Հայաստանը բնական ռեսուրսների առումով աղքատ երկիր է, բայց մենք ունենք ամենակարեւորը՝ խելք, եւ այդ խելքն օգտագործելով կարող ենք զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու նվաճել աշխարհը։
Այս միտքն արդեն քանի՜ տարի կրկնում են իշխանության ղեկին գտնվող մարդիկ։ Իսկ վերջին տարիներին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, այդ գաղափարները ընդհանուր տեսքի բերվեցին եւ դրվեցին տարբեր հայեցակարգերի, ռազմավարությունների, տեսլականների եւ ծրագրերի հիմքում։
Մեր հասարակության՝ տնտեսական անցուդարձին քիչ թե շատ տեղյակ հատվածի մտքով, այս տողերը կարդալիս, անմիջապես անցավ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի անունը։ Եվ դա իզուր չէ. հենց Էկոնոմիկայի նախարարությունն է մշակել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը», որը 2008թ. օգոստոսին արժանացել է կառավարության հավանությանը։
Դրա ներածական մասում նշված է. «Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ շուկաներում, ինչպես նաեւ ունենալ զարգացած եւ առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն»: Նաեւ գրված է, որ իր վերջնական նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է «արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ արտադրանք եւ ծառայություններ տրամադրող երկիր»: Ինչպես նաեւ, մենք պետք է ունենանք «հասարակություն, որը ձեւավորված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տեխնիկական կրթության, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի եւ համակարգչային գրագիտության հիման վրա»:
Հայեցակարգում նշված են ինչպես այդ նպատակին հասնելու քայլերը, այնպես էլ ակնկալվող ցուցանիշները։ Օրինակ՝ նախատեսվում է տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածությունը 2013թ. հասցնել 50%-ի, իսկ 2018-ին՝ 70%-ի։ ՏՏ ոլորտի ընկերությունների քանակը 160-ից պետք է հասնի 400-ի (2013թ.), իսկ հետո աճի մինչեւ 1000 (2018թ.)։ ՏՏ ոլորտի եկամուտները 17 միլիոն դոլարից պետք է հասնեն 2013թ.՝ 400 մլն դոլարի, իսկ 2018թ.՝ 1 մլրդ դոլարի։
Փայլուն հեռանկարներ են, այնպես չէ՞։ Ավելացնենք նաեւ, որ բացի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգից, մենք ունենք նաեւ մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր՝ Էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգ։ «Ըստ Ժամանակացույցի` հետագա երեք տարիների ընթացքում կիրագործվի ազգային լայնաշերտ ցանցի նախագծում, մշակում եւ տեղադրում, ինչպես նաեւ՝ միջազգային կապուղիների քանակի եւ թողունակության ավելացում, ինչն ամբողջ երկրում կապահովի կապ քաղաքացիների, ձեռնարկությունների եւ պետական աշխատողների միջեւ, որի արդյունքում էլեկտրոնային կառավարման եւ այլ կոմերցիոն/առեւտրագովազդային մեծաթիվ առցանց ծառայություններ հասանելի կլինեն Հայաստանի քաղաքացիներին: Նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում` ներառյալ գյուղական վայրերում, անցկացնել 100Մբ/վ թողունակությամբ, «հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց»: Պատկերացնո՞ւմ եք՝ 100Մբ/վ արագության ինտերնետ՝ Հայաստանի ամենահեռավոր գյուղում։ Ընդամենը 3 տարի հետո։ Սա իսկական հրաշք կլինի, եթե նկատի ունենանք, որ Երեւանում 7Մբ/վ արագությամբ ինտերնետը համարվում է «գերարագ»։ Ընդ որում, ինտերնետ օգտագործողներից մեկ կամ երկուսը կհաստատեն, որ իրենց ինտերնետը գերազանցել է գոնե 3Մբ/վ-ը։ Մի խոսքով, վատ չի լինի։ Կունենանք իսկական էլեկտրոնային հասարակություն, հարեւանուհիներն էլ միմյանց կբամբասեն Skype-ով։ Սակայն այս ամենի համար առաջին հերթին հարկավոր են ֆինանսներ։ Ինչպես նշված է հայեցակարգում, նախատեսված միջոցառումների իրագործման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները, ինչպես նաեւ դոնոր կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները: «Մասնավորապես, արդեն իսկ բանակցություններ է տարվում Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություններ մրցունակության համար» վարկային ծրագրի շուրջ, որի միջոցներից 12 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի ժամանակացույցում նշված միջոցառումների իրագործմանը»,- նշված է հայեցակարգում:
Իսկ երեկ պարզվեց, որ ՀԲ-ի հետ բանակցություններն արդյունավետ են եղել։ Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության վարկային ծրագիրը»` 24 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Հաղորդագրության հեղինակները նշել են, որ «այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը»:
ՀԲ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագիրը նախագծված է Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու եւ ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կխթանի նաեւ գիտելիքով ու տեխնոլոգիայով առաջնորդվող ձեռնարկությունների ստեղծումը, աճն ու մրցունակությունը` միաժամանակ ավանդական ճյուղերում խրախուսելով նոր տեխնոլոգիաների որդեգրումը: Սա կբարձրացնի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների յուրացման, նորարարության եւ առեւտրայնացման տեմպը, կխթանի հետազոտությունների եւ արտադրության միջեւ համագործակցությունը, կնպաստի Հայաստանում գիտելիքով եւ տեխնոլոգիայով առաջնորդվող ընկերությունների ձեւավորմանը: Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների եւ ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում»:
Մի խոսքով՝ մեր կիբեռ-ապագայի հիմքերը գցելու համար պակասում էր փողը, դա էլ եղավ։ Այսքանից հետո ո՞վ կարող է կասկածել, որ 3-4 տարի անց մենք ունենալու ենք էլեկտրոնային հասարակություն։ Սակայն տարակուսելու տեղ, այդուհանդերձ, կա։ Մի պարզ ցուցանիշ ներկայացնենք։ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում աղյուսակի տեսքով նշված է, որ 2013թ. այս ոլորտի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 1%, իսկ 2018թ.՝ գերազանցի 2%-ը։ Նշենք, որ 2%-ը բավականին բարձր ցուցանիշ է, այդպիսի ցուցանիշ ունի, օրինակ, ԱՄՆ-ը։ Տարակուսանքի տեղիք տալիս է այն, որ երբ բացում ենք Էկոնոմիկայի նախարարության կայքէջի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը, զարմանքով հայտնաբերում ենք, որ ՏՏ ոլորտի բաժինը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը։ ՏՏ ոլորտի զարգացածության ամենակարեւոր ցուցանիշներից մեկի նկատմամբ այսպիսի անփութությունը արդեն տպավորություն է ստեղծում ամբողջ փաստաթղթի վերաբերյալ։
Սակայն ավելի ուշագրավ է այն պնդումը, որ «Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ շուկաներում»։ ՏՏ ոլորտում առաջ գնալու համար նախ պետք է առաջ անցնենք մեր հարեւաններից, որոնց խելքի եւ ունակությունների մասին երբեմն արհամարհական քմծիծաղով ենք խոսում։ Իսկ ինչպիսի՞ն է վիճակն այսօր, թեկուզ հենց ինտերնետի հասանելիության առումով։ Ըստ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի, ինտերնետ հասանելիությունը Հայաստանում այսօր 15% է, որը նախատեսվում է հասցնել 2013թ.՝ 70%-ի, իսկ 2018-ին՝ 90%-ի։ Սակայն Internet World Stats միջազգային ինտերնետ վիճակագրության կայքի տվյալներով՝ Հայաստանում ինտերնետ օգտագործում է բնակչության ընդամենը 7%-ը։ Նույն կայքի համաձայն՝ Վրաստանում այդ ցուցանիշը 28.3% է, Ադրբեջանում՝ 44.4%։ Փաստորեն, գոնե տարածաշրջանում առաջ անցնելու համար մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում։
Ավելացնենք, որ հայեցակարգերից ու ռազմավարություններից վնաս, համենայնդեպս չկա։ Սակայն պետությունն այս ոլորտը կարող է զարգացնել առաջին հերթին… չխանգարելով։ Օրինակ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները հաճախ են դժգոհում հարկային քաղաքականությունից եւ առաջարկում են գեղեցիկ ելույթների փոխարեն հարկային արտոնություններ սահմանել ոլորտի սուբյեկտների համար։ Այդ առաջարկը, բնականաբար, անտեսվում է։
Իսկ մասնավոր ընկերությունները, ի պատիվ իրենց, արդեն անում են այն, ինչի մասին գրված է հայեցակարգերում։ Օրինակ՝ գնալով բարձրացնում են ինտերնետի թողունակությունը (արդեն փորձարկվում է 4G ցանցը), իջեցնում են գները։ Օպերատորներից մեկն էլ ընկերություններին սկսել է հնարավորություն տալ մատչելի պայմաններով նոութբուքեր ձեռք բերել՝ իրենց կապով ինտերնետին միանալու պայմանով։ Ամեն ինչ տանում է նրան, որ ինտերնետ հասանելիությունը եւ համակարգչային հագեցվածությունը իրոք շատ արագ հասնելու է բարձր մակարդակի։ Պարզ է, որ մասնավոր ընկերություններին դա ստիպում է մրցակցությունը, եւ ծառայությունների որակը բարելավվում է սեփական շահի համար։ Սակայն դա էական չէ։ Ինչպես Ադամ Սմիթն էր ասում, անձնական շահերի ամբողջությունը ի վերջո հանգեցնում է ընդհանուր շահին։ Իսկ մեր իշխանությունները, հետեւելով տնտեսագիտության ռահվիրայի թեզին, վերջում կարող են այդ ամենը ներկայացնել որպես իրենց փայլուն հայեցակարգերի արդյունք։ Նեղացողներ դժվար թե լինեն։