Եվրոպայի մի շարք երկրներում ձյան առատ տեղումներն ու անսովոր ցուրտ եղանակը կաթվածահար են արել խոշորագույն օդակայանների աշխատանքը, ինչպես նաեւ խոչընդոտել ավտոտրանսպորտի ու գնացքների երթեւեկությանը:
Դեկտեմբերի 1-ին Լոնդոնի, Վարշավայի, Էդինբուրգի, Մյունհենի եւ Ամստերդամի օդանավակայաններում հարյուրավոր թռիչքներ են հետաձգվել: Ֆրանկֆուրտի օդակայանում միայն հետաձգվել է 300 ավիաչվերթ: Լոնդոնի ուղեւորներին խորհուրդ է տրվում նախապես ճշտել` արդյո՞ք չի հետաձգվել իրենց չվերթը: Վարշավայում առատ ձյան հետեւանքով համապատասխան ծառայությունները ստիպված են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ մաքրել փողոցները, իսկ Գերմանիայի որոշ հատվածներում ձնածածկույթի բարձրությունը հասնում է 60 սմ-ի: Ի դեպ, Գերմանիայի հյուսիսային հատվածի դպրոցներում նույնիսկ հետաձգվել են դասերը:
Բրիտանիայում ձմռան սկիզբը ամենացուրտն է համարվել` սկսած 1993-ից: Անգլիայի արեւելյան հատվածում ու Շոտլանդիայում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ -20 աստիճանի. սառցածածկույթն ու ձյան տեղումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունն ու դարձել մայրուղիների վրա ՃՏՊ-ների պատճառ: Մեծ Բրիտանիայում գազի սպառումը մեկ օրում 5%-ով ավելացել է. օթերեւութաբանների համաձայն` այստեղ ցուրտ եղանակը կպահպանվի մոտ 2 շաբաթ: Ֆրանսիայի Էր եւ Լուար բնակավայրերում օդի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել` մինչեւ 16,8 աստիճան ցուրտ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25.000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Առատ ձյուն է տեղացել նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի որոշ շրջաններում: