«Աղքատները կսկսեն լավ ապրել, իսկ երեխեքը չեն մրսի»

04/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

9-ամյա Սամվելը երազում է այնպիսի տուն ունենալու մասին, որն անպայման կունենա քարե հաստ եւ ամուր պատեր:

Հայացքը ջղաձգելով՝ ասում է, որ ցրտի դեմ պայքարելուց հոգնել է, դրա համար էլ օր ու գիշեր մտածում է տաքուկ անկյան մասին:

Նա ընտանիքի չորս անչափահաս երեխաներից ավագն է ու երեւի այդ պատճառով է քույրերի, եղբոր դժվարությունների մասին պատմում մեծի դիրքերից: Ասում է` «Երեխեքը շատ են մրսում: Ես մեծ եմ, մի կերպ կդիմանամ»: Մեկ էլ ուզում է դպրոցն ավարտելուց հետո ոստիկան դառնալ` բացատրելով. «Որ էս երկրում երեխեքը չմրսեն: Որ չարագործներին պատժենք, աղքատները կսկսեն լավ ապրել, իսկ երեխեքը չեն մրսի»: Հետո Սամվելը կենցաղային դժվարությունների մասին խոսակցությունն ընդհատելով` արագ նետվում է դեպի բազմոցը, մեծավարի գրկում է 2 տարեկան Մելինեին ու անխոս նստեցնում աթոռին: Փայտե տնակի պատի ճեղքից բազմոցին հանդիպակաց ցուրտ քամի է գալիս ու Սամվելի` քրոջ նկատմամբ տածած ուշադրությունն ինձ ապշեցնում է: Ասում է` «Ես հիվանդ եմ»: Հեռանում է տնակից…

Ծնողներն ասում են, որ վերջերս նա սկսել է մշտապես ջերմել եւ ցնցումների մեջ ընկնել: Բժշկական հետազոտության արդյունքում ախտորոշվել է Պերիոդիկ (երեւանյան) հիվանդությունը: Տղան այժմ ամեն օր ստանում է «Կոլխիցին» դեղամիջոցը, որը ոչ թե բուժում է, այլ` հնարավորինս կանխում է ցնցումները: Հայրը` Աշոտը, վերջերս Սամվելին տեղափոխել է Երեւան` հիվանդանոցում կրկին հետազոտվելու նպատակով: Ասում է` «Տարանք հիվանդանոց, բժիշկն ասեց` պիտի ցնցում ունենա, որ հասկանանք` ինչ ա: Ասեց` էստեղ մի քանի օր պահեք, հենց ցնցում լինի՝ շուտ բերեք: Պատկերացրե՛ք, որ ցնցում չունեցավ: Երկար ժամանակ Երեւանում մնացինք, ու ոչ մի անգամ չվատացավ: Էդպես էլ` առանց հիվանդանոց գնալու հետ եկանք: Երեւի կլիման լավ ազդեց երեխայի վրա»: Աշոտը կնոջ եւ չորս մանկահասակ երեխաների հետ ապրում է Վանաձորի մարզի Մեծ Պարնի գյուղի մի կիսաավերակ փայտե տնակում: Տնակի տակ ամբողջությամբ փոս է, որի պատճառով «տունն» օրեցօր խրվում է հողի մեջ: Փայտե պատերի ետնամասը Աշոտը պարբերաբար հողապատում է, որ գոնե այդ կերպ սառը հոսանքի մուտքը կանխի: Բազմանդամ այս ընտանիքը սեփական ոչինչ չունի, իսկ տնակը ժամանակավորապես հատկացրել է գյուղացիներից մեկը, ով գտնվում է Ռուսաստանում: Երբ վերադառնա, ամուսինները չորս երեխաների հետ կհայտնվեն փողոցում: Այս ընտանիքի երեխաները չափազանց դաստիարակված ու խելացի են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունն ու անելիքը: Հինգ տարեկան Հովսեփը թեեւ ամենաչարաճճին է ու պարբերաբար քույրերին «գժվացնում» է, այդուհանդերձ, ամեն առավոտ մեծի նման միայնակ պահում, խնամում է երկու տարեկան քրոջը: Ծնողներն ասում են, որ երկու փոքրիկներին ստիպված մենակ են թողնում, որպեսզի կարողանան աշխատանքի գնալ: «Չե՞ք վախենում, շատ փոքր են»,- հարցնում եմ: «Ի՞նչ անենք, ստիպված ենք, հակառակ դեպքում չեմ կարող աշխատել»,- ասում է մայրը` Հեղինեն, ով գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատում եւ սրտնեղում է, թե հաճախ իր սկզբունքներին դեմ է գնում: Ասում է` «Գիտե՞ք, շատ ծանր է, որովհետեւ ես ամեն օր երեխաներին սովորեցնում եմ հայրենասեր լինել, սիրել հայրենիքը, չլքել ծննդավայրը, բայց փոքրիկ հնարավորության դեպքում ես ինքս կթողնեի ամեն ինչ ու կհեռանայի: Այլեւս անհնար է էսպես ապրելը: Չգիտես էլ` ի՞նչ անես, որ երեխայիդ փրկես»: Գյուղի դպրոցի հաշվարկներով` միայն այս տարի 14 ընտանիք հեռացել է գյուղից: Ուսուցչուհին հասկանում է, որ հայրենասիրություն քարոզելը մի բան է, իսկ ապրել չկարողանալու պատճառով հայրենիքը լքելը` բոլորովին այլ բան: Այնպես որ` մանկավարժների շուրթերից հնչող հայրենիքի մասին գաղափարախոսություններն այլեւս դառնում են սուտ, քանի որ այս իրականության մեջ ապրող երեխաները դրանց չեն հավատում: Հեղինեի խոսքերը, կարծես, ավելորդ են նրանց տնակի պայմանների ֆոնին:

Ներսում մի մահճակալ ու մի բազմոց է: Երեխաները չորս հոգով քնում են բազմոցին, իսկ 10 րոպե տնակում մնալուց հետո` ցրտից քարանում ես: Էլեկտրական սալիկը չի հասցնում տաքացնել, քանի որ պատերի արանքից ցուրտն ավելի շուտ է սողոսկում ներս: Ընտանիքի հայրը` Աշոտ Կոծինյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմականացված պահակախմբի պահպանության բաժանմունքի հրաձիգ է: Հասարակական այդ աշխատանքի շուրջօրյա հերթապահության համար ստանում է ընդամենը 49.000 դրամ: Հեղինեի ասելով` դպրոցում սաների կրճատվելուն զուգահեռ` կրճատվում են նաեւ դասաժամերը: Հեղինեի 66.000 դրամ աշխատավարձով եւ ամուսնու` 49.000 դրամ աշխատավարձով չեն հասցնում գոնե ամսվա ցամաք հացն ապահովել: Չնայած դրան, խոստովանում են, որ Մեծ Պարնիում գործազրկությունը շատ մեծ թիվ է կազմում, հետեւաբար՝ գոնե միայն զբաղվածության համար Աստծուց շնորհակալ են:

Եթե մեր պետությունը հնարավորություն ունենա…

Աշոտն ու Հեղինեն խնդրում են ՀՀ իշխանություններին տեղեկացնել, որ նման ընտանիքները չեն կարող երկար գոյատեւել: Կենսական պայմանների բացակայության պատճառով գյուղում ապրելն այլեւս դարձել է հերոսություն: Աշոտն ասում է` «Մենք յոթ երեխա ենք: Երկրաշարժի ժամանակ մեր հայրական տունը դարձավ վթարային: Էնտեղ հիմա իմ հարազատները սարսափով են ապրում, չեն էլ քնում` վախենալով, որ տունը կփլվի: Չորս տղաներից մեկը ծնողներիս հետ, մեր հայրական տանն է ապրում, մյուսը` մեկնել է Ռուսաստան: Հիմա, փաստորեն, ինձ ոչ տան հնարավորություն է պետությունը տալիս, ոչ էլ` մի ուրիշ հնարավորություն, որով կարողանամ տուն սարքել: Ի՞նչ անեմ, գնամ եղբորս մոտ` Ռուսաստան: Ախր հավատացե՛ք, որ չեմ ուզում, չեմ էլ կարող: Ծնողներս՝ էստեղ, հարազատներս՝ էստեղ, սա իմ ծննդավայրն է, կապված եմ: Բայց պետությունն ամեն ինչ անում է, որ ընտանիքները հեռանան, որովհետեւ չենք կարողանում ապրել, անհնար է»: Աշոտը խնդրում է ինչ-որ կերպ աջակցել տուն ունենալու հարցում, հակառակ դեպքում` երեխաները չեն կարող առողջ լինել նման պայմաններում: Բացի դա, շուտով նրանց այդ տնակից դուրս կհրավիրեն, քանի որ այն պատկանում է այլ անձի: Աշոտի մայրը` Ալֆերիդա Կոծինյանը, իշխանություններին հորդորում է բնակարանաշինարարական ծրագրերն իրականացնելիս այցելել Մեծ Պարնի եւ շարքային գյուղացիների միջոցով տեղեկանալ ծրագրի շրջանակներում հանձնվող բնակարանների սեփականատերերի կեղծ տվյալներին: Նրա հավաստմամբ` շատ մարդիկ, օգտվելով աղետի գոտու բնակչի կարգավիճակից, բնակարաններ են ստանում՝ «կլորիկ» գումարներ դնելով ցուցակները կազմող հանձնաժողովների անդամների գրպանները: «Էնքան մարդ կա, որ 2-3 տուն ունի, բայց նոր տունը ստանում, վաճառում ա: Կարող ենք շատերի անունները տալ: Մարդ կա՝ տուն չի կորցրել, բայց ստացել ա: Մարդ կա` Ռուսաստանում ա ապրում, բայց եկել, տունը ստացել, դուռը փակել, գնացել ա: Ով ծանոթ կամ փող ունի` կարողանում ա տան հարց լուծել: Մեր գյուղը Նալբանդին, Շիրակամուտին կպած ա, այսինքն` շատ տուժածներ կան երկրաշարժից»,- ասում է տիկին Ալֆերիդան: Նա որպես ասածների ապացույց՝ նաեւ նշեց այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր կեղծիքի միջոցով բնակարան են ստացել. «Օրինակ` Դավոյան Բուրաստան, երկրաշարժից առաջ էլ, հիմա էլ Երեւանում ա ապրում, բայց էստեղ պետությունը տունը սարքեց, տվեց, իսկ նա վաճառեց, գնաց: Կամ` Քոսյան Սուսաննան, որն էլի էստեղ չի ապրում: Տունը սարքեցին՝ տվեցին, բայց նա վաճառում ա, որովհետեւ էստեղ չի ապրում, Ռուսաստանում են»: Տիկին Ալֆերիդան համարում է, որ եթե այսպես շարունակվի` գյուղից բոլորը կքոչեն, քանի որ նման անարդարությունները ստիպում են կորցնել վաղվա հանդեպ ունեցած վերջին հույսը: Նրա կարծիքով` մեր պետական այրերը գյուղում ապրել ցանկացողներին ինչ-որ կերպ խրախուսելու փոխարեն՝ պետական գումարները ծախսում են այն մարդկանց բնակարանները կառուցելու համար, որոնք վաղուց ռուսաստաններում են:

Հեղինե Ավալյանը տարիներ շարունակ դիմում-նամակներ է ուղարկում ՀՀ Կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Լոռու մարզպետարան` խնդրելով բնակարանի հարցում իր ընտանիքին աջակցել: Որպես կանոն, նամակները վերահասցեագրվում են Լոռու մարզպետարան, որտեղից էլ ստանում են հետեւյալ պատասխանը. «Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող միակ բնակարանաշինական ծրագիրը երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիրն է, որի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ձեր ամուսինն իր հոր` Կառլեն Կոծինյանի հետ համատեղ երկրաշարժի ժամանակ եղել են մեկ ընտանիքի կազմում եւ ունեցել են մեկ տուն, որը երկրաշարժի հետեւանքով չի քանդվել: Առկա չէ նաեւ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացություն` տունը քանդման ենթակա լինելու մասին: Եթե մարզի տարածքում իրականացվի որեւէ բնակարանաշինական ծրագիր նման կարգավիճակ ունեցող անձանց համար, որոնց թիվը մարզի կտրվածքով բավականին մեծ է, հաշվի կառնվի Ձեր խնդրանքը»: Այլ կերպ ասած` մարզպետարանը հորդորում է, եթե հնարավորություն լինի… Հեղինեն ասում է` «Եթե կարողանանք այնքան դիմանալ, որ մարզպետարանը հնարավորություն ունենա…»: Իսկ Աշոտն էլ հավելում է. «Եթե երեխաներս կարողանան չհիվանդանալ ու մի կերպ ապրել, մինչեւ մարզպետարանը հնարավորություն ունենա…»: Տիկին Ալֆերիդան էլ ասում է` «Եթե դոմիկի տերը նրանց դուրս չհանի, մինչեւ մարզպետարանը հնարավորություն ունենա»: Այս «եթե»-ների շարանը կարելի է անվերջ թվարկել՝ մինչեւ մեր իշխանությունները հասկանան, որ այդ «եթե»-ներին սպասելով՝ գյուղում մանկահասակ երեխաները ցրտահարվում, մահանում են, երիտասարդները` հեռանում, փախչում են, իսկ ծերերը` մեռնելուն երանի են տալիս:

Եվ վերջապես, եթե մեր իշխանությունները հասկանային այս թշվառության մեջ ապրող մարդկանց վիճակը, «եթե»-ներին սպասելու փոխարեն՝ կվերանորոգեին, գոնե, գյուղի հսկայական Մշակույթի տան այն շենքը, որը Սովետից հետո չի շահագործվում, եւ կհանձնեին մոտ 50-60 ընտանիքների: Էլ չենք ասում` գործարանների շենքերի մասին…