Երեւանում չկա Չաքմաքչյանի քանդակներից

23/10/2005

Հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը դժվար է ապրել ու ստեղծագործել Հայաստանում, նույնքան դժվար՝ եւ արտասահմանում: «Մենք մեղավոր ենք նրա առաջ,- ասել է քանդակագործի մտերիմ ընկեր, գրող Պերճ Զեյթունցյանը: – Մենք ստիպեցինք նրան լքել իր Հայրենիքը: Աչքերիս առաջ մինչեւ հիմա կանգնած է այն տեսարանը, երբ Արտոն իր արվեստանոցը եկավ եւ դռան առաջ տեսավ փշուր-փշուր արված իր քանդակները»: Ապրելով Կանադայում` քանդակագործը ստեղծագործել է՝ հայրենիքի նկատմամբ վիրավորանք չունենալով իր սրտում: «Ես երկիրը չեմ փոխել, փոխել եմ միայն իմ արվեստանոցը: Մտքում, միեւնույն է, իմ քանդակները Հայաստանում եմ տեղադրում»,- ասել է Արտո Չաքմաքչյանն իր նախկին հարցազրույցներից մեկում: Արտո Չաքմաքչյանի քանդակներն անավարտ ստեղծագործությունների տպավորություն են թողնում, տեղ են տալիս մտածելու եւ գաղափարը մտովի ավարտին հասցնելու հրավիրում: Այժմ ինքնատիպ եւ շատ ժամանակակից, ինտելեկտուալ քանդակներ ստեղծելու կողմնակից Արտո Չաքմաքչյանը կրկին Երեւանում է: Նա Հայաստան է եկել «Արտ-ակումբի» հրավերով, եկել է տեսնելու իր Հայրենիքը, շփվելու ընկերների հետ եւ գուցեեւ՝ տեսնելու իր քանդակները երեւանյան փողոցներում: «Շատ ամոթ է, որ Երեւանում չկան Արտոյի քանդակները»,- ասաց Պերճ Զեյթունցյանը: