Հնարավոր է՝ Անկարան հրաժարվի նախապայմանից

02/12/2010

«Wikileaks»-ի հրապարակած վերջին գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում՝ Անկարան, հնարավոր է, ի վերջո, հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ղարաբաղյան հիմնախնդիրը որպես նախապայման առաջ քաշելուց։ Այս մասին է գրում թուրքական «Hurriyet» օրաթերթը` մեկնաբանելով հրապարակված փաստաթղթերի հնարավոր ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա:

«Կարծես աստիճանաբար հանդարտվում է «Wikileaks»-ի կողմից ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի հրապարակման արդյունքում բարձրացած առաջին փոթորիկը: Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ ակնարկում է, որ «Wikileaks»-ի փաստաթղթերը նվազագույնը «պաշտոնական մակարդակում» չեն ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Սակայն այն, որ այդ փաստաթղթերն ազդեցություն են ունենալու Թուրքիայի «զրո խնդիր քաղաքականության» վրա, միանշանակ է: Եվ Անկարայում արդեն սկսել են մտորել այդ ուղղությամբ»,- գրել է թերթը: Ի դեպ, թերթը ներկայացրել է նաեւ հնարավոր զարգացումներ, որոնք առաջ են գալու «Wikileaks»-ի հրապարակումների արդյունքում:

Հայաստանի հետ մերձեցումն ավելի հեշտ է լինելու

Ըստ «Hurriyet»-ի` կարեւոր են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ամերիկացի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները, որոնց ընթացքում Ալիեւը շատ կոշտ արտահայտություններ է օգտագործում Թուրքիայի եւ հատկապես թուրքական կառավարության վարած քաղաքականության առնչությամբ: Անկարան, անկասկած, այդ ամենն ուշի ուշով ուսումնասիրելու է, որից հետո շատ հնարավոր է, որ թուրքական իշխանությունները հրաժարվեն նախկինի պես վճռական լինել ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի հետ հարաբերություններում որպես նախապայման առաջ քաշելուց:

Իրանի հետ մերձեցումը սահմանափակվելու է

«Սինիրլիօղլուն (Թուրքիայի փոխարտգործնախարար) ամերիկացի պաշտոնյա Բըրնսի (ԱՄՆ փոխպետքարտուղար) հետ հանդիպման ժամանակ անդրադառնում է Իրանին: Հրապարակված փաստաթղթերում նշվում է նաեւ մի շարք թուրք պաշտոնյաների` Իրանի հասցեին հնչեցրած հետեւյալ արտահայտությունը. «Մենք Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք այդ երկրի՝ Մերձավոր Արեւելքում ունեցած ազդեցությունը ոչնչացնելու համար»: Իրանցի պաշտոնյաները դա ուշադիր կարդալու են, եւ այսուհետ նրանց համար շատ դժվար է լինելու Թուրքիային ընկալել որպես դիվանագիտության մեջ շատ գործածվող honest broker, այսինքն՝ անկողմնապահ միջնորդ»,- գրում է թերթը:

Սահմանափակվելու է Թուրքիայի ազդեցությունը

«Wikileaks»-ի փաստաթղթերում կան մեկնաբանություններ այն մասին, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի գերիշխանությունը: Նման կերպ են մեկնաբանվում մի շարք թուրք պաշտոնյաների, ինչպես նաեւ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները: Սակայն, ըստ թերթի` Թուրքիան տասնյակ տարիներ Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում փորձում էր վերացնել «մեծ եղբոր» պատկերը: Իսկ այժմ այդ տարածաշրջաններում, մեծ հավանականությամբ, վերակենդանանալու են այդ նախկին բարդույթները, որոնք սահմանափակելու են Թուրքիայի գործունեության բնագավառը ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Բալկաններում: