ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Epress.am-ին ասել է, թե ինքը չէ, որ պետք է մեկնաբանի «Wikileaks»-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, մասնավորապես, ՀՀ-ի կողմից Իրանին զենք փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի` սպառնալիքներ պարունակող նամակը ՀՀ նախագահին: Նշենք, որ «Wikileaks»-ի կողմից հրապարակած 2008թ. դեկտեմբերի 24-ով թվագրված նամակում, որը Պետդեպն ուղղել էր ՀՀ նախագահին, նշվում է, որ «2003թ. Հայաստանը հեշտացրել է Իրանի կողմից հրթիռների եւ ավտոմատների ձեռքբերման գործընթացը: 2007թ. այդ զինատեսակներից մի քանիսը հայտնաբերվել են Իրաքում երկու շիա զինյալների հարձակումից հետո, որի հետեւանքով ամերիկացի զինծառայող է սպանվել, իսկ եւս վեցը վիրավորվել են»: Փաստաթղթում նաեւ գրված է, որ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի դերը եւ այդ զինատեսակների կապն ԱՄՆ զորքերի վրա հարձակումների հետ այս դեպքը բացառիկ եւ չափազանց անհանգստացնող են դարձնում»: Հիշեցնենք, որ 2003թ. ՀՀ նախագահ էր Ռ. Քոչարյանը: Մեջբերելով հիշյալ նամակում նշված հանձնարարականը` բարեփոխել ՀՀ-ի արտահանումը վերահսկող հանձնաժողովը, Վ. Սողոմոնյանն ասել է, որ սա եւս մեկ կետ է, որը ցույց է տալիս, որ զենքի վաճառք պետական մակարդակով չի եղել: «Կարծում եմ` այդ նամակում չկա որեւէ մեղադրանք` ուղղված Ռ. Քոչարյանին, այնտեղ չկա որեւէ հիշատակում, որը որեւէ կերպ ուղղված լինի նրան»,- ասել է նա: Միաժամանակ նշել է նաեւ, որ համաձայն նամակի պարունակության` չի բացառվում նաեւ այն, որ զենքի վաճառքի հետ կապված այդ դեպքը կարող է տեղի ունեցած լինել մաքսանենգ ճանապարհով: «Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ես եմ այն մարդը, որ պետք է մեկնաբանություն տա այդ թեմայով, քանի որ նշված նամակը նախ թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ով: Այսինքն` արդեն իսկ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, երկրորդ` նամակում չկա որեւէ մեղադրանք Ռ.Քոչարյանի հասցեին»,- ասել է նա: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հրաժարվել է մեկնաբանել այդ փաստաթուղթը` ասելով, թե ձեռնպահ է մնում «այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալուց»: