Երբ իրավապաշտպանները պաշտպանում են տարբեր աղանդների, սեռական փոքրամասնությունների իրավունքները` հիմնավորելով, թե յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ կրոնական ո՛ր ուղղությունն է իրեն հարմար, որ յուրաքանչյուրի իրավունքն է ընտրել` ո՛ր սուբկուլտուրային է ցանկանում պատկանել, ում հետ ապրել, ոչ ոք չի վիճարկում: Սակայն, երբ երկու տղամարդ ամուսնանում են եւ ցանկանում են երեխա որդեգրել, արդեն խախտում են երեխայի իրավունքը: Սակայն ինչի՞ համար են իրավապաշտպանները` համոզելու հասարակությանը, որ այդ տղամարդկանց ազատ ընտրությունն էր` ամուսնանալ: Պարզապես փոքրիկ նյուանս կա. զույգը անգամ մեծագույն ցանկության եւ տիտանական ջանքերի դեպքում չի կարող երեխա ունենալ, հետեւաբար նրանց իրավունքն է երեխա որդեգրել:
«Եհովայի վկաների» կամ զանազան մյուս աղանդների ներկայացուցչի ընտանիքում ծնված երեխան ընտրության հնարավորություն չունի. նա արդեն ծնվում ու մեծանում է իբրեւ աղանդավոր: Դա նրա՛ ընտրությունը չէ, ծնողների ընտրությունն է, որը հետո ակամա դառնում է իրենը, եւ զանազան աղանդավորական հավաքույթներին մասնակցելը, այլեւայլ լեզուներով խոսելը, կրոնական էքստազի մեջ ընկնելը, աղանդը եռանդով քարոզելը նրա համար պարզապես անհրաժեշտ վիճակներ են: Սակայն պաշտպանել 12-15 տարեկան դեռահասների ընտրությունը` միանալ էմոական, գոթական կամ սատանիստական ինչ-որ «կուլտուրաների», այդ ընտրությունը համարել նրանց իրավունքը, ազատության, ինքնարտահայտման միջոցը, լուրջ չէ: Հատկապես, երբ հիմնավորումների հեղինակները տարիքն առած մարդիկ են: Հասկանալի է, որ նման ընտրությունը չի կարելի համարել գիտակցված, քանի որ այդ տարիքում նրանք պարզապես չունեն հոգեւոր ինքնապաշտպանության համար այնքան անհրաժեշտ գիտելիքներ, փորձ, աշխարհայացք` գիտակցաբար ընտրելու կամ մերժելու այս կամ այն շարժումը, աղանդը: Հրազդանում վերջերս ինքնասպան էր եղել 15-ամյա Գուրգեն Հարությունյանը` նախապես թողնելով գրություն. «Ես չէի ուզում, դուք ստիպեցիք»: Մեր թերթի թղթակիցը եղել էր նրա տանը: Գուրգենի մայրը, տարեկիցները, զարմիկները պատմում էին, որ տղան անընդհատ դագաղներ ու կախաղան էր նկարում: Եվ, որ տղան ինքնասպանությունից առաջ ինտերնետային կայքով նախազգուշացում էր ստացել. «Դու պրծիր, որովհետեւ քեզնից հետո մեծ հերթ ա, հերթագրվածները շատ են»: Ի դեպ, ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների` այս տարի անչափահասների շրջանում ավելացել են ինքնասպանությունները. գրանցվել է 38 դեպք, որոնցից մահվան ելք են ունեցել 13-ը:
Եվ, ահա, լսելով, որ էմոական շարժումը ֆետիշացնում է տառապանքն ու ինքնասպանությունը, ոստիկանները որոշել են պայքարել էմոների դեմ. նրանց խմբերով բերման են ենթարկում: Լրատվությանը հետեւելիս` նոյեմբերի 18-ին ինտերնետում տեսա Մանկական երկաթուղու զբոսայգուց ոստիկանների կողմից բերման ենթարկված մի խումբ դեռահասների լուսանկարները, ովքեր արտաքին ատրիբուտներով տարբերվում էին իրենց հասակակիցներից: Նրանց հարեւանությամբ նստած էր Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Այն, որ Ոստիկանությունում հայտնված յուրաքանչյուրի իրավունքների ոտնահարման հավանականությունը շատ մեծ է, հասկանալի է: Սակայն իրավապաշտպանն այնտեղ էր ոչ թե պաշտպանելու երեխաներին` ոստիկաններից, այլ պաշտպանելու դեռահասների իրավունքը` էմո, սատանիստ կամ գոթ լինելու:
«Ես գտնում եմ` շատ նորմալ է, երբ երիտասարդները միանում են ոչ ֆորմալ կազմակերպություններին: Ինքս էլ, երբ երիտասարդ էի, հիպպի էի, ինձ ազատ էի համարում»,- Lragir.am-ին տված հարցազրույցում ասում է Մ. Դանիելյանը: Իսկ որ էմոական շարժմանն անդամակցելը, նրանց ազդեցության տակ ընկնելը կարող է պատճառ դառնալ դեռահասի ինքնասպանության, պարոն Դանիելյանն այսպես է արձագանքում. «Մի ժամանակ ինքնասպանությունները վերագրում էին Եհովայի վկաներին: Հիմա Եհովայի վկաներն իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում, հիմա հերթը էմոներինն է: Գուցե ինչ-որ մի էմո ինքնասպան է եղել, բայց ես կարող եմ ցույց տալ հարյուրավոր մարդկանց, ովքեր էմո չեն, բայց ինքնասպան են եղել»:
Ինքնասպան եղած «ինչ-որ մի» էմոյի իրավունքների պաշտպանությունը, ստացվում է, իրավապաշտպանների հետաքրքրության շրջանակում չէ՞: Ինչո՞ւ: Իսկ ինքնասպան եղած էմոյի ծնողների՞, հարազատների՞ իրավունքները: Դրա՞նք ով պիտի պաշտպանի: Ո՞վ պիտի պաշտպանի այն ծնողների իրավունքները, ովքեր չեն ցանկանում իրենց զավակներին տեսնել նման շարժումներում, եւ այդ ցանկությունն առավել քան հիմնավորված է:
Այո, հարյուրավոր մարդիկ էմո չեն, սակայն ինքնասպան են լինում: Բայց այս դեպքում խնդիրը հրատապ է այն հիմնավորմամբ, որ խոսքը դեռահասների մասին է:
Ազատությունը, ազատ զգալը շատ սուբյեկտիվ հասկացություններ են: Սեփական դեմքն ունենալ, տարբերվել հասարակությունից, բողոքել անարդարության դեմ հնարավոր է: Սակայն, եթե հնարավոր լիներ ազատության, մարդկանց իրավունքների պաշտպանության համար պայքարել միայն արտաքին էֆեկտներով` սանրվածքներ, ճչացող դիմահարդարում, օղ` ականջին (եթե արական սեռի ներկայացուցիչ ես), քթին կամ մարմնի այլ տեղերում, տատու` գանգերով կամ սատանայի պատկերներովգ Սակայն ոչ մեկի երկար հյուսը մինչ օրս չի երաշխավորել ազատություն եւ չի ամրապնդել պաշտպանվածության զգացողությունը:
Եթե 15 տարեկանում քեզ թվում է, թե քո ոչ այնքան հասկանալի արտաքինով կարող ես չընկալվել հասարակության կողմից, եւ դա՛ ես համարում հաղթանակ, ինչ-որ իմաստով հասկանալի է: Սակայն այնքան կարեւոր է, երբ խելքը գլխին մեկը (դա կարող է լինել անգամ իրավապաշտպանը) Ոստիկանությունից տուն ճանապարհին պարզապես ասի, որ այդքան մեծ ուշադրությունը արտաքինիդ ընդամենը ժամանակի կորուստ է: Դա քեզ շեղում է իրական ազատության զգացողությունից, որը տալիս են գիտելիքը, իմացությունը, ճանաչումը, շփումը հետաքրքիր մարդկանց հետ: Սահմանափակելով քեզ էմոական շարժումով, ինքդ քեզ զրկում ես աշխարհը, կյանքը բոլոր կողմերից տեսնելու, ընկալելու հաճույքից: Որ ազատ ժամանակը դեռահասների եւ, առհասարակ, բոլոր մարդկանց համար վատ խորհրդատու է: Իսկ մա՞հը: Դա օբյեկտիվ իրականություն է, որն այցելում է բոլորին:
Անգամ նրանց, ովքեր էմո չեն: Այնպես որ` շտապեք ապրել: