ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Wikileaks» կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին, որոնցից մեկի համաձայն, մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ֆրանսիացի գործընկերոջը ժամանակին ասել է. «Ռուսաստանում ժողովրդավարությունը վերացել է, եւ կառավարությունը օլիգարխիկ համակարգի է վերածվել, որն առաջնորդում են անվտանգության ուժերը», պատասխանել է. «Գեյթսը խորապես սխալվում է: Երբ մենք մեր ամերիկացի գործընկերներին մատնացույց ենք անում ամերիկյան ընտրական համակարգում առկա խնդիրները, նրանք հակադարձում են` մի միջամտեք մեր ներքին գործերին: Նույնն էլ ես եմ խորհուրդ տալիս ամերիկացի գործընկերներին` մի միջամտեք ռուս ժողովրդի ընտրությանը»: Պնդելով, թե տեղի ունեցածը մեծ աղետ չէ, եւ նման արտահոսքեր տեղի են ունեցել նաեւ նախկինում, Պուտինը միաժամանակ դժգոհել է այն բնորոշումներից, որ իրեն ու Դմիտրի Մեդվեդեւին տվել են ամերիկացի գործիչները՝ դիվանագիտական գրառումներում: Հիշեցնենք, որ գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, դիվանագետները Պուտին-Մեդվեդեւ տանդեմը համեմատել են մանկական մուլտիպլիկացիոն հերոսների` «Բեթմենի եւ Ռոբինի հետ»` ակնարկելով, որ վարչակազմում գլխավորն, այդուամենայնիվ, շարունակում է մնալ Պուտինը: