Իրավաբանի անկյուն

02/12/2010

Հարց

1996-2005 թվականը ներառյալ աշխատել եմ մի ընկերությունում որպես հաշվապահ: Վերջին երեք տարիների ընթացքում բարեխիղճ աշխատելով նշված ընկերությունում` չեմ ստացել աշխատավարձ, եւ չի կատարվել վերջնահաշվարկ, որը կազմում է 800.000 ՀՀ դրամ: Ելնելով այն հանգամանքից, որ գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը եւ կատարել վերջնահաշվարկ, ես ստիպված էի իմ նախաձեռնությամբ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը եւ դուրս գալ աշխատանքից: Ինձ հետաքրքրում է, ինչպես ես կարող եմ ստանալ իմ աշխատավարձը եւ վերջնահաշվարկը:

ք. Երեւան, Գ. Ղարիբյան

Պատասխան

Հարգելի՛ ընթերցող,

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ: Ելնելով ձեր կողմից ներկայացված խնդրից, ենթադրվում է, որ ձեր եւ գործատուի միջեւ չկա կնքված որեւէ համաձայնություն վերջնահաշվարկի կարգի մասին: Այնուհետեւ, գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան: Հավելեմ նաեւ, որ, եթե աշխատողը ցանկություն է հայտնում, որ իրեն տրամադրեն տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ, ապա գործատուն պարտավոր է դրանք տրամադրել: Հետեւապես, եթե գործատուն հրաժարվում է վճարել ձեր աշխատավարձը եւ կատարել վերջնահաշվարկ, ապա դուք իրավունք ունեք դիմել դատարան՝ աշխատավարձը բռնագանձելու եւ վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու հայցապահանջով: Միաժամանակ նշեմ, որ աշխատավարձի հատուցման պահանջներով հայցային վաղեմություն չի տարածվում:

Հարգելի ընթերցող, «168 Ժամում» մեկնարկած «Իրավաբանի անկյուն» խորագրի նյութերը պատրաստում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան

(ՀԵԻԱ): Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԵԻԱ-ի Երեւանի հակակոռուպցիոն կենտրոն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից), կամ զանգահարել անվճար թեժ գիծ` 0-8000-11-10 հեռախոսահամարով: Խորագիրն այսուհետ լույս կտեսնի յուրաքանչյուր հինգշաբթի: ՀԵԻԱ-ն նաեւ անվճար իրավաբանական ծառայություն կմատուցի «168 Ժամին» դիմած քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնց խնդիրներին թերթն անդրադարձել է: ՀԵԻԱ-ն գործարկում է թվով 9 Շահերի պաշտպանության եւ աջակցության (հակակոռուպցիոն) կենտրոններ եւ ընդունարաններ Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աշտարակ, Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում: