը, ով պատկերել է ցունամիից զոհված հարազատներին ողբացող կնոջը: «Լուսանկարը վկայություն է, որն աշխարհից արձագանք է սպասում»,- ասաց ֆրանսիացի լուսանկարիչ եւ ֆոտոգործակալության տնօրեն Մարկ Գրոսսեն, ով մի քանի տարի առաջ «World Press Photo»-ի ժյուրիի նախագահն է եղել:
«World Press Photo»-ն անգնահատելի է համարում լուսանկարների դերն ազատ մամուլ ձեւավորելու հարցում: «Որքանո՞վ է ազատ լրագրողը, այդ թվում` նաեւ ֆոտոլրագրողը» հարցին պարոն Գրոսսեն պատասխանեց. «Չկա ոչ մի պետություն, որը չի ցանկանում խեղդել ազատ մամուլը: Ազատության հարցը միշտ առկա է: Լրագրողը եւ իշխանությունները մշտական պայքարի մեջ են: Եվ հաղթանակն այս դեպքում անհնար է»: Նա նշեց, որ ԱՄՆ-ում արգելված է «Սեպտեմբերի 11»-ի զոհերի լուսանկարների տպագրումը, իսկ Ռուսաստանն ուղղակիորեն արգելել է լուսանկարել Չեչնիայում: Մարկ Գրոսսեն նկատեց, որ շատ երիտասարդ հայ լուսանկարիչներ կան, ովքեր ուզում են սովորել եւ ֆոտոլրագրության ոլորտում աշխատել, բայց նրանց պակասում են կապերը: Բացի ցուցահանդեսից` «World Press Photo»-ն երիտասարդների համար ուսումնական ծրագրեր եւ դասընթացներ է նախատեսել. «Աշխարհի լրագրողները պետք է տեղյակ լինեն միմյանց աշխատանքներից»,- ասաց Մարկ Գրոսսեն: