Այն, ինչ Իտալիայում է ծնվում, շատ արագ դասական է դառնում եւ տարբեր մշակույթներում հետնորդներ է ունենում: Հայաստանում անցկացվող հայ-իտալական բարեկամության օրերը վաղուց են մեկնարկել: Իտալական ծրագրերը չափազանց ծավալուն եւ խորն են, անցկացվում են երկու հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո եւ ներկայացնում են արվեստի տարբեր ճյուղերի հարստությունը: Ներկայացված երաժշտությունը, կերպարվեստը, կինոն, գրականությունը, նաեւ գիտաժողովները լավ առիթ են՝ հին ու նոր Իտալիայի հետ ծանոթանալու համար: Առաջին միջոցառումներից էր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Մխիթարյան միաբանության Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանի նմուշների ցուցադրումը: Դրան հաջորդեցին Վիտորիո եւ Պաոլո Տավիանիների ֆիլմերի հետահայաց ցուցադրումը, օպերային ներկայացումները եւ բազում այլ միջոցառումներ: Եթե մենք չենք գնում օպերա, օպերան է գալիս մեզ մոտ:
Ջոակինո Ռոսսինիի մեծ ժառանգությունից մեզ հայտնի է, թերեւս, միայն «Սեւիլյան սափրիչը» օպերան: Իտալական մշակույթի այս միամսյակի շնորհիվ կարելի է լսել նաեւ այլ օպերաներ եւ ծանոթանալ Պեզարոյի փառատոնին: Իտալական փոքր ծովափնյա Պեզարո քաղաքում անցկացվող օպերային փառատոնը մեծ դեր ունի Եվրոպայի մշակութային կյանքում: Այստեղ է ծնվել Ջոակինո Ռոսսինին, եւ այստեղ ամեն ինչ նրա մասին է հիշեցնում, գրեթե յուրաքանչյուր վայր կրում է նրա անունը: Նաեւ օպերային փառատոնը: Օպերան, լինելով շատ թանկ եւ կոնսերվատիվ արվեստի ճյուղ, հազվադեպ է ողջունում նորամուծությունները: Օպերան մեզ մոտեցնելու եւ հետկուլիսային գաղտնիքները բացելու նպատակով «Երեւան» հյուրանոցում երեկ Իտալիան անսովոր եւ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել: Ցուցադրվում էին լուսանկարչական աշխատանքներ եւ օպերային բեմական զգեստներ, որոնք ստեղծվել են Պեզարոյում 25 տարվա ընթացքում, ճիշտ այն ժամանակահատվածում, որքան եւ գոյություն ունի Ռոսսինիի փառատոնը: Զգեստների ցուցահանդեսին ներկա էր Պեզարոյի քաղաքապետ եւ փառատոնի հիմնադրամի նախագահ Լուկա Չերիշոլին։ Նա ասաց, որ նման անսովոր ցուցադրումը կարող է գրավել մարդկանց ուշադրությունը եւ օպերա լսելու ցանկություն առաջացնել՝ այնպես, ինչպես լավ ճաշատեսակ համտեսելով՝ ցանկություն է առաջանում ծանոթանալ ողջ ճաշացանկին: «Երեւան» հյուրանոցի սրահը կարծես հատուկ մեր զգեստների համար է կառուցվել»,- կատակեց Պեզարոյի քաղաքապետը: Կատակներն ու օպերան ներկայացնելու նման արտառոց ձեւերը կոտրում են «էլիտար» համարվող այս ժանրի ստերեոտիպը եւ շատերի մոտ օպերա լսելու ցանկություն առաջացնում:
Այսօր Երեւանի կոնսերվատորիայում տեղի կունենա Ռոսսինիի անհայտ կորսված համարվող «Ողբերգություն դեպի Ռեյմս» օպերայի մասին գիտաժողովը՝ Ռոսսինիի ժառանգության գիտակ, Պեզարոյի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Զեդդայի մասնակցությամբ: Իսկ վաղը Պեզարոյի «Ռոսսինիի ակադեմիայի» արտիստները կներկայացնեն հատվածներ «Ողբերգություն դեպի Ռեյմս»-ից. օպերային ամբողջական ցուցադրումը դեռեւս անհնար է: Իտալացիների կարծիքով՝ Ռոսսինին շատ նման է Հայաստանին՝ միաժամանակ շատ հին է եւ ժամանակակից: