Որտեղ «բռնեցրիր» ընթերցողին, պետք է գիրք առաջարկես

02/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Էլեկտրոնային գրքերը վաղուց արդեն մեծ տարածում ունեն աշխարհում։ Թվային ֆորմատով ստեղծված (կամ էլ պարզապես էլեկտրոնային կրիչների վրա տեղափոխված) «e-book»-ները հարմար են օգտագործման համար, քանի որ դրանք քիչ տեղ են զբաղեցնում, կարող են ցանկացած էլեկտրոնային միջավայրում՝ համակարգչի, հեռախոսի, եւ հազար ու մի գրպանային «գրադարանային» սարքերի վրա «բացվել», թույլ են տալիս ցանկացած գիրք-ֆայլերն արագորեն որոնել ու արագ էլ հասանելի են դարձնում ուզածդ հատվածը։ Թղթե գրքերը մաշվելու հատկություն ունեն (մանավանդ դպրոցական դասագրքերը, որոնք սարսափելի հակասանիտարական վիճակում են), իսկ «e-book»-ները կարող են ընթերցվել միլիոնավոր անգամներ ու ցանկացած վայրում: Եվ ամենակարեւորը` «գիրք» ասվածը դիտարկվում է ավելի լայն շրջանակների մեջ՝ թույլ տալով բազմաթիվ ինֆորմացիոն ճյուղավորումներով օժտել գրքի միավորը։ Օրինակ, օգնում է շարժական, ձայնային ու լուսային էֆեկտներ կամ էլ պատկերային ֆորմա հաղորդել բառերով փոխանցվող ինֆորմացիային։ Դա առավել հետաքրքիր ու հեռանկարային դաշտ է բացում գրքի հետ երկխոսելու համար։ Եվ դրա կարիքը հատկապես երեխա-ընթերցողներն ունեն։ Վերջերս ծանոթացա այն էլեկտրոնային գրքի տարբերակի հետ, որը միաժամանակ եւ ուսուցողական ձեռնարկ է, եւ ուշագրավ խաղ։ Քիմիական տարրերի աղյուսակը ներկայացվում է 3D ֆորմատով, թույլ տալով երեխային մատի մեկ հպումով պտտել նյութերի զանգվածները, ուսումնասիրել միջուկն ու թաղանթը, տեղեկանալ տարրերի բոլոր բնութագրերին, ուղղակիորեն էկրանի վրա փորձեր կատարել։ Այդ էլեկտրոնային գրքում նույնիսկ կարելի էր «շոշափել» վիրտուալ նյութերը։ Նման գրքից հետո «չոր» դասագրքային ֆորման ոչ միայն խիստ ժամկետանց, այլեւ պարզապես քարե դար է հիշեցնում։ Հայաստանյան առաջատար հրատարակչական ընկերություններից մեկը` «Անտարես» մեդիա հոլդինգը, նախաձեռնել է այս եւ նմանատիպ այլ ուսուցողական «e-book»-ների թողարկում: Այժմ հոլդինգը գնում է «e-book»-ների հրատարակման իրավունքներն ու նախապատրաստում է սեփական արտադրանքը` փորձելով երեխաների համար ապահովել հայալեզու էլեկտրոնային միջավայր: «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Ցանկացած հրատարակչի «թիրախն» ընթերցողն է։ Եվ ուրեմն պետք է աշխատել բոլոր ընթերցողների համար։ Որտեղ «բռնեցրիր» ընթերցողիդ (օրորոցում, ծառի տակ, լողանալիս, ինտերնետում), պետք է մի բան առաջարկես։ Գիրքն ինտելեկտի «բենզինն» է, եւ բոլորովին նշանակություն չունի` թե այդ «բենզինն» ինչպիսի ֆորմա ունեցող բենզալցակայանից ես ստանում։ Կարեւորն իմանալն է, որ առանց «բենզին» չես մնա»։ «Անտարեսը» շարժվող, լողացող, ձայնային, լուսային անգամ՝ հոտավետ գրքեր է արտադրում հատուկ մանուկների համար, որոնք աշխարհը ճանաչելու պահանջ ունեն։ Այդ պահանջն իրենց մեջ դեռ «բթացած» չէ, եւ «գիրք» ասվածն էլ նրանց համար հսկայական մի աշխարհ է։ Եվ քանի որ նոր սերնդի համար թվանշանային աշխարհն ինքնաբերաբար է հարազատ դառնում, այդ տարածքը դատարկ թողնելը պարզապես անհեռանկարային է։ Հայաստանում արդեն իսկ արտադրվում են որակյալ աուդիո-գրքեր։ Կարելի է հիշատակել «Խոսող գրքեր» նախագիծն ու հեքիաթների այն հավաքածուն, որը թողարկել է «Բյուրոկրատ» գրախանութը։ Ստեղծվում են նաեւ անիմացիոն ֆիլմ-հեքիաթներ։ Սակայն այդ ամենը տեղայնացված՝ փոքր ծավալներով ու առանց իրարից տեղյակ լինելու է լույս աշխարհ գալիս։ Մինչդեռ հենց ինտերակտիվ՝ աուդիո, վիդեո, անիմացիոն «e-book»-ներն ամբողջական նախագիծ դառնալու կարիք ունեն։

«Անտարեսը» նախապատրաստվում է միաժամանակ աուդիո, վիդեո, անիմացիոն ու թղթային «Սասունցի Դավիթ» գիրքը հրատարակել, որը նաեւ նկարազարդելու բովանդակային հատված է ունենալու։ Շարժապատկերներով ուղեկցվող այդ գիրքը հնարավորություն կտա պարբերաբար թարմացնել վիրտուալ գրադարանը` հավելյալ հատվածներ ստանալով։ Ա. Մարտիրոսյանը նկատում է. «Թղթի գրքից էլեկտրոնայինի անցնելը հոգեբանորեն է դժվար։ Եվ այդ պատճառով էլ էլեկտրոնային գրքերի հրատարակիչները փորձում են «e-book»-ները առավելագույնս մոտեցնել ֆիզիկական գրքերի ձեւին»։ Օրինակ, էկրանին բացվող էջը նմանեցնում են թղթի ֆակտուրային, էջ թերթելու պրոցեսն էլ շատ դեպքերում թղթի ծալվելու, ճմրթվելու կամ էլ խշշոցի ձայնային ուղեկցությունն է ստանում։ Իսկ գրքերը մանուկների վիրտուալ գրադարանում տեղավորվում են այնպես, որ փայտի ֆակտուրա ունեցող գրապահարանի լիակատար տպավորություն է ստեղծվում: Գիրքը կարելի է դիտել, տեսնել, լսել ու ներկել, փոխել տառատեսակներն ու միանգամից թարգմանել բովանդակությունը` օգտագործելով բազմաթիվ հղումների սխեման։ Նաեւ՝ կարելի է հոտ քաշել։ Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ երեխան կարող է իր վիրտուալ գրադարանը կոմպլեկտավորել այնպես, ինչպես ճամպրուկն է հավաքում՝ վերադասավորելով, թափելով ու նոր իրեր գնելով։ «Փիլիսոփայությունն ու ինովացիոն տեխնոլոգիաները մեկ դաշտում եմ հանդիպում։ Եվ դրա համար աշխարհում գոյություն ունեցող բոլոր «ընկալիչները» պետք է գործի դրվեն։ Երեխան պետք է հնարավորություն ունենա ձիու վրնջոցը լսել կամ էլ, եթե ցանկանա՝ ծաղկից հոտ քաշել։ Այդպես նա կկարողանա ադապտացվել այս աշխարհին ու վերջիվերջո ընդունել, որ ամենամեծ արժեքը գիտելիքն է։ Ցանկացած պետություն առաջին հերթին երեխային գիտելիքներ փոխանցելու գործով պետք է մտահոգվի։ Մարդը գիտելիքներ պետք է քաղի այնտեղից, որտեղից կարող է՝ թերթից, գրքից, ինտերնետից։ Եվ պետությունն էլ պետք է թույլ տա, որ մարդը կարողանա դա անել։ Մարդկանց 5%-ը, միեւնույն է, դա անելու է, քանի որ գիտելիք ստանալու ներքին պահանջ ունի, 5%-ը չի ցանկանա ոչ մի բան կարդալ, եւ նշանակություն չունի, թե նրա կարդացածն ի՞նչ ֆորմատով կլինի։ Իսկ մարդկանց 90%-ը գիտելիքամետ մթնոլորտի կարիք ունի»,- ասում է Ա.Մարտիրոսյանը։

Գրադարանն ու թանգարանը` ափի մեջ

Բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հռչակած Հայաստանը 2012 թվականին դառնալու է գրքի միջազգային մայրաքաղաք։ Եվ հիմա շատ լավ ժամանակ է՝ հիշել, որ գիրքն այլեւս միայն թղթային լինել չի կարող, այն պետք է ունենա առնվազն իր էլեկտրոնային տարբերակը, այլապես՝ առանց այդ էլ սակավաթիվ հայ ընթերցողը թվանշանային աշխարհում հայերեն գրքի հետքերը չի գտնի։ Իրականում

«e-book»-ը չի մրցակցում թղթի գրքի հետ, այն պարզապես իր սեփական տարածքն է գրավում թվանշանային աշխարհում։ Էլեկտրոնային գրքի «հաղթանակի» միակ ցայտուն օրինակը բառարաններն ու հանրագիտարաններն են, որոնք լրիվ դուրս են մղվել թղթային ֆորմատից ու տեղափոխվել վիրտուալ տարածք։ Եթե «Լինգվո» ու «Վիկիպեդիա» կա, հաստափոր բառարաններն ու հսկայական հանրագիտարանները այլեւս վերահրատարակելու կարիք չկա, քանի որ ինֆորմացիայի տեմպն ու հոսքը չեն հասցնում իրենց վավերացումը գտնել ֆիզիկական գրքերում։ Հայտնի է, որ լեգենդար «Բրոգհաուս եւ Էֆրոն» հրատարակչատունը դեռ 2 տարի առաջ հայտարարել է, որ այլեւս դադարեցնում է թղթե բառարանների տպագրումն ու այսուհետ աշխատելու է միայն էլեկտրոնային տարածքում, որտեղ արագորեն տարբեր հղումներ, հավելումների ու պարզաբանումներ անելու տեղ կա։

Հայտնի է, որ ահռելի ծավալներ ունեցող «Ամազոն» գրախանութների ցանցը արձանագրել է, որ էլեկտրոնային գրքերի վաճառքն արդեն գերազանցել է ավանդական գրքերի վաճառքը: Սա պրագմատիկ հասարակության ընտրությունն է, որը, միեւնույն է, երկար անտեսել չի ստացվի: Հրատարակչական գործն այլեւս չի կարող զարգանալ հին մոդելով, դա նկատվում է հատկապես մանուկներին (որոնք առաջին դասարանից սկսած բջջային հեռախոսներ ու համակարգիչներ ունեն) հասցեագրված ու դասական գրականության դաշտում: Թող լինեն հետաքրքիր գրքային ֆորմատներ, մեկ էլ տեսար` կարդալը հաճույք դարձավ: «Ընթերցումը շղթա է. եթե մեկ անգամ կարդացիր՝ հետո էլ կկարդաս։ Այլեւս չես կարողանա կանգ առնել»,- ասում է Ա.Մարտիրոսյանը, ում համար մանուկները ոչ միայն հրատարակչական արտադրանքի ապագա սպառողներ են, այլեւ՝ ապացույց, որ գիտելիքը պահանջարկ ունի։

Կյանքի ռիթմն արագացել է, եւ ցանկացած տեքստ, որը պատանին բացում-կարդում է, դրդում է նրան միտքը լարել ու նոր ինֆորմացիոն աղբյուրներ որոնել: Հայկական ներկայությունը էլեկտրոնային դաշտում հենց նման արագության կարիքն ունի։ Եվ եթե մեր իրականության մեջ էկրանից գիրք կարդալն ավելի հարմարավետ ու հասանելի է, ուրեմն այդ տարածքը պետք է լցնել արտադրանքով։ Այսինքն՝ հայերեն էլեկտրոնային բովանդակություն՝ e-content ապահովել, որի պահանջի մասին տարիներ շարունակ նշում է «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի՝ («Էլբա») նախագահ Գարեգին Չուքասզյանը. «Մեր հանրապետությունում լավ բաները սովորաբար ընդհատակում, թաքստոցում են ի հայտ գալիս ու շատ փոքր մի տեղում են զետեղվում։ Մինչդեռ մեզ էլեկտրոնային բովանդակությանը առնչվող պետական քաղաքականություն է հարկավոր»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ առանց պետության մասնակցության չի ստացվի աշխատել։ Նախ հարկավոր է լուծել հայերեն լեզվի ավտոմատացման խնդիրը, հայերենը պետք է ինտերնետային լեզվախմբի լիիրավ անդամը դառնա, իսկ այդ գործը միասնական կենտրոնացված տարբերակով է գլուխ գալիս։ Եվ հետո էլ մեզ մոտ մեծ տարածում դեռ չի ստացել ինտերնետային վճարման համակարգը, որը թույլ կտա էլեկտրոնային գրքերի հրատարակիչներին տարածել արտադրանքը։ «Հայաստանում տարիներ շարունակ միայն խոսում են այն մասին, որ հարկավոր է էլեկտրոնային վճարման համակարգ ներդնել ու թույլ տալ մարդկանց on-line գնումներ կատարել հենց հայաստանյան խանութներից կրեդիտ-քարտերի օգնությամբ»,- ասում է նա։ Պետության դերակատարությունը Գ.Չուքասզյանը տեսնում է թվանշանային ենթակառուցվածքներ ստեղծելու մեջ. «Այնպես, ինչպես պետությունը ճանապարհներ է կառուցում ու հնարավորություն տալիս մասնավորներին այդ ճանապարհների կողքին տներ ու խանութներ ստեղծել, այնպես պետք է վարվի թվանշանային բովանդակության հետ։ Վճարման համակարգերը, հայերեն լեզվի ավտոմատացումը դա նույն «ճանապարհների» կառուցումն է, առանց որի մասնավոր հատվածը չի կարող իր ինտերնետ-խանութները ստեղծել։ Մասնավոր անձը չի կարող մայրուղի կառուցել, այնպես, ինչպես չի կարող ինքն իր համար թվանշանային ինֆրաստրուկտուրա ստեղծել»։

Գ.Չուքասզյանը վերջերս թողարկել է «Կոմիտաս» ինտերակտիվ մուլտիմեդիական խտասալիկը, որը Կոմիտասի 140-ամյա հոբելյանի առիթով ներկայացվեց Հայաստանի պաշտոնական կառույցներին: Նախագծի հեղինակը նշում է, որ դա միայն սկիզբն է, հաջորդ քայլը Կոմիտասի վիրտուալ թանգարանի ստեղծումը պիտի դառնա: Ի դեպ` երբ հնչեցվեց այդ մտադրությունը, հաջորդ օրը ՀՀ Մշակույթի նախարարությունը լուր տարածեց, որ Հայաստանում կառուցվելու է Կոմիտասի թանգարանը: Կառուցման ձեւերը տարբեր են լինում, եւ շատ կարեւոր է հասկանալ, որ կառուցապատման կարիք ունի նաեւ վիրտուալ տարածքը: Ու թեեւ վիրտուալ կառույցները դժվար է հրապարակային բացել` կարմիր ժապավենը կտրելով, սակայն դրանք պետք են յուրաքանչյուր քաղաքացուն` գիտակցելու համար, որ ուզածդ վայրկյանին քո ափի մեջ մի ողջ գրադարան կամ թանգարան կարող է տեղավորվել:

Ա. Մարտիրոսյանն ու Գ.Չուքասզյանը համակարծիք են, որ մեր իրականության մեջ ոչ միայն նանո-տեխնոլոգիաների, այլեւ ընդհանրապես գիտելիքի հանդեպ թերահավատություն կա։ «Շատ հաճախ այնպիսի պատնեշների ես հանդիպում, որ ուղղակի զարմանում ես»,- ասում է Գ.Չուքասզյանը։ Իսկ Ա.Մարտիրոսյանը նկատում է. «500 տարվա ընթացքում ոչինչ էլ չի փոխվել։ Հակոբ Մեղապարտից մինչեւ Հակոբ Մովսես, նույն խնդիրն ենք փորձում լուծել»։ Սակայն երկու մասնագետներն էլ ընդգծում են, որ հավատում են հայկական էլեկտրոնային գրքերի ապագային։ Այլապես չէին աշխատի Հայաստանում։

Ի դեպ՝ ուղեղների հոսքը Հայաստանում հիմնականում հենց բարձր տեխնոլոգիաների ոլորտից է։ Բազմաթիվ հրաշալի հայ մասնագետներ այժմ օտարերկրյա պատվերներ են կատարում, կամ էլ առանց «մերկ» էնտուզիազմը շահագործելու լքում են հայրենիքը։ Ուղեղների հոսքը կանխելու, միջազգային շուկա դուրս գալու ու մասնագետների գաղափարները մեկ դաշտում գեներացնելու համար նոյեմբերի 25-ից-դեկտեմբերի 25-ը Հայաստանում հայտարարվել է էլեկտրոնային բովանդակության մրցույթ: Ի դեպ, հաղթողների համար բավականին մեծ գումարներ են սահմանվել (հովանավորը «Վիվա Սել» ընկերությունն է)։ Ցանկություն (նաեւ հնարավորություն) կա համագործակցել «iPad»-ի ստեղծող եւ «Pixar» անիմացիոն կինոընկերության հիմնադիր հանրահայտ Սթիվ Ջոբսի հետ (ում մայրն, ի դեպ, հայուհի է): Սակայն մեր հանրապետությունում բոլոր նախաձեռնությունները կարծես միայն լոկալ բնույթ են ունենում եւ չեն դառնում բովանդակային:

Էլեկտրոնային գրքերի եւ ընդհանրապես էլեկտրոնային բովանդակության անսպառ ու հեռանկարային դաշտը բացարձակապես մասնավորի էնտուզիազմի վրա թողնելով՝ էլեկտրոնային գրքերի շուկան չի կարող զարգանալ։ Ինչպեսեւ չի կարող զարգանալ թղթե գրքերի շուկան։ Ոչ մի բանն էլ չի զարգանա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թվանշանային դաշտը հայաստանցի պատանիները հիմնականում որպես սոցիալական ցանցերում իրար հետ շփվելու դաշտ են ընկալում: Եվ ոչ ավելին: Եվ եթե, իրոք, գրագետ երիտասարդություն ունենալու խնդիր է դրվում` պետք է բոլոր ինֆորմացիոն խողովակներն ու զգացական մեխանիզմները գործի դնել: