Պլասիդո Դոմինգոն Երեւանում

04/12/2010

«Տարիների հետ ավելի երիտասարդ ես դառնում, չէ՞ որ ամեն ապրած տարվա հետ` երիտասարդություն ես կուտակում»,- ասում է 69-ամյա հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով այս օրերին Հայաստանում է:

Դոմինգոն ոչ միայն ժամանակակից օպերային արվեստի սիմվոլ է, այլեւ մեծ հեղինակություն է մշակույթի ոլորտում: Նրա երգացանկում տենորի եւ բարիտոնի համար գրված օպերային, օպերետային, մյուզիքլային դերերգեր եւ էստրադային երգեր են: Դոմինգոն ղեկավարում է Լոս Անջելեսի, Վաշինգտոնի օպերային թատրոնները (վերջերս, սակայն, հրաժարվել է երկարաձգել իր պայմանագիրը Վաշինգտոնի թատրոնի հետ), իր անունը կրող վոկալիստների մրցույթ է կազմակերպում, հովանավորում ու երկրպագում է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային թիմին, գրքեր է հրատարակում, ռեստորաններ է բացում, եւ ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ:

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը Դոմինգոյին տասնյակ անգամներ է մրցանակներ շնորհել: Վերջինը «Տարվա մարդ» տիտղոսն էր, որը նրան շնորհվեց՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ իսպանացի երգիչն օպերային խաղացանկի հարստության տեսակետից` ռեկորդակիր է (128-ից ավելի օպերային պարտիաներ է կատարում, եւ մշտական հետեւողականությամբ նոր ձայներիզներ է թողարկում): Դոմինգոն բեմական երկարակեցության խորհրդանիշ է: Նա հիմնարար երաժշտական կրթություն է ստացել եւ դեռ պատանեկությունից` զարմանալի աշխատունակ է եղել:

Պլասիդո Դոմինգոն միակն է այն 3 աշխարհահռչակ տենորներից, ով դեռ շարունակում է իր մեներգչի կարիերան (Լուչանո Պավարոտին մի քանի տարի առաջ վախճանվեց, իսկ Խոսե Կարերասը դադարել է ելույթ ունենալ): Տենորների հայտնի եռյակը տարիների ընթացքում ելույթ ունենալով աշխարհի տարբեր բեմահարթակներում (ոչ միայն թատրոններում, այլեւ` մարզադաշտերում, հրապարակներում ու փողոցներում)՝ կարողացավ բեկումնային քայլ անել: Նրանց շնորհիվ աշխարհն ընդունեց, որ օպերան բնավ էլիտար արվեստ չէ, այլ` բոլորին հասկանալի, հասանելի, սիրելի մի աշխարհ է` լի կրքերով, հույզերով, կատակներով ու պերսոնաժներով: Օպերան կարծես հենց նրանց ձայների ու կերպարի միջոցով միլիոնավոր մարդկանց համար սիրելի դարձավ:

Պլասիդո Դոմինգոն Երեւան է ժամանել «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հրավերով: Նրա մասնակցությամբ համերգը շատ երկար է նախապատրաստվել, 5 տարվա ընթացքում փառատոնի կազմակերպիչ Սոնա Հովհաննիսյանը բանակցություններ է վարել անասելի խիստ աշխատանքային գրաֆիկ ունեցող երգչի համերգային ծրագրերը կազմակերպող ագենտների հետ` օպերային արվեստի սիմվոլին մեր հայրենիք հրավիրելու համար: Հայտնի է, որ վերջին տարիներին Դոմինգոն ավելի շատ ոչ թե որպես երգիչ, այլ որպես դիրիժոր է շրջագայում: Եվ ըստ Ս. Հովհաննիսյանի` «որպես երգիչ Դոմինգոյին «ստանալու» համար երկրները տարիներով հերթ են կանգնում, քանի որ հիմա նա հազվադեպ է երգում»: 69-ամյա լեգենդար երգչին Հայաստանում ընդունեցին բարձրաստիճան պաշտոնական անձինք ու Պատվո շքանշանով պարգեւատրեցին նրան: Դեկտեմբերի 3-ին Դոմինգոն ելույթ ունեցավ պորտուգալուհի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսի, ամերիկահայ սոպրանո Ռոզի-Անուշ Սվազլյանի, բաս Բարսեղ Թումանյանի ու սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանցից բաղկացած «Փարոս» երգչախմբի հետ: Հանդիպելով լրագրողների հետ` Դոմինգոն պատմեց, որ իր ծանոթությունը Հայաստանի հետ շատ վաղ է սկսվել, քանի որ իր մայրիկի երաժշտության ուսուցչուհին հայ է եղել: Եվ որպես ուղերձ` խորհուրդ տվեց հայաստանցիներին ներդաշնակություն գտնել երաժշտության մեջ: Դոմինգոն վստահ է, որ ռոմանտիզմի դարաշրջանի ծնունդ լինելով` օպերային արվեստը պետք է օգտվի ժամանակակից տեխնոլոգիաներից: Նա միշտ օգտվում է ձայնագրման, բեմականացման, գովազդի նորույթներից եւ կարողանում է առանց զիջումների օպերային արվեստը զանգվածային դարձնել: Նրա անունով են կոչում քաղաքները, նավերը, ինքնաթիռները (նույնիսկ «Պլասիդո Դոմինգո» վարդի տեսակ կա): Հայաստանում նրան ընդունելն ու լսելը մեծ պատիվ է: