Շվեյցարական Ցյուրիխում տրվեց ֆուտբոլային աշխարհում այս տարի ամենասպասված հարցի պատասխանը. Եվրոպական երկրներից ո՞ւմ բաժին կհասնի ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության կազմակերպման պատիվը: Շատերի համար անակնկալ` արդեն քվեարկության երկրորդ փուլում ստանալով ՖԻՖԱ-ի գործկոմի 22 անդամներից 13-ի ձայները՝ բացահայտ առավելությամբ հաղթեց Ռուսաստանը: Այս փաստը շատերին զարմացրեց, քանի որ այդ երկիրը ներկա դրությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող ընդամենըգ մեկ մարզադաշտ ունի, այնինչ հարկավոր է առնվազն 10-12-ը: Բայց ՖԻՖԱ-ն, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքին՝ ֆուտբոլը տարածել ողջ աշխարհում, հատկապես այս փաստը հաշվի առնելով՝ նախապատվություն տվեց Ռուսաստանին: Բնականաբար, նախապես հստակ երաշխիքներ ստանալով, որ առաջիկա 8 տարում Ռուսաստանը կստեղծի համապատասխան ենթակառուցվածքներ: Ըստ որոշ մասնագետների նախնական հաշվարկների, Ռուսաստանն այդ ամենը ստեղծելու համար կկատարի մոտ 50 միլիարդ դոլարի ներդրում: Ի դեպ, նույն տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է նաեւ ՖԻՖԱ-ի մյուս որոշումը` 2022թ. առաջնությունն անցկացնել Կատարում: Ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքը կլինի, երբ աշխարհի առաջնությունն անց է կացվելու Մերձավոր Արեւելքում: