ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նախօրեին Երեւանից մեկնել են Բաքու: Ուրբաթ օրը Ադրբեջանից Հայաստան ժամանած համանախագահների Բաքու վերադառնալու նպատակը, ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Երեւանում անցկացված բանակցությունների մասին տեղեկացնելն է: Բաքվի օդանավակայանում Իգոր Պոպովը լրագրողներին ասել է, որ Հայաստանում իրենց հանդիպումներն անցել են «գործնական ռիթմով»: «Մենք քննարկեցինք Աստանայի գագաթաժողովին նախապատրաստման հարցեր: Այստեղ նախատեսված է գործնական հանդիպում: Այստեղից մենք մեկնելու ենք Աստանա»,- ասել է նա: Անդրադառնալով Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ հարցին, Պոպովը հայտարարել է. «Հարցը, թե ինչ ձեւաչափով կանցնի հանդիպումը, քննարկումների թեմա է հանդիսանում: Ենթադրում եմ, որ արդյունքները հայտնի կդառնան հանդիպման նախաշեմին»: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանից մեկնել է Փարիզ: ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ Ֆրանսիայի ղեկավարությանը տեղեկացնելուց հետո նա մյուս երկու համանախագահների հետ երեկ մեկնել է Աստանա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվելու է ԵԱՀԿ գագաթաժողովը, որի շրջանակում ակնկալվում է նաեւ հանդիպում Լեռնային Ղարաբաղի հարցով: Ի դեպ, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն շաբաթ օրն ավելի ուշ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: APA գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների աշխատանքային պահեր` ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի նախաշեմին, եւ ամերիկացի դիվանագետը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է Երեւանում անցկացված բանակցությունների բովանդակության մասին: