Վիրտուալ իրազեկում

02/12/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առիթով աշխարհում ահագին տարօրինակ բաներ են կատարվում: «Մեղքի մայրաքաղաքի» համբավ ունեցող Հոլիվուդում աստղերը որոշել են բարեգործություն անել: Նրանք մտադիր են 1 մլն դոլար գումար հավաքել հիվանդ մանկահասակ երեխաներին օգնելու համար: Ազնիվ մղում է: Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության` աշխարհում այդ հիվանդությամբ վարակված մինչեւ 5 տարեկան 5 մլն երեխա կա: Հոլիվուդյան աստղերն այդ երեխաների համար գումար չեն տալիս: Նրանք լուսանկարվել են մահվան մահճում կամ դագաղի մեջ պառկած: Լուսանկարվել ու դրանք տեղադրել են սոցիալական ցանցերի իրենց կայքերում: Նրանց երկրպագուները զրկվել են անընդմեջ թարմացվող ու անվճար աստղային կայքեր մտնելու հնարավորությունից: Աստղերին «հարություն» տալու եւ անվճար կայքերից նորից օգտվելու համար նրանց երկրպագուները հիմա ստիպված են 10-ական դոլար փոխանցել մանկական ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ «պայքարող» աստղային հաշվեհամարին: Ահա այսպիսի տարօրինակ բարեգործություն: Տարօրինակ ու վիրտուալ: Այլեւս պետք չէ աշխատել: Այսինքն` բարեգործական համերգ կամ շոու կազմակերպել: Վիրտուալ բարեգործության իմաստով մենք, հնարավոր է, հոլիվուդյան աստղերին զիջում ենք: Բայց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու այլ ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարում նորագույն տեխնոլոգիաները մենք վաղուց ենք օգտագործում: Ես, օրինակ, դեռեւս 2006թ. դեկտեմբերի 1-ին այս բովանդակությամբ SMS-հաղորդագրություն ստացա. «Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը, կատարեք խոստումը»: Կարդացի ու ոչինչ չհասկացա: Չհասկացա` ինչպե՞ս կարող եմ կանգնեցնել ՁԻԱՀ-ը, կամ ե՞րբ ու ո՞ւմ եմ խոստացել դա անել: Չհասկացա, բայց մինչ օրս այդ հաղորդագրությունը պահպանում եմ բջջային հեռախոսիս մեջ: Պահում եմ՝ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ: Որովհետեւ ուղարկողը միջազգային ու հարգարժան կազմակերպություն էր` հաղորդագրությունը ստորագրված էր` ՄԱԿ: Նույն թվականի հաջորդ օրն այդ պատվարժան կազմակերպությունը երկրորդ ահասարսուռ հաղորդագրությունն ուղարկեց: Այն եւս մինչ օրս պահում եմ. «Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման միջազգային օրն է: Մեր օրերում ստրկությունն ունի մեկ այլ անվանում` «թրաֆիկինգ» կամ մարդկանց առեւտուր»: Այդ օրվանից ես նոր հոբբի ունեմ: Բարեխղճորեն կարդում եմ իմ հեռախոսահամարին եկած բոլոր հաղորդագրությունները: Կարդում ու պահում եմ նրանք, որոնք չեմ հասկանում: 2008թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ն անց 47 րոպե 53 վայրկյանին նույնաբովանդակ մի հաղորդագրություն ստացա: Ուղարկողը նորից հարգարժան, բայց արդեն ոչ միջազգային կազմակերպություն էր` ստորագրված էր «AIDS-կենտրոն»: Վախեցած ընթերցեցի հաղորդագրությունը` մտածելով, որ նորից հիշեցնում են, որ ժամանակն է կատարելու ՁԻԱՀ-ը կանգնեցնելու խոստումը: Հաղորդագրությունը սկսվում էր խաղաղ տոնով: Ինձ կրկին հիշեցնում էին, որ դեկտեմբերի 1-ը AIDS-ՍՊԻԴ-ի դեմ պայքարի համաշխարհային օր է: Բայց երկրորդ նախադասությունից տոնը փոխվեց: Այն արդեն ոչ այն է՝ զգուշացում էր, ոչ այն է` բարոյախոսություն. «Չվարակվելու համար պետք է ունենալ անվտանգ սեռական վարքագիծ եւ չօգտագործել թմրամիջոցներ»: Ունեցա ու չօգտագործեցի: Բայց դրանից հետո սկսվեց: Գործընթացին միացավ ՀՀ Առողջապահության նախարարությունը: 2009թ. մարտի

24-ին, ժամը 19-ն անց 2 րոպե 38 վայրկյանին իմ ստացած SMS-ը զգլխիչ էր: «Տուբերկուլյոզը լիարժեք բուժվող հիվանդություն է: Բուժումը Հայաստանում անվճար է»,- փոքրատառ գրված հատվածում տեղեկացնում էր SMS-ը ու մեծատառերով շարունակում. «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԸ»: Ես, անկեղծ ասած, այդ գործն ի վիճակի չեմ կատարելու: Բժշկական կրթություն չունեմ: Հետեւաբար չհասկացա, թե Առողջապահության նախարարությունն ինչո՞ւ է այդ գործը գցում պատահական մարդկանց վրա: Չհասկացա ու պահեցի հաղորդագրությունը: Բայց շարունակությունն արդեմ մղձավանջ էր: ՀՀ նույն Առողջապահության նախարարությունն ինչ առաջարկություն ասես` չէր անում: Պատկերացրեք 50-ամյա տղամարդու վիճակը, ում նախարարությունն առաջարկում է հղիության դեպքում պետպատվերով բուժզննության դիմել: Բայց սա դեռ վերջը չէ: 2010թ. հոկտեմբերի 21-ին (ժամը 14-ն անց 6 րոպե 43 վայրկյան) Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնը կոչ էր անում տարեկան մեկ անգամ հետազոտվել` «Ինչը թույլ կտա կանխել կրծքագեղձի ու արգանդի քաղցկեղը»: Ասեք, որ սա վերջն է: Եթե, իհարկե, չանջատեք ձեր բջջային հեռախոսների հաղորդագրություն ընդունող ծառայությունը: