Ընկածին չեն խփում

02/12/2010

Նիկոլ Փաշինյանին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու իրավական հիմքերն առայժմ Արդարադատության նախարարությունը չի հայտնում: Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ա1+»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին «Կոշից» «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը համարում է շատ վատ երեւույթ: «Բնականաբար, պետք է փորձեն հիմնավորումներ ներկայացնել, բայց իմ տպավորությամբ, դատվածին դատելու փորձ են անում, որը շատ վատ երեւույթ է: Ընկածին չեն խփում, մարդն արդեն դատապարտյալ է, կա դատավճիռ` ակնհայտ անհիմն, անարդար, որի մասին գիտի մեր հասարակության 99 տոկոսը, այդ թվում՝ նաեւ իշխանությունը, եւ այս պայմաններում նորից «ծեծել», անձին այս ձեւով զրկել խոսքի ազատությունից, ուղղակի շատ ցավալի է»,- ասել է Պ. Օհանյանը: Ըստ նրա` առողջ քննադատությանը մարդիկ չեն դիմանում, «որովհետեւ չեն հասկացել, որ քննադատությունն է մեր խիղճն արթնացնում ու բերում կոմպետենտության դաշտ, նորմալ մարդը պետք է մտածի, թե ինչու են քննադատում, բայց որ յուրաքանչյուր առողջ քննադատություն մարդուն զգաստացնում է, դա փաստ է»: Պ. Օհանյանի ասելով, իրեն էլ քիչ չեն քննադատել, սակայն՝ «ես չեմ չարացել»: «Միշտ ազատ խոսքը շատ կարեւոր դեր է խաղում հասարակության մեջ, բայց նաեւ չի կարելի ընկնել ծայրահեղության գիրկը: Խոսքը, քննադատությունը պետք է լինի հոգեւոր, ոչ թե դատող»,- ասել է նա: «Աստվածաշնչում ասվում է. մի դատիր, որ չդատվես: Մենք իրավունք չունենք գցենք մեր պետության անունը, որքան էլ որ այն արժանի լինի այդպիսի գնահատականի»,- հավելել է Պարգեւ Օհանյանը: