Անցյալ գարնանից մեր մարզասերներին ուրախության պահեր է պարգեւում կանանց բասկետբոլի մեր երբեմնի դրոշակակիրը` «Հատիսը», որը գրանցման վայրը փոխելով՝ Աբովյանից տեղափոխվել է Երեւան: Մինչ այդ թիմի` միջազգային ասպարեզում հայտնվելը շատերս երեւի չգիտեինք էլ, որ Հայաստանում կա կանանց բասկետբոլ, եւ նույնիսկ առաջնություն է անցկացվում: Հիմա արդեն գիտենք եւ նույնիսկ ուրախանում ենք մեր թիմի մասնավոր հաջողություններով: Բայց որոշ կասկածներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս թերահավատորեն վերաբերվել Հայաստանում կանանց բասկետբոլի պայծառ ապագայի հեռանկարին: Միգուցե անցյալի հաջողությունների կարոտախտից դրդված` որոշ փողատեր մարդիկ ներդրումներ են կատարել եւ վերականգնել թիմը, սակայն, առայժմ որեւէ կերպ չի հռչակվել այդ` գուցե իսկապես լավ նախագծի, գոնե մոտակա հեռանկարը: Անցյալ մրցաշրջանում Եվրագավաթներում ունեցած հարաբերական հաջողությունը ոգեւորվելու որոշակի հիմք տվեց։ Թիմն ուներ կայուն կազմ, խաղային ձեռագիր եւ բարձր կամային հատկանիշներ: Այս մրցաշրջանում, սակայն, «Հատիսի» կազմը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Հայաստան եկան սեւամորթ աղջիկներ, որոնցից ոմանք նույնիսկ WNBA-ում խաղալու փորձ ունեին: Թվում էր, ձեռքբերումը զարգացում կունենա, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, «Հատիսը» երկուական անգամ պարտվեց ռուսական եւ իսրայելական թիմերին եւ միայն երջանիկ պատահականության շնորհիվ հայտնվեց «Փլեյ-օֆում»: Որ այնտեղ կպարտվեն, արդեն իսկ ակնհայտ է: Թիմը որպես միասնական օրգանիզմ՝ գործում է չափազանց միօրինակ, որեւէ մրցակցի խնդիրներ չառաջադրելով: Նույնիսկ Գիա Ղազանչյանի պես մարզիչը չի կարողանում խաղային օղակները կարգավորել, խաղի ստրատեգիա պարտադրել: Կասկած է առաջանում, այս ամերիկուհիների, կանադուհիների, խորվաթուհիների, ուկրաինուհիների խառնուրդը եկել է խաղալո՞ւ, թե՞ խոպան: Եվ տպավորություն է ստացվում, որ թիմը վերակենդանացնողները ինչ-որ կարճաժամկետ, բայց աղմկոտ ծրագիր են իրականացնում: Եթե այդպես չէ, միայն ուրախ կլինենք: Սակայն բարձրակարգ, եվրոպական ասպարեզում մրցունակ թիմ ստեղծելու համար անհրաժեշտ է համապատասխան ուժի առաջնություն, այլապես ցանկացած ամերիկուհի միայն հետաճ կապրի «Հատիսում» խաղալով: Դեռեւս տարեսկզբին խոսակցություններ կային թիմը Ռուսաստանի բաց առաջնությունում գրանցելու մասին, սակայն դրանք այդպես էլ զարգացում չունեցան: Եթե այս տարի էլ «Հատիսի» մրցակիցները լինեն «Գյումրի», «Էրեբունի», «Արցախ» եւ այս կարգի թիմերը (ասում եմ առանց որեւէ թիմի նսեմացնելու ցանկության), «Հատիսը» ոչ մի դրական տեղաշարժ չի ունենա: Ելքերը ես չէ, որ պիտի հուշեմ, բասկետբոլի ֆեդերացիան, կարծում եմ, շատ ավելի լավ ու խորքից է տեսնում իրողությունը: Պարզապես որպես շարքային մարզասեր, ինչպես շատ-շատերը, ես էլ կուզեի տեսնել իսկապես ուժեղ, իսկապես արժանի թիմ: Հատկապես այն բանից հետո, երբ տեսանք, թե ինչպես է թիմի հաջողություններից ոգեւորվում մեր երիտասարդությունը: