Համաշխարհային մասշտաբի գաղտնի նյութեր հրապարակած «Wikileaks»-ի շտաբ-գրասենյակը զարմացրել է բոլորին` իր անսովոր տեղով եւ պայմաններով: Թուրքական «Internethaber»-ը երեկ իր կայքում տեղադրել է Շվեդիայի մայրաքաղաքի հարեւանությամբ 30 մետր խորության տակ գտնվող «Wikileaks»-ի գրասենյակի լուսանկարները, որը կառուցվել է սառը պատերազմի տարիներին եւ 2008-ին ձեւափոխվել «Pionen» ընկերության կողմից: 50 սմ հաստությամբ երկաթե դռնից այն կողմ բացվում են հատուկ սարքավորումներով կահավորված սրահները՝ հոսանք արտադրող գեներատորով, ջեռուցման, ազդանշանային եւ արտաքին աշխարհը տեսնելու համակարգերով: «Wikileaks»-ի շտաբ-գրասենյակը պահպանվում է ամեն տեսակ զինված հարձակումներից: Շվեդիայի տարածքում 2300 կմ երկարությամբ օպտիկա-մանրաթելային ինտերնետ կապ տրամադրող եւ «Wikileaks»-ի սերվերի ապահովող «Bahhanof» ընկերության տնօրեն Ջոն Քարլունգը նշել է, թե իրենք հպարտություն են զգում, որ ծառայություն են մատուցում «Wikileaks»-ին: