Հայտարարություն

02/12/2010

2009թ. նոյեմբերին Բրյուսելում կայացավ Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը (ՔՀՀ): ՔՀՀ-ի նպատակն է՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գաղափարների տարածումը, ԱլԳ թիրախ երկրների ներքին խնդիրների լուծման բանալիները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցումը, ԱլԳ գործընթացներին հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովումը: ՔՀՀ-ն միեւնույն ժամանակ կոչված է միավորելու ԱլԳ անդամ վեց երկրների հասարակություններին՝ միմյանց համար կանխատեսելի դարձնելու, ժողովրդավարական բարեփոխումներին միտված հարցերի առաջադրման եւ դրանց լուծման փնտրտուքներում: ՔՀՀ-ում գործում է թեմատիկ 4 պլատֆորմ՝ գործունեության հետեւյալ շրջանակներով.

1. Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն.
2. տնտեսական ինտեգրացիա եւ ԵՄ քաղաքականությանը համապատասխանության խնդիրներ.
3. բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն.
4. միջանձնային շփումներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, երիտասարդության, ինչպես նաեւ վիզաների ստացման պարզեցման եւ ազատականացման ոլորտներում:

2010թ.-ի հունիսի 7-ին հիմնադրվեց ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմը, որի հիմնադիր համաժողովի ժամանակ հաստատվեց պլատֆորմի կանոնակարգը եւ ընտրվեց համակարգող խորհուրդը: ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը հայտարարում է ազգային պլատֆորմին անդամակցության մասին՝ նշելով, որ պլատֆորմը բաց է ՀՀ բոլոր ՔՀԿ-ների համար, որոնք ուզում են դառնալ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ եւ իրենց ներդրումն ունենալ Հայաստանում ԱլԳ ծրագրերի իրականացման մեջ: Եվրոպական հանձնաժողովի՝ Արեւելյան Գործընկերությանը նվիրված հաղորդագրության (COM( 2008) 823) եւ Հայաստանի ազգային պլատֆորմի կանոնակարգի համաձայն՝ դիմել կարող են ամենատարբեր ոլորտներում գործող ՔՀԿ-ներ (կամավորական շարժումներ (grass root organazations), առեւտրային միություններ, աշխատանքային միություններ, մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ (think-tank organazations), շահույթ չհետապնդող հիմնադրամներ, ազգային եւ միջազգային ՔՀԿ-ներ/ցանցեր եւ նման այլ կառույցներ): Նրանք պետք է ի վիճակի լինեն իրենց ավանդը ներդնել ԱլԳ Ազգային պլատֆորմի բոլոր թեմատիկ ոլորտներում:

ՔՀՀ Ազգային պլատֆորմին անդամագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

1. դիմում, որի մեջ պետք է նշված լինի ՔՀԿ անվանումը, իրավական կարգավիճակը, ղեկավարի անունը, կոնտակտները, գրանցման թվականը, տեղեկություններ իրականացված ծրագրերի եւ ցանկալի է՝ գործընկերներ կազմակերպությունների մասին,

2. հետաքրքրվածության նամակ, որտեղ շարադրվում են՝
– գործունեության հիմնական ուղղությունները (5-6 նախադասությամբ),
– ՔՀՀ Հայաստանի ԱՊ-ում ներգրավվելու դրդապատճառները (5-6 նախադասությամբ),
– վերը թվարկված աշխատանքային խմբերին մասնակից դառնալու ցանկությունը՝ նշելով դրանց առաջնահերթությունը:

ՔՀՀ Հայաստանի ԱՊ-ում ընդգրկվելու համար անհրաժեշտ է՝

1. գործունեության 3 տարվա փորձ,

2. համակարգող խորհրդի առնվազն երեք անդամի տեղեկացվածությունը կազմակերպության գործունեության, մասնավորապես՝ ԱլԳ առաջնայնություններին դրա համապատասխանության մասին։

Այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ՝ ձեր կազմակերպություններն առավել հանգամանորեն ներկայացնելու համար կարող եք դիմել ԱլԳ ՔՀՀ Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամներին: Դիմումները կարելի է ուղարկել ԱլԳ ՔՀՀ ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիկտոր Ենգիբարյանին` secretariat@ europeanmovement.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել՝ Երեւան 0010, Նալբանդյան 7, գրասենյակ 2, հեռ.՝ 010 58 02 99: Վերջնաժամկետը 2010թ. դեկտեմբերի 6-ն է։

Նշում. բոլոր այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են ԱՊ անդամ, պետք է միայն հաստատեն իրենց մասնակցությունը` ուղարկելով կազմակերպության ներկայացուցչի անուն-ազգանունը, կոնտակտային տվյալները եւ կազմակերպության անվանումը:

ԱլԳ ՔՀՀ ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդ