Մոսկվայի կրկեսը թանկանում է

23/10/2005

Մոսկվայում որոշվել է բարձրացնել Ցվետնոյ բուլվարում գտնվող Նիկուլինի անվան կրկեսի տարածքի վարձակալության գումարը: Այդ գումարն այսուհետ կազմելու է 16 մլրդ ռուբլի: Կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինի ասելով՝ այդ գումարը կրկեսի համար չափազանց մեծ է: «Մենք ստիպված ենք կամ բարձրացնել տոմսերի գինը, կամ էժանացնել ներկայացումները: Ամեն դեպքում` պետք է մտածենք ոչ թե բեմադրությունների որակի եւ արվեստի մասին, այլ՝ դրամարկղի»,- ասել է նա: Կրկեսն արդեն մի քանի տարի ինքն է ծածկում բոլոր ծախսերը, տարեկան երկու նոր ներկայացում է անում եւ մի քանի փառատոն կազմակերպում: Իսկ այսուհետ ստիպված է լինելու տնտեսել իր գումարները, քանի որ Մոսկվայի իշխանությունները չեն արձագանքում Մաքսիմ Նիկուլինի՝ վարձավճարը վերանայելու խնդրանքներին: