«168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում տպագրված «Տունը վաճառել, «քցել» են ծերանոց» հոդվածով ներկայացրել էինք 78-ամյա Ռաֆիկ Ռուստամյանի հետ կատարված ցավոտ պատմությունը:
Հիշեցնենք, որ 2001թ. նա ամուսնացել է Աշխեն Մարգարյանի հետ, այնուհետեւ, ըստ իր պատմածի` կինը խարդախության ճանապարհով, կեղծ փաստաթղթեր շրջանառելով, առանց իր գիտության վաճառել է իր բնակարանը: Ամիսներ առաջ Աշխենն ամուսնուն խաբել է, թե` «գնում ենք հիվանդանոց, որ քեզ բուժեն», սակայն ծերունուն տեղափոխել է 4-րդ գյուղի ծերանոց: Ռաֆիկ Ռուստամյանի եւ նրա եղբոր` Թելման Ռուստամյանի հավաստմամբ` Աշխենը խարդախության եւ պետական գույքի հափշտակության համար դատապարտված է եղել, որի պատճառով շուրջ 7-8 տարի անցկացրել է ազատազրկման վայրում: Ազատություն ստանալուց հետո երեխաները հրաժարվել են նրան ընդունել: Ռաֆիկի հետ ամուսնությունը նախապես ծրագրված թակարդ է եղել, որի միջոցով նա կարողացել է յուրացնել ամուսնու սեփականությունը հանդիսացող Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի 34 տունը: Ռուսաստանից վերադառնալուց հետո ծերունին անակնկալի է եկել. հայտնաբերել է, որ իր տան սեփականատերն արդեն բոլորովին այլ անձ է, այսինքն` մայր ու աղջիկ իր բնակարանը գաղտնի վաճառել են: Այս գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել Աշխենի դուստրը` Աննա Հարությունյանը: 2007թ. հունիսին Ռ. Ռուստամյանը ՀՀ Ոստիկանության Մասիսի քննչական բաժին դիմում է ներկայացրել, որ 2007թ. ապրիլին մեկնել է Ռուսաստան եւ 15 օր բացակայել է բնակավայրից, որի ընթացքում կինը` Ա. Մարգարյանը, վաճառել է իր տունը` իրեն թողնելով անօթեւան: Ռաֆիկն ու նրա եղբայրը մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ Մասիսի ոստիկանության ավագ քննիչ Կ. Թադեւոսյանի վարույթում գտնվող քրեական գործ հարուցելու մերժման որոշումն իրենց չեն տրամադրել: «Մենք դիմել էինք Ոստիկանություն, սակայն չէին տրամադրում: Հետագայում Աննա Հարությունյանը մեզ խաբել էր, թե էդ քննիչին աշխատանքից ազատել են, իսկ պետի հետ դեպք է պատահել: Կարծում էինք՝ այլեւս այդ նյութերի հետքերով գնալու հնարավորություն չունենք»,- մեզ հետ զրույցում նշել էր Թ. Ռուստամյանը, ում մենք խորհուրդ տվեցինք կրկին դիմել Ոստիկանություն եւ պահանջել քրեական գործի մերժման որոշումը: Օրեր առաջ Մասիսի ոստիկանությունից նրանց տրամադրել են այդ փաստաթուղթը, իսկ Ոստիկանություն այցելության ժամանակ Թ. Ռուստամյանը պարզել է, որ Ա. Հարությունյանը կրկին խաբել է, քանի որ թե՛ Ոստիկանության պետը, թե՛ քննիչ Կ. Թադեւոսյանը մինչ այժմ աշխատում են: Մերժման որոշումը Թելմանն ու Ռաֆիկը համարում են կեղծ փաստաթուղթ, քանի որ դրանում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Նրանք շատ մտերիմ կապի մեջ են Ոստիկանության աշխատակիցների հետ: Աշխենը դատված է եղել, հաշվառման տակ է, իսկ այդ Աննան բավական մտերիմ կապեր ունի նրանց հետ: Նրանք լավ կարողացել են բոլոր տվյալները շարադրել իրենց ուզածով»,- ասում է Ռ. Ռուստամյանը, ով ծանոթանալով ձեռք բերված նյութերին՝ միանգամայն նոր բացահայտումներ է արել իր տան վաճառքի հետ կապված գործողությունների վերաբերյալ: Մինչ նրա հակափաստարկները ներկայացնելը՝ փորձեցինք կապվել Աշխեն Մարգարյանի հետ եւ առաջարկեցինք մեկնաբանել տեղի ունեցածը: Հեռախոսազանգին նախ պատասխանեց Աշխենը, այնուհետեւ լսելով, որ հեռաձայնողը լրագրող է` իսկույն լսափողը փոխանցեց աղջկան: Բավական ագրեսիվ տոնով խոսելով՝ Աննան նախ անակնկալի եկավ` «Հա՜, հա՜… թերթի ա տվել, հա՞, էդ բիձեն: Ես խոսալու բան չունեմ, գնացեք ինչ ուզում եք՝ գրեք»,- ասաց նա: Նրան բացատրեցինք, որ իր եւ մոր հասցեին ծանրակշիռ` խարդախության ճանապարհով հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, եւ առաջարկեցինք այցելել խմբագրություն եւ ներկայացնել իրենց տվյալները: «Էդ ստորը, էդ անաղուհացը թերթի ա տվել, հա՞… Դրանք երկու ախպեր գործ տվողներ են, մեկը մի բան անի, թե չէ` վազում են Ոստիկանություն: Էդ բիձեն ո՞նց ա տենց բան արել, երբ որ տարիներ շարունակ իրան պահել, խնամել ենք: Մեր կերցրածը թույն դառնա ու դրա բկին կանգնի: Էդքան տարի որ դեղերի փող ենք տվել, բժիշկների փողեր ենք տվել, բա ինչո՞վ ենք արել, մեռանք դեղերի փող տալով: Թող չմարսի էդ ուտող-ուրացողը: Սաղ երեխեքը իրանից յան էին տվել, ոչ ոք նրա առաջ դուռ չէր բացում, իսկ մենք նրան պահել ենք, մոռացել ա՞»,- անեծքների ու ոչ կոռեկտ բառերի տարափ տեղաց Աննան: Վերջինս խոստացավ, որ 2 օրից մայրը` Աշխենը, կգա խմբագրություն եւ կպատմի տեղի ունեցածի մասին: Աշխեն Մարգարյանն այդպես էլ չեկավ, իսկ հեռախոսն անջատել էր: Ի դեպ, քրեական գործի նյութերում Աննա Հարությունյանը ներկայացվում է ոչ թե Աշխենի դուստր, այլ` որպես նրա քրոջ դուստր: Ռաֆիկ պապը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ Աննան Աշխենի հարազատ աղջիկն է, մինչդեռ ավագ քննիչը նրան ներկայացնում է իբրեւ Աշխենի քրոջ աղջիկ, թե ինչո՞ւ՝ պարզ չէ: Աննայի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք հարցրեցինք` «Դուք ո՞վ եք»: Նա պատասխանեց` «Աշխենի աղջիկը»: Այնուհետեւ զրույցի ավարտին կրկին հարցրեցինք` «Եթե դուք Աշխենի աղջիկն եք, ապա ինչո՞ւ եք քրեական գործի նյութերում ներկայացված որպես նրա քրոջ դուստր»: Ի պատասխան՝ Աննան հակասելով իրեն՝ ասաց. «Հա, ես իրա քրոջ աղջիկն եմ»: Այսպիսով, Ռաֆիկ եւ Թելման Ռուստամյանները պնդում են, որ Աննան Աշխենի հարազատ աղջիկն է, սակայն ներկայացել է իբրեւ քրոջ աղջիկ, որպեսզի հանցագործ անցյալ ունեցող մոր հետ կատարած խարդախության մեջ պատասխանատվությունից խուսափի: Եղբայրները հավատացնում են, որ այս փաստն ապացուցելի է: Նշենք նաեւ, որ ավագ քննիչ Կ. Թադեւոսյանի վարույթում եղած այս գործի մեջ առկա են նմանատիպ, առաջին հայացքից, «անճշտություններ» թվացող սխալմունքներ, մինչդեռ, դրանք, ըստ էության, դիտավորյալ կերպով քրեական գործ հարուցելու մերժմանը «լղոզված» հիմնավորումներ տալու փորձեր են: Ի դեպ, մեզ հետ հեռախոսազրույցում Աննան նաեւ նշեց, որ Ռաֆիկի բուժման նպատակով մեծ գումարներ են ծախսել, ինչի հետեւանքով պարտքեր են գոյացել, եւ բնակարանի վաճառքը կատարվել է պարտքերը մարելու համար: Մինչդեռ Ռաֆիկի եղբայրը` Թելմանը, հակադարձելով նշում է, որ` «Եղբայրս մահամերձ վիճակում էր, անգիտակից, միկրոինֆարկտ էր տարել: Նրանք ոչ մի կերպ տիրություն չեն արել ու օրերով, շաբաթներով էդ վիճակում են թողել: Մի անգամ տարել են Մալաթիայում գտնվող հիվանդանոց, բայց, երբ փող են ուզել` էդ վիճակով վերցրել-բերել են տուն: Նրանք ոչ մի բուժման չեն տարել, սուտ է: Կարող եմ հիվանդանոցից փաստաթուղթ բերել, որ ծանր, մահամերձ վիճակում վերցրել-բերել են տուն: Հետո տեղափոխել են Մասիսի հիվանդանոց ու մի դատախազի միջնորդությամբ պետպատվերով պառկեցրել են: Սուտ է, թե բուժման համար փողեր են ծախսել»: Մեջբերում ենք քրեական գործի նյութերից. «Ռաֆիկ Ռուստամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2005թ.-ից սկսած կինը սկսել է իրեն համոզել, որ տունը վաճառեն եւ մեկ ուրիշ տեղ հարմարավետ բնակարան գնեն: Այդ մասին իմացել է նաեւ Ա. Մարգարյանի քրոջ դուստր Աննա Հարությունյանը, ով նույնպես խորհուրդ է տվել տունը վաճառել, սակայն ինքը չի համաձայնվել: 2006թ. իր առողջական վիճակը վատացել է, սակայն բուժօգնության չի դիմել»: Իր ցուցմունքում Ռ. Ռուստամյանը նաեւ հայտնել է, որ թեեւ կտրականապես արգելել է տունը վաճառել, այդուհանդերձ, որոշ ժամանակ անց Աննա Հարությունյանը սկսել է գնորդներ տուն բերել: «Այդ ընթացքում Ա. Հարությունյանի հետ իր տուն է եկել մինչ այդ իրեն անծանոթ Նունիկ Դավթյանը»,- նշված է քրեական գործում: Ռաֆիկ պապի եղբայրն ասում է` «Հետագայում պարզվել է, որ մայր ու աղջիկ էդ Նունիկ Դավթյանից 3500 դոլար տոկոսով գումար են վերցրել: Քանի որ տոկոսը չեն տվել` գումարն ավելացել, պարտքը կուտակվել է: Սկսել են եղբորս գլխին ինչ ասես անել, որ տունը վաճառեն, եւ՛ էդ պարտքը տան, եւ՛ տան փողի տերը դառնան, իսկ նրան գցեն ծերանոց: Ես վստահ եմ, որ եղբորս համոզել չկարողանալուց հետո մայր ու աղջիկ էնպիսի դեղեր են տվել, որ նրա գիտակցությունը թմրի»: Ի դեպ, նույնը հաստատում է Ռաֆիկ պապն` ասելով, որ տան վաճառքի «բանակցություններից» հետո առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա հավաստմամբ` նույն ժամանակահատվածում միկրոինֆարկտ է տարել, եւ օրեր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում: «Ինչ-որ փաստաթղթեր էին բերում ու ասում` ստորագրի: Ինձ ասում էին, որ տան դիմաց ուզում են տարածքը կառուցապատել, պետք է իմ թույլտվությունը: Ես շատ վատ էի, պատկերացրու՝ տեսողությունս էլ էն չէր, թույլ էի, ոչինչ չէի զգում: Նրանց վստահել եմ, չեմ կասկածել, որ գլխիս սարքելու են ու փողոց շպրտեն: Նրանք էդ քննիչների հետ մտերիմ հարաբերություններ ունեն, մանավանդ Աննան, շատ թղթեր էլ կեղծիքի միջոցով են դասավորել»,- ասում է Ռաֆիկ պապը, ով քննիչից պահանջել է փաստաթղթերում առկա իր ստորագրությունները ձեռագրաբանական փորձաքննության ենթարկել, սակայն, այնուամենայնիվ, դա չի իրականացվել: Մասիսի ոստիկանությունում ցուցմունք տալու ժամանակ Աշխեն Մարգարյանը նշել է. «2005թ. ընթացքում Ռ. Ռուստամյանի առողջական վիճակը վատ է եղել, նրա բուժման եւ ընթացիկ ծախսերը հոգալու համար պարտքեր են կուտակվել: Այդ պատճառով ինքն ու ամուսինը որոշել են տոկոսադրույքով մեկ ուրիշից գումար վերցնել, եւ դիմելով քրոջ աղջիկ Ա. Հարությունյանին, խնդրել է գումար ճարել: Մի քանի օր անց Ա. Հարությունյանն իրենց հայտնել է, որ տոկոսադրույքով գումար է ճարել, սակայն որպես երաշխիք՝ պետք է անշարժ գույքը գրանցի նրա անվամբ: Ինքն ու ամուսինը համաձայնվել են այդ եղանակով գումար վերցնել, որից հետո Ա. Հարությունյանի հետ իրենց տուն է եկել մինչ այդ իրենց անծանոթ Նունիկ Դավթյանը»: Ինչպես արդեն նշել ենք, Ռ. Ռուստամյանն` իր ցուցմունքում, եւ այժմ էլ պնդում է, որ ինքը ոչ միայն չի տվել իր համաձայնությունն, այլեւ անտեղյակ է 3500 դոլար տոկոսով գումար վերցնելու գործողություններից: Օրեր առաջ քրեական գործի մերժման որոշումը վերցնելուց հետո է իմացել այդ գումարի մասին, որի դիմաց նրանք տունը գրավ են դրել: Ինչեւէ, որոշ ժամանակ հետո, ինչպես արձանագրված է քրեական գործի նյութերում, հայտնվել է ոմն Համլետ Ադամյան, ով ներկայացել է որպես Աննա Հարությունյանի ընկեր, եւ նա էլ վերջնականապես լուծել է տան գնորդի հարցը: 25.000 դոլարով Ռ. Ռուստամյանի տունը վաճառվել է Սեդրակ Գյումրյանին, որի 3500 դոլարը տոկոսներով հանդերձ տրվել է Նունիկ Դավթյանին, իսկ մնացած գումարով, ըստ Ռ. Ռուստամյանի` մայր ու աղջիկ հացի եւ խմորեղենի արտադրություն են ստեղծել: Ի դեպ, Ա. Մարգարյանը հասկանալով, որ խարդախության հոդվածով կրկին կարող է հայտնվել կալանավայրում՝ Ռաֆիկ պապին հորդորել էր, թե` «Ոստիկանությունում պարտավորագիր ենք գրել, որ պիտի քո համար տուն առնենք»: 78-ամյա ծերունին սպասում էր, իսկ Ա. Մարգարյանը ժամանակ էր շահում` մտածելով, որ հիվանդ ծերունին ծերանոցում երկար չի ապրի: Ռաֆիկ պապի եղբայրը` Թելմանը, օրեր առաջ Մասիսի ոստիկանությունից պարզել է, որ նման պարտավորագիր գոյություն չունի, Աշխենը կրկին խաբել է:
Ինչեւէ, այն, որ Մասիսի ոստիկանության քրեական գործ հարուցելու մերժման որոշումը հիմնավորված չէ, փաստ է, քանի որ քննիչն ընդամենը շարադրել է ցուցմունքների բովանդակությունը: Որքան էլ զարմանալի է` բոլոր անձանց ցուցմունքներն իրար հակասում են, եւ մի դեպքում մայր ու աղջիկ վստահեցնում են, որ բնակարանը վաճառել են Ռ. Ռուստամյանի բուժման ծախսերն ապահովելու նպատակով, իսկ մյուս դեպքում Ռ. Ռուստամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը բուժման չի ենթարկվել, եւ իր բնակարանը վաճառել են գաղտնի կերպով: Մասիսի ոստիկանության ավագ քննիչը նույնիսկ նպատակահարմար չի գտել Աշխեն Մարգարյանից եւ Աննա Հարությունյանից պահանջել որեւէ փաստաթուղթ կամ բժշկական ախտորոշման մասին տեղեկատվություն, որի միջոցով կարելի էր հաստատել նրանց խոսքերի ճշմարտացիությունը: Քննիչը միայն լավ «սվաղել» է հանցագործությունը: Ծերանոցում գտնվող Ռ. Ռուստամյանն օրեր առաջ դիմումներ է գրել մարդու իրավունքների պաշտպանին, ԱԺ նախագահին եւ այլ համապատասխան պաշտոնյաներին` ահազանգելով հանցագործության այս դեպքի մասին: