Ո՞վ առաջինը կանի «վճռական քայլը»

02/12/2010

Աստանայում երեկ մեկնարկած ԵԱՀԿ գագաթաժողովում ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր իրողություններ ի հայտ եկան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են համատեղ մի հայտարարություն, որում «համաձայնել են, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»: Երեկվա հայտարարության մեջ 5 երկրների ղեկավարները հիշեցրել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում եւ 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված համատեղ հայտարարությունները: Նման ձեւաչափի հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ հնչել է առաջին անգամ: Բացի այն, որ այդպիսով երկու երկրների նախագահներն, ըստ էության, համաձայնում են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներին, դա վկայում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հարցը կարգավորելու աննախադեպ շահագրգռվածության մասին: Պատահական չէ, որ գերտերությունների ներկայացուցիչները երեկ նաեւ իրենց ելույթներում կողմերին կոչ են արել հասնել հակամարտության արագ կարգավորմանը: Այսինքն` կարծես իրականանում են այն կանխատեսումները, որ միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հակամարտության սառեցման համար տրված ժամկետը սպառվել է եւ կողմերի մանեւրելու հնարավորությունը գնալով նվազում է: Եվ այդ ֆոնին երեկ տապալվել է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների նախապես սպասվող հանդիպումը, ինչը բավական բացասաբար է ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչնեիի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, հանդիպումից վերջին պահին հրաժարվել է Իլհամ Ալիեւը, որը վերը նշված հայտարարության հրապարակումից հետո ունեցած ելույթում հանդես է եկել կոշտ արտահայտություններով, ինչպես միշտ Հայաստանի հասցեին հնչեցնելով նույն մեղադրանքները: Իհարկե, բացառված չէ, որ իրականում հանդիպումը չի կայացել միանգամայն այլ պատճառով: Մի բան, սակայն, ակնհայտ է. երեկվանից հետո ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց նոր, «վճռական քայլերի» հարթություն: Ընդ որում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արդեն Հայաստանից ու Ադրբեջանից շատ քիչ բան է կախված, եւ համանախագահող երկրներն ընդամենը փորձելու են իրար մեջ բաշխել կողմերի վրա ազդելու տեխնիկական հարցերը: