Քարդաշյանը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

02/12/2010

«Քարդաշյանների հետ» հայտնի ռեալիթի շոուի աստղ, գեղեցկուհի Քիմ Քարդաշյանի ֆան-կայքում (երկրպագուների կայքն է) բավական ուշագրավ մի գրառում է տեղադրված։ Պարզվում է` Քիմ Քարդաշյանի ոչ բոլոր երկրպագուները գիտեն, որ նա ունի հայկական արմատներ։ Իր բլոգում Հայ Առաքելական եկեղեցու կողմից ամեն տարի կազմակերպվող բարեգործական միջոցառմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ նա խոսել է իր «արմատների երկրի»` Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին։ Նա գրել է. «Քլոեն, Ռոբը (քույրը եւ եղբայրը.- հեղ.) եւ ես գնացինք հանդիպելու Հայաստանի վարչապետին… Հայաստանի որբերին օգնելու նպատակով բարեգործական միջոցառում էր կազմակերպվել, եւ մենք գնացել էինք օգնելու։ Մեզ ասացին, թե ինչպես պետք է ողջունենք վարչապետին։ Մենք հանդիպեցինք նաեւ Մարկ Կիրակոսին. նա հայտնի իրավաբան է եւ իմ հոր ընկերն էր։ Մենք ուրախությամբ ենք անում այն ամենը, ինչ կարող ենք անել աջակցելու առումով։ Մենք Հայաստան գնալու ցանկությունից այրվում ենք։ Հուսով եմ, այս տարի կգնանք։ Իմ ընտանիքից ոչ ոք այնտեղ չի եղել, եւ ինձ համար շատ կարեւոր է Հայաստան այցելելը» (http://www.kimkardashian.net/2009/01/kim-kardashian-meets-armenian-prime-minister/)։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Սարգսյանի մասին է: Մեկ այլ կայքում զետեղված է գրեթե նույն բովանդակությամբ լուր, այն լրացմամբ, որ Քիմը հանդիպել է նաեւ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին, որի հետ Քիմն ու իր հարազատները` Քլոեն եւ Ռոբերտը, լուսանկարվել են։ Հունվարի 23-ին տեղի ունեցած այդ գալա-երեկոյին մասնակցում էին 350 հյուրեր, այդ թվում` հայտնի աստղեր։ Երեկոյի ողջ ընթացքում այնտեղ է եղել նաեւ պրոդյուսեր Ռիկի Լեյքը՝ Մարիա դե Սիլվայի հետ միասին, ով վերջերս արժանացավ «CNN-ի հերոս» կոչմանը։ Այդ օրը Քիմը Էջմիածնի երեխաների հիմնադրամին` հայաստանցի որբերի համար հանգանակել էր 90.000 դոլար:

«Քարդաշյանների հետ» հայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմն ու նրա քույր Քլոեն արդեն հասցրել են նաեւ այս օրերին գումար նվիրաբերել համահայկական բարեգործական հիմնադրամին: Թե որքա՞ն` դեռեւս հայտնի չէ: «Մենք` Քարդաշյաններս, կիսով չափ հայ ենք, եւ ես գումար եմ նվիրում «Հայաստան» հիմնադրամին: Ուզում եմ, որ բոլորը հետեւեն իմ օրինակին ու աջակցեն հայկական հիմնադրամին»,- ասել է գեղեցկուհին:

Հիշեցնենք, որ հիմնադրամի այս տարվա մարաթոնը կրում էր «Ջուրը կյանք է» կարգախոսը: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կօգնեն Արցախում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները լուծելուն: Այս տարվա դրամահավաքը կազմել է 20,8 մլն դոլար: