Համարյա, ինչպես Բազե

30/11/2010

Կիրակի օրը «Մուսալեռ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀՇ երիտասարդական միության (ԵՄ) 12-րդ համաժողովը, որի ժամանակ ընտրվել են հանրապետական խորհրդի 13 անդամներ, ինչպես նաեւ՝ միության ղեկավար կազմը: ՀՀՇ ԵՄ նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը, որն առանձնապես հայտնի չէ ակտիվ գործունեությամբ: Փոխարենը՝ նա ՀՀՇ-ի Մարալիկի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին է: ՀՀՇ ԵՄ փոխնախագահ է դարձել Ռուբեն Աղաբաբյանը, իսկ խորհրդի գործադիր քարտուղար` Լիլիթ Մելքոնյանը: Համաժողովում ընդունվել է նաեւ բանաձեւ, որտեղ ՀՀՇ ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի երիտասարդությանը՝ միանալ այն պայքարին, որի նպատակն է՝ «փրկել Հայոց պետականությունը կործանման տանող ապօրինի ավազակապետական ռեժիմից, ապահովել նրա հարատեւությունը, զարգացումը, նրա քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը»: Համաժողովին մասնակցել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նաեւ հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է, թե մի կողմից՝ ուրախ է, որ նման ակտիվ, քաղաքականացված երիտասարդություն կա, սակայն մյուս կողմից էլ` նրան ցավ է պատճառում, որ նրանք իրենց բուն խնդիրը թողած, ստիպված են զբաղվել քաղաքականությամբ: Նա նշել է նաեւ, որ ՀՀՇ ավագ սերնդի կուսակցականները երիտասարդներին չեն դիտում իբրեւ կոմսոմոլներ, հոկտեմբերիկներ, որոնցից այսօր իշխանական բոլոր կուսակցություններն ունեն: «Դուք մեզ համար ունեք 2 առաքելություն` ապահովել կուսակցության գաղափարական ժառանգականությունը եւ շնչել մեր թիկունքում, թույլ չտալ, որ մենք լճանանք»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահի ասածը` երիտասարդության նկատմամբ ունեցած վերաբերմունքի առնչությամբ, փոքր-ինչ տարակուսելի է հատկապես ՀՀՇ երիտասարդական միությունում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացրեց ՀՀՇ ԵՄ նախագահի պաշտոնից, ինչին, ի թիվս այլ պատճառների, նպաստել էր վերջին շրջանում ՀՀՇ-ում արմատավորված «նոմենկլատուրային» վիճակը, որի արդյունքում կուսակցության ԵՄ-ի անունից Լիբանան էին մեկնել ՀՀՇ ներկայիս ղեկավարների երեխաները: Այսինքն` ՀՀՇ-ում իրականում աստիճանաբար հաստատվում է այն վիճակը, որն առկա է, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն է ասել, «իշխանական բոլոր կուսակցություններում»: