Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հերքում են «Wikileaks»-ում հրապարակված դիվանագիտական փաստաթղթերում երկրի նախագահ Իլհամ Ալիեւին վերագրվող մտքերը: Նշենք, որ «Wikileaks» կայքում երկու օր առաջ տեղադրվել էր Ադրբեջանի նախագահի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Բըրնսի բանակցությունների մանրակրկիտ հաշվետվությունը` պատրաստված Բաքվում ամերիկյան դեսպանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթում նշվում էր, որ Իլհամ Ալիեւը պաշտոնական Թեհրանին մեղադրել է Ադրբեջանում սադրիչ գործողություններ իրագործելու մեջ: Նույն զրույցի ընթացքում Ալիեւն ասել էր, թե Ռուսաստանի իշխանական վերնախավի մի զգալի մասը չի ենթարկվում նախագահ Մեդվեդեւին: Սակայն Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է Ալիեւին վերագրվող վերոնշյալ խոսքերը: «Մտքերն ու դատողությունները, որ վերագրվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իրականությանօ չեն համապատասխանում եւ բացարձակապես անհիմն են: Այս նյութերը բացահայտ սադրանք են, որոնց նպատակն է՝ խաթարել Ադրբեջանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, անվստահություն սերմանել պետությունների ղեկավարների միջեւ»,- ասված է հայտարարության մեջ: Չնայած ադրբեջանական կողմի հերքումներին, «Wikileaks»-ում շարունակում են Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող նոր փաստաթղթեր ի հայտ գալ: Օրինակ, Բաքվում ամերիկյան դեսպանության հաշվետվությունները, որոնք վերաբերում են 2008թ. Վրաց-ռուսական պատերազմին: Ամերիկացի դիվանագետները Վաշինգտոն ուղարկված հաշվետվություններում պնդում են, որ այդ օրերին ադրբեջանցի պաշտոնյաների զգալի մասը ակնհայտ վրացամետ դիրքորոշում ուներ: Մասնավորապես, նախագահ Ալիեւի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Նովրուզ Մամեդովը Բաքվում ամերիկյան դեսպանության գործերի հավատարմատար Դոնալդ Լուի հետ զրույցում ասել է. «Մենք պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերենք Ռուսաստանի ռազմական գործողությանը ընդդեմ Վրաստանի: ՌԴ-ի այս քայլերը բխում են Մոսկվայի ցանկությունից` վերականգնել կայսերական ազդեցությունը Հարավային Կովկասում»: Ամերիկացի դիվանագետներին Մամեդովը նաեւ ասել է. «ՌԴ-ն ցանկանում է արգելափակել կասպյան էներգակիրների արտահանումը արեւմտյան շուկաներ: Ադրբեջանի նավթային ենթակառույցները, այդ թվում` Սանղաչալի նավթային եւ գազի տերմինալները, կարող են շատ հեշտ հասանելի թիրախներ դառնալ ռուսական հարձակման համար»: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ պնդել է, թե Ռուսաստանը պատերազմական գործողություններին զուգահեռ՝ լայնածավալ տեղեկատվական հարձակման է անցել ռուսալեզու մամուլում: «ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է համատեղ ուժերով հակադարձեն ռուսական քարոզչությանը»,- հորդորել է նա: