Վաղն Աստանայում, ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո, մեկնարկելու է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցելու համար այսօր Ղազախստան է մեկնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գագաթաժողովի ժամանակ անդրադարձ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրներին: Եվ Հայաստանի քաղաքական վերնախավը լարված սպասում է ԼՂՀ հարցով տեղի ունենալիք քննարկումներին: Իշխանական գործիչները դեռ զերծ են մնում այդ գագաթաժողովում «Հայաստանի ունեցած ամուր դիրքերն ու արտաքին քաղաքական հաջողությունները» գովերգելուց: Այդ առումով ակտիվ չեն նաեւ մամուլի ակումբները, քարոզչամեքենան չի կոնկրետանում կամ ավելի անմեղ թեմաների է անդրադառնում: Իշխանական կուլիսներում չեն բացառում, որ Աստանան աննախադեպ ճնշումների առումով կարող է դառնալ հերթական Ցյուրիխը: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները լարված սպասում են մի վերահաս վտանգի, որից հետո նոր կկողմնորոշվեն, թե ինչ պիտի անեն: Իսկ պաշտոնական շրջանակներում, մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում մեծացել են պատերազմի վերսկսման սպասումները: Նույնիսկ նախօրեին աշխարհը ցնցած «Wikileaks» կայքի գաղտնազերծած փաստաթղթերն էլ վկայում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ ցանկությունների մասին: ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Բիլ Բըրնսի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը զգուշացրել է, թե քանի դեռ խաղաղություն, խաղաղության համաձայնագիր եւ այդ խաղաղությունը պարտադրող խաղաղապահ ուժեր չկան, ԼՂ շփման գծում ռազմական միջադեպերը կշարունակվեն: Եվ դժվար է ասել՝ քաղաքական շրջանակներում հստակ տեղեկություննե՞ր կամ համոզմո՞ւնք կա, որ Ադրբեջանն ուզում է պատերազմ սկսել, թե՞ այդպիսով փորձում են այդ վտանգը կանխելու հերոսական կեցվածք ընդունել:
Ամեն դեպքում ԵԱՀԿ գագաթաժողովը մեր երկրի համար նախատեսած գաղտնիքներն առայժմ չի բացում ու դրանով լարվածություն է ստեղծում: Այս լարվածությունն էլ ավելի են մեծացնում Մինսկի խմբի համանախագահները` Բաքու-Երեւան ճանապարհը մի քանի անգամ հատելով, ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներն՝ իրենց այցերով, ու ԼՂՀ հարցով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներն՝ իրենց հայտարարություններով: «Ղազախստանում եւ ԵԱՀԿ-ում անկեղծորեն հուսով են, որ կազմակերպության առաջիկա գագաթաժողովը կարագացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը:
Ղազախստանի փոխարտգործնախարար Կոնստանտին Ժիգալովն էլ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի մասին` նշել է. «Մենք կփորձենք մի կոնսենսուսային բանաձեւ մտածել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրն իր ճշգրիտ արտացոլումը գտնի գագաթաժողովի փաստաթղթերում, եւ մենք հույս ունենք, որ կհաջողենք»:
Իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ըստ ադրբեջանական «Trend»-ի, հույս է հայտնել, որ Աստանայում ղարաբաղյան գործընթացում տեղաշարժեր կարձանագրվեն: Ամեն դեպքում Աստանան պատահական վայր չի լինելու ԼՂՀ հիմնահարցի համար, ԵԱՀԿ գագաթաժողովները խորհրդանշական են եղել ԼՂՀ հարցի տեսանկյունից: Իհարկե, ԼՂՀ հարցի հետ կապված որեւէ հայտարարություն կամ հռչակագիր կընդունվի: Եվ հենց այդ փաստաթղթի բովանդակությունն էլ այսօր լարվածություն է առաջացնում: Համանախագահները գնում-գալիս են այդ փաստաթղթի բովանդակությունը համաձայնեցնելու համար, որը փորձ կարվի շարադրել Մադրիդյան արդեն հրապարակված սկզբունքների շրջանակում: Սակայն մի բան ակնհայտ է, որ շահագրգիռ տերություններն արդեն հոգնել են Լեռնային Ղարաբաղի` «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից: «Հիմա էջը շրջելու ժամանակն է եկել, որպեսզի երկու հարեւան երկրները կարողանան միմյանց հետ ապրել խաղաղության եւ փոխհամագործակցության մթնոլորտում: Պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերեն դը Բրիշամբոն:
Հայաստանում նույնպես այդ կարծիքին են, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ այդ վիճակի հետ արդեն չեն համակերպվում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները: «Այդ ֆոնի վրա լուծումներ են անհրաժեշտ: Եվ դրա համար է, որ աշխարհն ուզում է ավելի ապահովված, ավելի անվտանգ, տնտեսական առումով ավելի մատչելի տարածաշրջան ունենալ: Այդ առումով արդեն ակնհայտ խնդիր է դարձել ԼՂ հարցի օր առաջ լուծումը: Աստանայում այդ հարցը դրվելու է»,- համոզված է նա:
Ա.Սարգսյանի կարծիքով՝ Աստանան Հայաստանի եւ Ադրբեջանի համար հերթական հանդիպման վայր չի լինելու: Նրա խոսքերով՝ ԼՂՀ հիմնախնդրի դեպքում կա երկու մոտեցում: «Մոտեցում, որին դեմ է Ադրբեջանը, եւ մոտեցում, որին դեմ է Հայաստանը: Այդ մոտեցումներից մեկը գալիս է Մինսկի խմբից, հիմնականում Արեւմուտքից` Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկրորդը գալիս է Մոսկվայից, եւ դա Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա է: Թե այս կողմերից որն ավելի ճնշող կլինի, ըստ դրա էլ կփորձեն լուծել ԼՂՀ հարցը»,- ասում է Ա.Սարգսյանը` չբացառելով այն տարբերակը, որ Աստանայում ընդունվող փաստաթղթի հիման վրա հետագայում կարող է ստեղծվել ԼՂՀ հարցի կարգավորման ժամանակացույց: