Հարցազրույց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ (Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ
– Ե՞րբ է արձանագրվել թրաֆիկինգի առաջին դեպքը Հայաստանում:
– Հայաստանում թրաֆիկինգ հասկացությունը սկսեց կիրառվել 2000թ., երբ ընդունվեց ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան` լրացնող երկու արձանագրություններով, որոնցից մասնավորապես Պալերմոյի արձանագրությունը վերաբերում է մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների թրաֆիկինգի կանխարգելմանը, արգելմանը եւ պատժին: Ի դեպ, հենց այդ արձանագրությունում առաջին անգամ գործածվեց թրաֆիկինգ բառը` որպես երեւույթը բնութագրող տերմին: Հայաստանը եւս միացել էր վերոնշյալ կոնվենցիային, սակայն այն վավերացվեց ավելի ուշ՝ 2003թ., որից անմիջապես հետո ՀՀ Քրեական օրենսգիրքը համալրվեց նոր հոդվածով` 132-րդ հոդվածով, որը վերնագրվեց իբրեւ մարդկանց առեւտուր: Նախ` այս արտահայտությունը սխալ էր, քանի որ որոշակիորեն վիրավորում էր մարդու արժանապատվությունը (թրաֆիկինգ իրականացնող անձինք մարդուն դիտում են որպես առարկա): Հաջորդ նկատառումը վերաբերում է բուն հոդվածին, որը մի շարք թերություններ ուներ: Դրանք ստեղծում էին խոչընդոտներ հետաքննության եւ նախաքննության ընթացքում: Դա է հիմնական պատճառը, որ 2006թ. այն վերախմբագրվեց եւ կատարելագործվեց, սակայն այս փոփոխությունը նույնպես չտվեց վերջնական լուծում: Մինչ օրս գործող Քրեական օրենսգրքում առկա են հոդվածներ, որոնք փաստացի ամբողջությամբ կամ մասնակիորեն կրկնում են թրաֆիկինգի հանցակազմը: Այս հակասությունները վերացնելու նպատակով ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ մշակվել եւ Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել օրենսգրքի շուրջ 10 հոդվածներում, ինչպես նաեւ՝ այն համալրել 3 նոր հոդվածներով: Որպես նոր մոտեցում, նախագծով առաջարկվում է քրեորեն հետապնդելի արարք դիտել շահագործման վիճակում գտնվող զոհերի ծառայություններից օգտվելը, ինչն ուղղված է պահանջարկի նվազեցմանը: Օրինագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ պատրաստվում է ներկայացվել երկրորդ ընթերցման:
– Վերջին 2 տարվա ընթացքում թրաֆիկինգի ենթարկվածները քանակական ի՞նչ թիվ են կազմում եւ քանի՞ քրեական գործ է հարուցվել:
– 2009թ. ՔՕ-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության կողմից վարույթ է իրականացվել քրեական 15 գործերով: Այդ գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել շուրջ 60 զոհեր: Զոհերից 14-ը սեռական շահագործման էին ենթարկվել Թուրքիայում, 13-ը` ԱՄԷ-ում, 1-ը` ՀՀ-ում, 11 ՌԴ քաղաքացիներ տեղափոխվել եւ սեռական շահագործման այլ ձեւերի` մերկապարերի մեջ էին ներգրավվել ՀՀ-ում, 5 անչափահասներ ՀՀ-ում ներգրավվել էին մուրացկանության մեջ եւ 16 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել էին ՌԴ եւ ենթարկվել հարկադիր աշխատանքի Իսկ 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Ոստիկանության կողմից վերոնշյալ հոդվածների հատկանիշներով իրականացվել է վարույթ 6 քրեական գործերով, որոնք վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը: Դրանցից 3-ը վերաբերել են ներքին թրաֆիկինգի դեպքերին, մնացած երեքից մեկի շահագործումն իրականացվել է եւ՛ Թուրքիայում, եւ՛ Հայաստանում, մյուսի նպատակակետ երկիր հանդիսացել է Թուրքիան, երրորդը` ԱՄԷ-ն: Նշված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից մեկն անչափահաս էր, մեղադրյալները 6-ն են: Ծավալային առումով կարող եմ ասել, որ ակնհայտ նվազում է գրանցվել, մինչդեռ դեպքերի քանակական իմաստով նկատվում է որոշակի աճ: Եթե նախկինում մի խմբավորման կողմից տասնյակ կանայք փոխադրվում էին Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Թուրքիա, ապա այժմ նման երեւույթները նվազել են, քանի որ թրաֆիկինգի կազմակերպիչների կամ, ինչպես միջազգային տերմինով ասում են` բոսերի զգալի մասը գտնվում է ազատազրկման վայրերում, իսկ մի մասը` հետախուզման մեջ: Այսինքն` փաստացի նրանց գործունեությունը լիովին կամ մասամբ կասեցվել է:
– Այսինքն` հիմա խմբակային թրաֆիկինգ չի՞ կազմակերպվում Հայաստանում:
– Նախկինում թրաֆիկինգն ավելի ծավալուն բնույթ էր կրում, երբ զոհերի եւ կազմակերպիչների ընդգրկվածությունը մեծ էր: Գործում էին խմբեր, որոնք հիմնականում զբաղվում էին կանանց պոռնկության շահագործմամբ, թեեւ եղել են նաեւ դեպքեր, երբ Հայաստանը թրաֆիկինգի նպատակակետ երկիր է հանդիսացել, երբ ՌԴ-ից շուրջ 22 ռուս կանայք փոխադրվել էին Հայաստան` որպես մերկապարուհիներ շահագործվելով գիշերային ակումբներում: Վերջիններս զրկված էին ազատ տեղաշարժի իրավունքից, ապրում էին փակի տակ եւ չէին տնօրինում իրենց կամքը: Այդ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, եւ այժմ այն գտնվում է դատաքննության ընթացքում:
– Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է, այսպես ասած` «սպասարկող» երկիր լինել Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի եւ ՌԴ-ի համար: Ինչպե՞ս հասկանալ այս երեւույթը:
– Հայաստանը որեւէ երկրի չի սպասարկում: Անցումային ժամանակաշրջանում գտնվող մի շարք երկրների պես Հայաստանը նույնպես համարվում է թրաֆիկինգի սկզբնաղբյուր երկիր: Որպես կանոն` թրաֆիկինգի իմաստով երկրները բաժանվում են 3 խմբի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ եւ վերջնակետ երկիր: Եվ կարծում եմ` անհարկի է օգտագործել «սպասարկող» երկիր արտահայտությունը: ՌԴ-ն, որը կարծես ավելի բարվոք վիճակում գտնվող երկիր է, փաստացի սկզբնաղբյուր երկիր էր հանդիսացել Հայաստանի համար: Իրավապահ տեսանկյունից չափազանց բարդ է սկզբնաղբյուր երկրում իրականացնել պայքար թրաֆիկինգի դեմ, քանի որ զոհերը հաճախ սկզբնական փուլում չեն գիտակցում իրենց հետագա ճակատագիրը: Հավաքագրման փուլում տրվող խոստումները գայթակղիչ են, ինչը ստիպում է զոհերին հավատալ եւ ընդունել առաջարկը եւ խուսափել իրավապահ մարմինների հետ համագործակցելուց: Կազմակերպիչները կիրառում են ցանկացած միջոց` զոհին գրավելու համար: Շատ հաճախ երկընտրանքի առջեւ են կանգնեցնում զոհին` ասելով, որ, օրինակ, մեծ գումարներ են ծախսել նրա մուտքի արտոնագիրը ձեռք բերելու համար, եւ պետք է դրա դիմաց վճարել, հակառակ դեպքում` զոհը ստիպված է կատարել իրենց ցուցումները: Նրանց, ովքեր ենթարկվել են թրաֆիկինգի, մենք դիտում ենք իբրեւ զոհեր` անկախ այն հանգամանքից, ենթարկվել են սեռակա՞ն, թե՞ ոչ սեռական շահագործման, կատարե՞լ են հակահասարակական աշխատանք, թե՞ ոչ:
– Այսօր մեր հասարակության մեջ որոշակի զգուշավոր մոտեցում կա դեպի աշխատանքային գործակալությունները, քանի որ այդ անվան տակ երբեմն երիտասարդ կանանց փոխադրում են արտերկիր` սեռական շահագործման նպատակով: Քանի՞ նման դեպք է գրանցվել մինչ օրս:
– Նման որեւէ դեպք մինչ օրս չի գրանցվել: Հավաքագրումը հիմնականում կատարվում է կազմակերպիչների ծանոթների, անձնական կապերի միջոցով, երբեմն նույնիսկ անձնական հետամտությամբ: Ավելին` թրծված հանցավորները մարդկանց հսկայական քանակից տարբերակում են խոցելի հատվածը, որին հետագայում առաջարկում են զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ շատ անգամ չեն տեղեկացնում, թե ինչո՞վ է զբաղվելու տվյալ անձն արտերկրում: ԿՀԴՊ Գլխավոր վարչության կողմից բացահայտված թրաֆիկինգի վերջին դեպքով հավաքագրողը խոսելով զոհի հետ՝ ներկայացնում էր, թե ինքը իբր մեծ կապեր ունի Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ինչ-որ «հարկադիր դատարանի» աշխատակիցների շրջանում, սակայն մեր կողմից ձերբակալվեց հենց հավաքագրման պահին եւ հետագայում կալանավորվեց:
– Իսկ Հայաստանում թրաֆիկինգի կազմակերպիչները միայն կանա՞յք են:
– Հիմնականում կանայք են, առավելապես նրանք, ովքեր եղել են արտերկրում, կամ հենց իրենք են եղել զոհերը, տիրապետում են շահագործելու մեթոդներին եւ այլն: Ասել է թե` կազմակերպում են նրանք, ովքեր այդ ճանապարհն անցել են:
– Իսկ թրաֆիկինգն ի՞նչ տարածում ունի Հայաստանի մարզերում:
– Թրաֆիկինգի դեպքում խոցելի են այն մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի քիչ են իրազեկված: Միջազգային միտումների համաձայն` բոլորը հավասար են թրաֆիկինգի առջեւ: Իհարկե, երբեմն իրազեկված անձինք նույնպես հայտնվում են թրաֆիկինգի թակարդում: Նրանց ինքնավստահությունը պատրանք է ստեղծում` իբր իրենք չեն կարող նման երեւույթների զոհ դառնալ, այնինչ այդ զոհերի շարքում հայտնվում են նաեւ նման մարդիկ: Սակայն խոցելիության կարեւորագույն նախապայմաններից մեկը տեղեկատվության պակասն է, քաղաքացիաիրավական նորմերին իրազեկված չլինելը: Բնականաբար, հեռավոր գյուղերում ապրող մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի քիչ են հետեւում լրատվությանը, առավել խոցելի են:
– Վերջին տարիներին թրաֆիկինգի զոհեր դառնում են նաեւ երեխաները: Որքա՞ն է անչափահաս-զոհերի թիվը, եւ ինչպիսի՞ շահագործման են ենթարկվում:
– Թրաֆիկինգի ենթարկված անչափահասների բավական քիչ դեպքեր են գրանցվել: Այս տարի ավարտվեց անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու գործով մի դատավարություն, եւ հանցավորը դատապարտվեց 9 տարի ազատազրկման: Դատարանները նույնպես համահունչ խիստ մոտեցում են ցուցաբերում թրաֆիկինգի դեպքերին: 2009թ. ընթացքում թրաֆիկինգի համար 11 անձինք դատապարտվել են ազատազրկման: Ընդ որում` ազատազրկման չափը միջինը կազմել է 8 տարի 6 ամիս:
– Բայց, այնուհանդերձ, թրաֆիկինգ երեւույթը, կարծես, հասարակական ընկալում դեռ չի գտել: Ի՞նչ է թրաֆիկինգը:
– Թրաֆիկինգի սահմանումը հստակ տրված է թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներում: Թրաֆիկինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալն է հարկադրանքի կիրառմամբ: Այն կարող է լինել բռնությամբ, խաբեությամբ կամ հարկադրանքի այլ ձեւերով: Տվյալ դեպքում պարտադիր չէ սահմանների միջեւ փոխադրումը, այսինքն` թրաֆիկինգը կարող է իրականացվել երկրի ներսում, երբ սահմանահատում չի իրականացվել: Մենք նման դեպքեր նույնպես ունենք: Ներքին թրաֆիկինգի դեմ պայքարի բաղկացուցիչ մաս է հանդիսանում արատավոր երեւույթների դեմ պայքարը: ՀՀ-ում մարմնավաճառների քանակական աճին զուգահեռ՝ շատանում են նրանց համար նախատեսված, այսպես ասած` «մահճակալներով սննդի օբյեկտները»: Այժմ սկսել են անգամ սրճարաններում մահճակալներ կամ փափուկ կահույք տեղադրել: Այդ ամենը կանոնակարգի բացակայության հետեւանք է: Չկա հստակ տարանջատում, թե ո՞րն է հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ ունի դրա ղեկավարը, եւ այլն: Նույնը վերաբերում է գիշերային ակումբներին: Նման` թրաֆիկինգի համար ռիսկային համարվող երեւույթները նախեւառաջ պետք է նվազեցնել այդ ոլորտների կանոնակարգման աշխատանքներով, եւ ոչ թե միայն իրավապահ մարմինների միջամտությամբ:
– Ի վերջո, ինչպե՞ս զգուշանալ «զոհի» կարգավիճակ ձեռք բերելուց:
– Զգուշանալ հենց զգուշությամբ, չհավատալ կազմակերպիչների առաջարկներին, չգայթակղվել հավաքագրողների կեղծ պատմություններով եւ խոստումներով, չխուսափել իրավապահ մարմիններին դիմելուց: Այն զոհը, ով գաղտնի է պահում իր հետ կատարվածը, չի համագործակցում իրավապահ մարմինների հետ` այդպիսով ներում շնորհելով եւ անպատիժ թողնելով թրաֆիկինգի կազմակերպիչներին, վտանգում է իր իսկ հարազատներին` մեծացնելով նույն ճանկերում հայտնվելու հավանականությունը: Թրաֆիկինգի զոհը մեղավոր չէ իր կողմից կատարված որեւէ հակահասարակական արարքի համար: Այդ արարքը կատարվում է հարկադրաբար, իր կամքին հակառակ, եւ պետք չէ ամոթի զգացմամբ մեկուսանալ հասարակությունից եւ քողարկել իր նկատմամբ կատարված, առանձնապես ծանր համարվող հանցագործությունը` թրաֆիկինգը: Մեր պայքարը զոհակենտրոն եւ զոհապաշտպան պայքար է, եւ ցանկացած միջոցառման նպատակը գլխավորապես զոհին աջակցելն է: