Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան մտադիր չէ քաղաքական ապաստան տրամադրել սկանդալային «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որի նկատմամբ երեկ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հիշեցնենք, որ երեքշաբթի Էկվադորի արտգործնախարարի տեղակալ Կինտո Լուկասը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է Ասանժին Էկվադորում բնակվելու իրավունք տալ՝ «առանց որեւէ խնդրի եւ որեւէ պայման չդնելով»: Սակայն ժամեր անց Կորրեան հրաժարվել է Լուկասի առաջարկից՝ հայտարարելով, որ Ասանժին չի հրավիրել: «Որեւէ պաշտոնական առաջարկ չի եղել»,- ասել է Կորրեան՝ ավելացնելով, որ Էկվադորը երբեք չի պաշտպանի այն մարդկանց, ովքեր խախտել են որեւէ երկրի օրենք: Միաժամանակ Կորրեան քննադատել է նաեւ Վաշինգտոնին, որը, նրա խոսքերով, ԱՄՆ-ի բարեկամ երկրների շրջանում վնասեց ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը` այդ ողջ լրտեսության եւ անտակտ նամակագրությունների պատճառով: