Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում

02/12/2010

Հարգարժա́ն Նախագահ Նազարբաև,
Հարգարժա́ն տիկին նախագահող,
Տիկնա́յք և պարոնա́յք,

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակեր­պու­թյան մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախ­ստան­յան գործընկերնե­րին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախա­գահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:

ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբող­ջա­կան կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ևս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համըն­դհա­նուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից և բնական պաշարներից:

Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությու­նը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն`լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ`Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարա­բաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանու­թյան, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափ­մանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորա­գրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:

Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառա­հետևան­քային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտ­պա­նական բանակի հսկողու­թյան տակ գտնվող տարածքների վերադար­ձի անհրա­ժեշտության մասին, մոռանում է, որ հնարա­վոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը:

Տիկնա́յք և պարոնա́յք,

Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինու­թյունների թույլատրելի սահման­ների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրա­ժեշտ միջոցներ, այլև իրականացվում է այդ տեսակի սպառազի­նությունների վաճառք, այդ թվում և ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, “պատմական ադրբեջա­նական հողերի” վրա: Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները և պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության գագաթնակետը:

Հարգելի́՛ գործընկերներ,

Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է:

Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնա­յին Ղարաբաղում ռազ­մական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրու­թյուն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբե­ջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնու­թյունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք:

Հարգելի́՛ գործընկերներ,

ԵԱՀԿ գագաթնաժողովն ինքնին մեծ կարևորություն է ներկայացնում կազմակերպության հետագա գործունեության համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն մեծ ավանդը, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը` Ղազախստանը, ներդրել է այս երկար սպասված հանդիպումն իրականություն դարձնելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:

Շնորհակալություն