Նոյեմբերի 27-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոցն է) մահացավ 5 օրական նորածինը, ում մահվան պատճառները փոքրիկ տղայի ծնողները պայմանավորում էին բժիշկների անփութությամբ ու անգործությամբ:
Ըստ նրանց՝ երեխան մահացել է թթվածնային քաղցի հետեւանքով: Ի պատասխան ծնողների՝ Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը այս օրերին հայտարարեց, որ ճիշտ չէ պնդել՝ իբր երեխայի մահվան համար մեղավորը մասնագետներն են: «Բնական է, որ Ռազմիկ Աբրահամյանն իր հիվանդանոցի պատիվը բարձր պահելու համար պետք է նման բան ասեր: Չէ՞ որ տվյալ պարագայում վարկաբեկվում է նրա հիվանդանոցի անունը: Եվ նա ամեն բան կանի, որպեսզի պաշտպանի,- մեզ հետ զրույցում նկատեց նորածնի մայրը՝ Ծովինար Ղամբարյանը՝ շարունակելով,- «Ռազմիկ Աբրահամյանը մեր ներկայությամբ չհերքեց այն, որ միանշանակ պետք է կեսարյան հատում լիներ: Նա անձամբ ինձ ասաց այդ մասին: Նոյեմբերի
22-24-ը Ռազմիկ Աբրահամյանը գործուղման մեջ էր, եւ այդ օրը նրան փոխարինում էր ծննդաբերական բաժանմունքի վարիչ բժիշկ Ֆելիքսովիչը, իսկ ծնունդ ընդունող բժիշկը Դավիթ Աբովյանն էր»: Ըստ վերջինիս՝ ծննդաբերությունից օրեր առաջ Դավիթ Աբովյանը նշել էր, որ հակացուցված է արհեստական ցավեր հաղորդելը՝ հաշվի առնելով պտղի մեծ լինելը: Երեխայի կշիռը 4կգ 100 գրամ էր: «Այդ ժամանակ ես հետաքրքրվեցի, թե այդ պարագայում ի՞նչ պետք է անել, երբ բնական ցավերը չեն սկսում, իսկ ստիմուլյացիան հակացուցված է: Նա ասաց, որ երկուշաբթի ամեն ինչ կորոշեն, եւ, ամենայն հավանականությամբ, կեսարյան հատում կանեն»,- նշեց երեխայի մայրը, ով ծննդաբերությունից 3 օր առաջ ծննդաբերության, այսպես ասած՝ կեղծ նշաններով գնացել էր հիվանդանոց: «Երկուշաբթի առավոտյան գնացի հիվանդանոց: Բժիշկ Աբովյանը ներզննում կատարեց՝ նշելով, որ դրանք այն ցավերը չեն, որպեսզի բացվածք առաջանա: Ժամը 9-ից մինչ 12-ը նա այդպես էլ ոչ մի որոշում չկայացրեց: Միայն ժամը 12-ի կողմերը բուժքրոջն ուղարկեց, որպեսզի սիստեմա միացնի: Ես բուժքրոջն ասացի, որ հնարավոր չէ բժշկի նման կարգադրությունը, քանի որ արհեստական ցավերն անթույլատրելի են մեծ պտղի դեպքում: Այդ պահին նա համաձայնեց, ապա կես ժամից կրկին եկավ՝ ասելով, որ ես իրավունք չունեմ թույլ չտալու, քանի որ բժիշկն է ասել»,- պատմեց Ծովինարը: «Ժամը 3-ին սիստեման ընդունելուց հետո բժիշկ Աբովյանը եկավ ներզննում արեց, ասաց, որ արդեն կիսով չափ բացվածք կա: Ես իրեն խնդրեցի կեսարյան հատում անել, քանի որ պտուղը մեծ է: Նա առանց որոշակի պատասխան տալու գնաց՝ միայն նշելով, որ այդ մասին ինքն ու բաժնի վարիչը քննարկում են, եւ կորոշեն ինչ անել»,- շարունակեց Ծովինարը, ում դրանից ժամեր անց տեղափոխել են ծննդաբերական սենյակ: Վերջինիս փոխանցմամբ՝ պտղաջրերը բաց թողնելուց հետո միայն բժշիկը նկատել էր, որ կինը դժվարությամբ է ծննդաբերելու՝ մեծ պտղի ու նեղ կոնքերի պատճառով: Սակայն, ինչպես նշեց զրուցակիցս, պտղաջրերը բաց թողնելուց հետո այլեւս անհնարին էր կեսարյան վիրահատություն անելը: «Եվ նման սխալ քայլերի հաջորդականության արդյունքում նույնիսկ կեսարյան հատում չէին կարող անել, եւ ես ստիպված անբնական ուժերով ժամը 19:20-ի կողմերը ծննդաբերեցի», – նկատեց Ծովինարը: Ըստ զրուցակցիս` երեխան ծնվել էր շնչառական ուղիների խնդիրներով: «Երեխան պտղաջրեր էր կուլ տվել, որի հետեւանքով թոքաբորբ էր առաջացել: Դա մինչծննդյան թոքաբորբ չէր»,- հուզված խոսում էր մայրը, ով մինչ օրս փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ էր բժիշկ Աբովյանը նախ հայտնել, որ արհեստական ցավեր հաղորդելը հակացուցված է, ապա հաջորդիվ դիմել էր այդ հակացուցված տարբերակին: «Եթե իմ ծննդաբերական ցավերը բավարար չէին, իսկ արհեստական ցավերն անթույլատրելի էին, ապա պետք է միանշանակ որոշեին կեսարյան հատում անել, եւ ոչ թե վերջում, երբ որեւէ տարբերակ այլեւս չկար, ասել, որ կեսարյան հատում պետք է արվեր: Եթե հակացուցված էր արհեստական ցավերը, ապա նա իրավունք չուներ այդ ցավերն առաջացնող դեղեր ներարկել»,- ընդգծեց զրուցակիցս:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ Ծովինար Ղամբարյանին կեսարյան հատում չարեցին, երբ կար դրա բոլոր նախապայմանները: «Իբրեւ բժիշկ՝ կարող եմ ասել, որ մեզ համար ավելի հեշտ է անել կեսարյան հատում, քան նստել ծննդկանի մոտ, որ նա ծննդաբերի: Ճիշտ է, թեեւ կեսարյան հատումն իր բարդություններն ունի, բայց բժիշկների համար այն ավելի հարմարավետ ու համեմատաբար քիչ ժամանակ պահանջող է: Կեսարյան հատում լինում է այն դեպքում, երբ կան դրա ցուցումները, որոնք այս դեպքում հարաբերական են: Խնդիրն այն էր, որ սկզբից մենք չունեինք կեսարյան հատման ցուցում: Ծննդաբերությունը մինչեւ վերջ նորմալ էր ընթացել: Մենք խնդիր չենք ունեցել, իսկ արդեն անալիզներն ու պաթանալոգիան ցույց կտան՝ ինչն է պատճառը,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Դավիթ Աբովյանը, եւ ավելացրեց,- Ցանկացած մեկը կարող է գալ ու ասել՝ ինձ կեսարյան արեք, մենք դրա իրավունքը չունենք: Կարող է մարդկանց 90%-ն ուզի կեսարյան հատում անել, բայց այսօր ուզելը դեռ քիչ է: Եթե ես իմանայի, որ կեսարյան հատումով լավ կլիներ, հաստատ լավ կլիներ, բայց շատ հնարավոր է, որ կեսարյան հատման դեպքում էլ երեխան մահանար, եւ այդ ժամանակ կասեին՝ կեսարյան հատում ա արել, եւ երեխան մահացել է»: Այդ դեպքում ինչի՞ հետեւանքով մահացավ երեխան։ «Կասկածները վերաբերում են ներարգանդային ինֆեկցիային, բայց մինչեւ չլինեն անալիզի վերջնական պատասխանները, չենք կարող ասել»,- նշեց Դ. Աբովյանը: «Հիմա իրենք ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ երեխան մինչ ծնվելը խնդիրներ է ունեցել, որի արդյունքում նա չապրեց, բայց իրականում ծննդաբերական տրավմաները շատ մեծ էին»,- ասաց արդեն մահացած նորածնի մայրը` Ծովինար Ղամբարյանը: