Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 մլն դոլարի չափով: Ըստ ՀԲ-ի հաղորդագրության` այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը նախագծված է Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու եւ ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: «Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների եւ պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի եւ կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին եւ ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) եւ քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանը («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրությունում: «Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի եւ աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ»,- ասել է ՀԲ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Ըստ նրա` համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը եւ բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների եւ փոքր ձեռնարկությունների եկամուտները եւ կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը: