Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռ է կայացրել. Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Չարենցավանի ոստիկանության օպեր-լիազոր Մորես Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել: Դատավճիռն ընթերցելիս դատարանի դահլիճում չի եղել պետական մեղադրողը` Կորյուն Փիլոյանը: Դատավճռից հետո Ա. Հարությունյանի եւ Վ. Խալաֆյանի հարազատները, ովքեր դժգոհ էին դատավճռից, դահլիճում եւ դահլիճից դուրս հայտարարել են, թե «գլխավոր դատախազը կաշառք է վերցրել, եւ դատավարությունը գնացել է նման հունով»: Իսկ տուժողի իրավահաջորդ Արտակ Զեյնալյանի խոսքով` հրապարակված դատավճիռն արդար չէ. «Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ Վահանին սպանել են, նա ինքնասպանություն չի գործել»: Ի դեպ, ըստ նրա` հնարավոր է՝ դատավճիռը բողոքարկվի: