Շուտով պարզ կդառնա, թե մասնակիցներից ով կդառնա մրցանակակիրը, ավելին, անկախ մրցույթի արդյունքներից, խաղի կազմակերպիչներն ընտրել են երկու մասնակցի, որոնց կոնկրետ առաջարկներ են արվելու: Սա ու էլի մի քանի գաղտնիքներ` «Քուբի» հաղորդավար Մարկ Սաղաթելյանի հետ հարցազրույցում:
– Մեր մենտալիտետը պատրա՞ստ է նման REALITY SHOW-ների, խաղերի:
– Դա եվրոպական խաղ է: Առաջինն անգլիական Big Brother-ն էր, այսինքն՝ մենք չենք դա հնարել: Դե, եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր լինել, ինչո՞ւ չփորձենք: Քանի որ Հայաստանում ռեյտինգային համակարգ չկա, դրա համար շատ դժվար է իմանալ՝ ընդունվո՞ւմ է խաղը մեր հասարակությունում, թե՞ ոչ: Բայց եթե հաշվի առնենք փողոցային խոսակցությունները, մեծ թվով զանգերը, կարծում եմ, բավական շատ մարդ նայում է: Հիմա, թե ի՞նչ է ստացվում, թողնենք հեռուստադիտողի դատողությանը: Շատ հակասական կարծիքներ ունենք, «շատ լավ է, շնորհակալությունից»` մինչեւ «փակեք այդ խայտառակությունը»:
– Հեռուստաեթերից շատ է ասվում՝ «նրանք արդեն աստղ են» արտահայտությունը: Խաղն ավարտվում է, ի՞նչ տվեց այն այս «աստղերին»:
– Անուշ եւ Ինգա Արշակյանները մի անգամ «Քուբ» այցելության ժամանակ այս հաշվով ասացին՝ «Աստղերը հանճարներ են»: «Քուբի» մասնակիցները աստղեր չեն, նրանք պարզապես ճանաչված մարդիկ են, որովհետեւ մեկ ամիս եթերում են: Ի՞նչ է տալիս «Քուբը» մասնակիցներին: Մի գաղտնիք բացեմ, մենք արդեն ունենք երկու թեկնածու, որոնց կոնկրետ առաջարկներ ենք անելու: Մնացածին էլ մենք հնարավորություն ենք տալիս ճանաչված լինել, հետագայում թող իրենք մտածեն՝ ինչ անել:
– Ի՞նչ գումար է խաղարկվում:
– 1.000.000 դրամ: Կընտրվի կամ մեկ հաղթող, կամ երկու: Եթե հեռուստադիտողների եւ «Քուբի» մասնակիցների ընտրությունը չհամընկնի, գումարը երկու մասի կբաժանվի:
– Նոյեմբերին նոր խաղ է սկսվում: Ինչպիսի՞ն պետք է լինի «Քուբի» մասնակիցը:
– Այստեղ եկողը պետք է լինի ինքնավստահ, ուժեղ մարդ: Խաղա եւ ոչ թե հանգստանա «Քուբում»: Եթե առաջինը պարզապես հետաքրքիր էր, ապա երկրորդը լինելու է ավելի դաժան, եւ շեշտը դրվելու է ինտելեկտի վրա:
– «Քուբը» նաեւ բարեգործությամբ է զբաղվում: Որքան հասկացա, նվեր ստացած խաղալիքներն ուղարկելու եք որեւէ մանկատուն:
– Ասեմ, որ դա իմ մտահղացումն է: Նրանցից ոչ մեկի մտքով դա չանցավ: Ավելին, հնչեցին այնպիսի խոսքեր, թե «մարդիկ մեզ նվիրել են ի սրտե, իսկ մենք ինչպե՞ս նվիրենք ուրիշին»: Թերեւս իրենք շատ երիտասարդ են՝ դա հասկանալու համար:
– Կարծիք կա, որ «Քուբում» կատարվող իրադարձությունները նախապես ծրագրավորված սցենարներ են:
– Ոչ մի սցենար չկա: Մի գաղտնիք էլ բացեմ. մեր ստեղծագործական խումբը պարզապես ուղղություններ է տալիս, բայց թե դա ինչպե՞ս ենք անում, իրենք էլ չեն հասկանում:
– Ինչո՞ւ է կոչվում «Քուբ»:
– Համանուն ֆիլմ կա, որտեղ փակ տարածքում՝ «քուբում», մարդիկ պայքարում են կյանքի համար: Ֆիլմի համաձայն՝ այնտեղ մասնակիցները մահանում էին, կյանք շնորհվում է միայն մեկին: