Ալիեւը երրորդ անգամ էլ կնախագահի՞

02/12/2010

«Economist» պարբերականի վերլուծական բաժինը պատրաստել է Ադրբեջանի 2011-2015 թվականների քաղաքական-տնտեսական հեռանկարի զեկույցը, համաձայն որի` գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի եւ կհաղթի 2013թ. հոկտեմբերին կայանալիք ընտրություններում:

Մինչդեռ, ըստ «Economist»-ի` տնտեսական զարգացման դանդաղման պատճառով Ալիեւի պաշտոնավարման ընթացիկ երկրորդ ժամկետը հետզհետե ավելի է բարդանալու: Ադրբեջանի էներգետիկ պաշարների շուրջ Եվրամիության եւ Ռուսաստանի մրցակցությունն էլ գնալով սրվելու է, եւ Ադրբեջանը փորձելու է դա շահարկելով քաղաքական նվաճումներ ապահովել: Պարբերականի դիտարկմամբ` «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախաձեռնությամբ 2009թ. տեղի է ունեցել Սահմանադրության լրամշակման հանրաքվե, որը գործող նախագահին ընձեռել է անընդհատ առաջադրվելու իրավունք: Ըստ թերթի` հանրաքվեի նպատակն էր՝ բացառել քաղաքական ասպարեզում գործող նախագահի մրցակցի ի հայտ գալը: Այս տարվա նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքում «Ենի Ազերբայջանը» բացարձակ մեծամասնություն է ապահովել 125-տեղանոց Միլի մեջլիսում: Միջազգային դիտորդական կառույցները նշել են, որ իշխող կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառել, իսկ մամուլը անաչառ չի լուսաբանել ընտրությունները: Ընդդիմադիրները նույնիսկ մեկ տեղ չեն գրավել: Այդպիսով, թույլ եւ մասնատված ընդդիմությունը վերստին լուսանցքում է: Ընդդիմադիրները չունեն հանրահավաքներ կազմակերպելու ազատություն եւ մամուլի միջոցով հանրությանը իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորություն: «Խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2015թ. նոյեմբերին, եւ ընդդիմությունը մինչ այդ դժվար թե ավելի ամուր դիրքեր գրավի»,- նշել է «Economist»-ը: Ըստ թերթի` Ադրբեջանի համար ավելի բարդ է լինելու իրագործել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: «Առայժմ Ադրբեջանը ձգտում է զգուշավոր քայլերով էներգետիկայի եւ անվտանգության հարցերում կապեր հաստատել Արեւմուտքի հետ եւ միաժամանակ պահպանել ռազմական եւ էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ, սակայն եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Ռուսաստանը աստիճանաբար ուժեղացնում են ճնշումը` առաջինը պահանջում է ստորագրել էներգետիկ նոր նախագծեր, երկրորդն էլ պնդում է, որ դրանք մերժվեն»,- նկատում են թերթի վերլուծաբանները:

Ի դեպ, «Economist»-ն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Վերլուծաբանների համոզմամբ, Ադրբեջանը առավել հակված է էներգետիկայի հարցում զիջումներ անել Ռուսաստանին` ակնկալելով այդ երկրի աջակցությունը հայ-ադրբեջանական վեճում: Սա, իր հերթին, նրանց դիտարկմամբ` հակասելու է կասպյան էներգակիրները Եվրոպա հասցնելու հարցում տարանցիկ երկիր դառնալու Թուրքիայի նպատակին: «Ադրբեջանը հուսալու է, որ դրա արդյունքում Թուրքիան, այնուամենայնիվ, չի փոխի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում»,- գրել է պարբերականը: