Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովը կարող է ազդակ հանդիսանալ ԼՂ խնդրի կարգավորման համար: Երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը: Նա ակնկալել է, որ գագաթաժողովը հակամարտության կողմերի քաղաքական կամքի առաջընթացի համար կարող է ազդակ հանդիսանալ, ապա հիշեցրել է, որ միջոցառմանը մասնակցելու են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, «ինչը կարող է հնարավորություն տալ բաց քննարկել այդ հարցերը»: «Բայց ինձ թվում է, պետք է իրատես լինել: Այդ հակամարտությունը բավականին խորն է, այն երկարատեւ պատմություն ունի, հավանաբար, իրատեսական չէ ակնկալել, որ խնդրի կարգավորումը կլինի այստեղ»,- ասել է Զալբերը: Ըստ կենտրոնի տնօրենի, գագաթաժողովում հակամարտության քննարկման արդյունքում հնարավոր է մթնոլորտի բարելավում ու հակամարտության լուծման շրջանակային պայմանների վերաբերյալ առաջընթաց: «Վերջիվերջո, հակամարտող կողմերը պետք է իրենք որոշում կայացնեն. ԵԱՀԿ-ն կամ Մինսկի խումբը, այլ երկրների նախագահները կամ արտգործնախարարները կարող են միայն օգնել ու աջակցել բանակցություններին»,- ընդգծել է Զալբերը: Նման դիրքորոշում նա նաեւ հայտնել է Վրաստանի ու Հարավային Օսիայի հակամարտության վերաբերյալ: