Սպիտակում ընտանի թռչունների ոչնչացման զանգվածային դեպքեր են արձանագրվում

02/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վանաձորի մարզի Մեծ Պարնի, ինչպես նաեւ՝ հարակից գյուղերում ընտանի թռչունների անհասկանալի հիվանդություն է տարածվել, որի պատճառով հավերն ու աքլորները մի քանի ժամվա ընթացքում սատկում են: Բնակիչների հավաստմամբ` ընտանիքներ կան, որոնք մեկ օրում 30-40 հատ սատկած հավ ու աքլոր են հայտնաբերել: Երեկ մենք ականատես եղանք նույն գյուղի բնակիչ Էլիզա Եղիկյանի հավաբնում տեղի ունեցածին. «Գյուղում հավ ու աքլոր չի մնացել արդեն: Նույնիսկ ասում են, որ էդ հիվանդությունը խոզերին էլ ա անցնում: Հավերը սկսում են կռկռալ, կապտում ու սատկում են»: Նույն գյուղի բնակիչ Նելլի Արզումանյանը միանգամից կորցրել է 30 հատ հավ եւ խնդրում է համապատասխան մասնագետներին՝ արձագանքել եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել: Մեծ Պարնիի բնակիչները վստահեցնում են, որ Սպիտակի բոլոր գյուղերում, արդեն 20 օր է, այս երեւույթը կա, սակայն մասնագետների կողմից հետազոտություններ չեն կատարվել. «Մեր անասնաբույժը եկել նայել ա, ասել ա` ոչ մի բանով չենք կարա դեմն առնենք»: Չնայած գյուղի անասնաբույժը ստուգման է ենթարկել սատկած թռչուններին, բայց հիվանդության անունը չի ասել. «Դե՛, եսիմ, ասում են` չոմալա ա»: Գյուղացիների հավաստմամբ` անասնաբույժը միայն խորհուրդ է տվել սատկած թռչուններին հորում այրել եւ ոչ մի դեպքում չուտել: Մենք զանգահարեցինք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Աշուղյանին, ով խորհուրդ տվեց դիմել «Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության» պետ Գրիշա Բաղյանին: Արդյո՞ք Գյուղնախարարությունը տեղյակ է, որ Մեծ Պարնիում ընտանի թռչունների զանգվածային ոչնչացման դեպքեր են արձանագրվում հարցը, չգիտես ինչու, Գ. Բաղյանի մոտ ծիծաղ առաջացրեց: «Ինչո՞ւ եք ծիծաղում, երեքշաբթի օրն եմ այդ գյուղում եղել»,- ասացի: «Նման բան գոյություն չունի»,- պատասխանեց Գ. Բաղյանը: «Պարոն Բաղյան, ասում եմ` գյուղում հիվանդություն է տարածվել, ամեն մի ընտանիք 30-40 հատ հավ միանգամից սատկած է հայտնաբերում, ասում են` գյուղում հավ չի մնացել էս 20-30 օրվա ընթացքում: Մի՞ թե Գյուղնախարարությունը տեղյակ չէ, գյուղի անասնաբույժը չի՞ զեկուցում»,- փոխանցեցինք նրան, սակայն պրն Բաղյանը կրկին պնդում էր, որ նման բան հնարավոր չէ: Այն բանից հետո, երբ նրան ասացինք, որ շրջել ենք տներով, եղել ենք մարդկանց հավաբներում, ունենք սատկած հավերի լուսանկարները եւ կարող ենք ապացուցել` նա խոստացավ վաղը մասնագետ ուղարկել եւ ուսումնասիրություններից հետո տեղեկատվություն տրամադրել, թե իրականում ինչն է ընտանի թռչունների ոչնչացման պատճառը:

Ավելի ուշ մեզ զանգահարեց նույն տեսչության «Կենդանիների հիվանդությունների հսկողության եւ վերլուծության» բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը: Նա փոխանցեց, որ տեղյակ են իրավիճակին եւ ստուգումների արդյունքում պարզել են, որ դա «Նյու քասըլ» կամ «արեւելյան ժանտախտ» կոչվող հիվանդությունն է, որը համաճարակի բնույթ չի կրում, եւ հանրապետությունում այդ հիվանդության միջոցով թռչունների ոչնչացման զանգվածային դեպքեր չեն գրանցվում: «Գյուղնախարարությունը պետպատվերի շրջանակներում պատվաստումներ էր կատարում, բայց ճգնաժամի պատճառով հիմա արդեն իրենք` գյուղացիները պիտի դա անեն: Մեկ վակցինան արժե 3-5 դրամ»: Ինչ վերաբերում է Մեծ Պարնիին, ապա նա վստահեցրեց, որ սատկած թռչունները մեծ քանակություն չեն կազմում, ավելին` այդ հիվանդությունը խոզերին, ինչպես նաեւ՝ մարդկանց համար վտանգ չի ներկայացնում: Իսկ գյուղացիների մատնանշած 30-40 սատկած հավերի վերաբերյալ Հովհ. Մկրտչյանը նշեց, որ դա ուռճացրած թիվ է, քանի որ շատերը փոխհատուցում ստանալու ակնկալիքով են նման պատկեր ներկայացնում: Նա գյուղացիներին հորդորեց պարզապես պատվաստումների միջոցով կանխել այդ հիվանդության տարածումը: