Կոռուպցիան վազող կենդանի չէ

02/12/2010

ՀՀ առողջապահության նորանշանակ ՀՀԿ-ական փոխնախարար Տիգրան Սահակյանը, ով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ավագ որդին է, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյո՞ք իր կուսակցական գործունեությունն ազդել է այդ նշանակման վրա, Սահակյանը պատասխանել է. «Կուսակցությունն իր ուրույն դերն ունի նշանակման մեջ: Բայց կոնկրետ իմ նշանակումը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ դա իմ գործն է եղել, իմ մասնագիտությունն է եղել: Ես բավականին երկար տարիներ աշխատում եմ այդ ոլորտում: Այդ ոլորտի եւ՛ թերությունները գիտեմ, եւ՛ լավ կողմերը գիտեմ»: Իսկ հարցին, թե իր հայրը՝ Գալուստ Սահակյանը, դերակատարում ունեցե՞լ է իր նշանակման գործում, նա պատասխանել է. «Միանշանակ լավ ծնողն իր երեխաների, իր որդիների համար չի կարող դեր չխաղալ կյանքում»: Ի դեպ, Տ. Սահակյանը համաձայն չէ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը, թե առողջապահության բնագավառում խոշոր մասշտաբների կոռուպցիա գոյություն ունի: Հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ, նա պատասխանել է. «Կոռուպցիայի դեմ ամբողջ պետությունն է պայքարում այսօր: Միանշանակ ես միայնակ ոչինչ չեմ կարող անել: Կոռուպցիան դա վազող կենդանի չէ կամ երգող ապարատ չէ, որ գնամ անջատեմ, կամ այդ կենդանուն բռնեմ, եւ կոռուպցիան վերանա»: