«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի մեծ հավանականությամբ փոխզիջման կգնա Ղարաբաղի հարցում, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա որոշակի ճկունություն է ցուցաբերել` ստորագրելով հայ-թուրքական բարելավմանն ուղղված արձանագրությունները»: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ավգուստայի պետական համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Մայքլ Բիշքուն: Նա բացառել է Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը, քանի որ «Ադրբեջանին անհրաժեշտ է կայունություն տարածաշրջանում` իր էներգառեսուրսներն արտասահմանյան շուկա արտահանելու համար, իսկ Հայաստանը նման պատերազմից ոչինչ չի ստանա, հակառակը` կարող է շատ բան կորցնել, քանի որ վերջինիս տնտեսությունը նույնքան ամուր չէ, որքան հարեւաններինը»: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակի պահպանմանը, ապա, Բիշքուի խոսքով, որքան երկար Ղարաբաղում նախկինում բնակվող ադրբեջանցիները մնան այդ տարածքից դուրս, այնքան դժվար կլինի իրականացնել նրանց վերադարձը. «Միեւնույն ժամանակ, հայերը, որոնք բնակվել են այնտեղ հակամարտությունից առաջ կամ որոնք բնակություն են հաստատել դրանից հետո, էլ ավելի կամրապնդվեն այդ տարածքներում»: Նրա խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեն, իսկ Վրաստանն ու Ռուսաստանը կոմպրոմիսի գան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, ապա Վրաստանն ու Ադրբեջանն այլեւս ՆԱՏՕ-ին անդամագրվելու անհրաժեշտություն չեն ունենա: Հայաստանն էլ, իր հերթին, կարիք չի ունենա մնալ ՀԱՊԿ-ի կազմում: