Դելֆինները գալիս են Հայաստան

30/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիումի կառուցումը (որը թերեւս արդեն անկասելի փաստ է) տարատեսակ մեկնաբանությունների սկիզբ դրեց։

Երեւանի քաղաքապետարանը, որը նախաձեռնել է այս կոմերցիոն նախագիծը, ցանկանում է նոր ֆինանսական հոսքեր ապահովել այգի ու զվարճանքի վայրի շինարարությամբ հոգալ այգու բարեկարգման ծախսերը։ Իսկ բնապահպանները, որոշ հասարակական կազմակերպություններ ու անհատները փորձում են հասարակական բողոքի ալիք բարձրացնել՝ անպատեհ ու օրինախախտ համարելով հանրային վայրում կոմերցիոն կառույցի ծնունդը։ Հիմնական կռվանը՝ հայ մեծերի Պանթեոնի ու զվարճանքի կենտրոնի անհամատեղելիությունն է։ Ինչպես նաեւ՝ ծովային կենդանիների համար պատշաճ պայմանների ապահովման անհնարինությունը։ Շատ հաճախ դելֆինարիումի կառուցումը հասարակության կողմից ընկալվում է որպես անտրամաբանական քայլ, քանի որ սոցիալական խնդիրների կծիկը թույլ չի տալիս վերացարկվել իրականությունից ու դիտարկել դելֆինարիումը՝ միայն որպես «նվեր» մեր քաղաքին։ Ջրի մեծաքանակ օգտագործումը լողավազանի համար, շինարարության հապճեպությունը եւ, վերջիվերջո, հասարակական կարծիքի անտեսումը, այսպես թե այնպես, գնահատականի է արժանանում մեր համաքաղաքացիների կողմից։ Եվ այդ գնահատականը հիմնականում բացասական է։

Դելֆիններն, իհարկե, լավ կենդանիներ են, եւ անծով Հայաստանում ծովային կետազգիների հայտնվելը իրոք էքսկլյուզիվ մի բան է։ Սակայն այս էքսկլյուզիվ նվերը բավական մակերեսային եւ «ստորջրյա» հարցադրումներ է առաջ բերում։

Ովքե՞ր են դելֆինները

Վայրի բնության ուսումնասիրմամբ զբաղվող ամերիկյան «Animal Welfare Institute» ասոցիացիայի անդամ Սերդա Օզբենյանը՝ ով վերջերս Հայաստանում էր, նկատում է. «Հիմա աշխարհում դելֆինարիումներն ավելի շատ փակվում են, քան՝ բացվում։ Վայրի դելֆինները չեն կարող լիարժեք ապրել անազատության մեջ։ Դելֆինները շատ նուրբ ու խելացի կենդանիներ են, որոնք ամուր ընտանիքներով են ապրում ու միշտ ընտանիքներով են տեղաշարժվում։ Եվ նրանց իրարից առանձնացնելն ու փոքր տեղում պահելը ուղղակի անթույլատրելի է»։

Այն դիտարկմանը, թե արդյոք դելֆինների օգնությամբ իրականացվող թերապիան կարո՞ղ է դելիֆինարիումի կառուցման օգտին փաստել, Ս. Օզբենյանը նկատում է. «Դելֆինների թերապիայի բժշկական արդյունավետության մասին աշխարհը բնավ էլ ապացույցներ չունի։ Բժիշկները պարզել են, որ դելֆինի ու կատվի հետ շփման մեջ ոչ մի տարբերություն չկա։ Եվ պետք չէ մոռանալ, որ դելֆինները հսկայական ու զորավոր կենդանիներ են, որոնք կարող են հեշտությամբ վնասել իրենց դիպչել ցանկացող մարդուն։ Շատ դեպքեր կան, երբ վնասվել են դելֆինների հետ լողացող երեխաները։ Դելֆինները կարող են նաեւ շատ լուրջ հիվանդություններ փոխանցել մարդկանց, քանի որ բոլոր դելֆինարիումներում նրանց մեծ չափաբաժնով հակաբիոտիկներ են տալիս (դեղն ուղղակի դնում են ձկների մեջ ու տալիս դելֆիններին), եւ վստահ կարելի է ասել, որ դելֆինարիումներում 100% առողջ կենդանիներ չեն լինում։ Մեր կազմակերպությունը միշտ փորձում է հանրության ուշադրությունն ուղղել ապացույցների վրա, այլ ոչ թե միստիկ պատմությունների վրա հիմնվել։ Եվ ստացվում է, որ դելֆիններն ավելի շուտ վնասում են մարդկանց, քան բուժում»։

Վերջերս մի շարք բնապահպանական ընկերություններ նամակ են գրել Հայաստանի վերադաս մարմիններին, որտեղ իրենց մտահոգություններն են ներկայացնում Երեւանում կառուցվող դելֆինարիումի կապակցությամբ։ «Էկոդար» կազմակերպության նախագահ Հրայր Սվազյանը դելֆինների «ազատազրկումը» անթույլատրելի է համարում։ Նամակում մասնավորապես հիշատակվում է հենց «դելֆինաթերապիան», որը սովորաբար կիրառվում է զարգացողական թերություններ ունեցող երեխաների բուժման համար։ Բնապահպանները արձանագրում են, որ այդ թերապիան ոչ մի գիտական հիմնավորում չունի, այլ ընդհակառակը՝ «երկուստեք բացասական անդրադարձ ունի թե մարդկանց եւ թե դելֆինների վրա»։

Դելֆինների ուսումնասիրությամբ զբաղվող Ս. Օզբենյանը հիշատակում է նաեւ 2 տոննա քաշ ունեցող դելֆինների մաքրության հարցը. «Դելֆիններն ամենից շատ կեղտոտող ձկներն են, եւ հարկ է թույլ չտալ աղտոտված ջրի մեջ մարդ մտնի, կամ էլ կեղտոտ ջուրը դելֆինների ցատկերի ժամանակ՝ մարդկանց վրա ցողա»։

Բնապահպանները նշում են, որ 18մ շառավիղ եւ 8 մ խորություն ունեցող երեւանյան դելֆինարիումի լողավազանը շատ փոքր է 4 կետազգիների (2 դելֆինի,1 ծովառյուծի եւ 1 փոկի) համար։ Սերդա Օզբենյանն ուշադրություն է դարձնում այն կետի վրա, որ չի նախատեսվում երկրորդ լողավազանի կառուցումը, ինչը թույլ չի տա կենդանիներին օրական մի քանի ժամ մեկուսանալ իրարից։ «Հաշվի առնելով, որ տարբեր կենդանիները պետք է զօրուգիշեր միասին լինեն, ապա նրանց վարքագիծը չի կարող հավասարակշռված լինել»։ Ըստ բնապահպանների՝ այն դելֆինները, որոնք մեծ ճանապարհներ են կտրում օդանավերով ու գնացքներով, ոչ միայն լրջագույն սթրես են ստանում, այլեւ՝ վտանգավոր են դառնում, քանի որ նրանց սոնարային համակարգն է խափանվում։ «Ես վստահ եմ, որ դելֆինարիումի կառուցումը շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- ասում է Ս.Օզբենյանը։ Կետազգիներին ազատություն շնորհելու համար պայքարող «Cetacean Freedom Network» միջազգային ցանցը պետությունների վարկանիշային վնասի մասին մի քանի օրինակ է բերում։ Ամենացայտունը Ճապոնիայի օրինակն է, որն անխնա շահագործում եւ ոչնչացնում է ծովային կենդանիներին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ մեծ աղմուկով փակվեց Թուրքիայի դելֆինարիումը, քանի որ այնտեղ կենդանիների պահպանման նորմերը չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը գրանցել էին տասնյակ կազմակերպություններ։ Ս.Օզբենյանն ասում է, որ աշխարհի բոլոր դելֆինարիումներն իրար հետ կապված են, քանի որ մեծ ինդուստրիայի մաս են կազմում, եւ, որպես կանոն, առավել զարգացած պետությունները գիտակցում են դելֆինարիումներ ունենալու ռիսկը՝ տեղափոխելով դրանք թերզարգացած պետությունների տարածք։ Վաշինգտոնում ապրող Ս. Օզբենյանը նկատում է, որ ԱՄՆ-ում նույնպես դելֆինարիումների հանդեպ հակասական վերաբերմունք է ստեղծվել. «Վերջերս մի քանի դեպք է գրանցվել, երբ դելֆինները սատկել են մարզիչների կողմից առաջ քաշած ծանր մարզումների պատճառով»։ Ամերիկայում դելֆիններին որսում, բուծում են ծովային պարկերում, իսկ կոմերցիոն տեսակետից այդ բանական կենդանիները ահռելի շահույթ ապահովողներ են։ Մեկ դելֆինի գինը մոտավորապես 50 հազար դոլար է, ինչը ուղղակի մեկ կաթիլ է այդ բիզնեսի մեջ ներգրավված մարդկանց համար։

Ովքե՞ր են տերերը

Երեւանի դելիֆինարիումի կառուցումն իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը մի քանի ուկրաինական դելֆինարիումների սեփականատերն է ու իր հայրենիքում պաշտոնապես համարվել է օրինազանց ընկերություն։ Այժմ Ուկրաինայում մի քանի դատական պրոցես է ընթանում «Ներումի» դեմ, քանի որ միանգամից 3 վերահսկիչ մարմին (ճարտարապետա-շինարարական, տնտեսական ու բնապահպանական խախտումները ուսումնասիրող նախարարական հանձնաժողովները) «Ներումի» գործունեությունը օրենսդրական դաշտից դուրս են ճանաչել։ Պաշտոնական ձեւակերպումը հետեւյալն է. «Բացահայտվել են բնապահպանական օրենսդրության մի շարք կոպիտ խախտումներ»։ Ամենակարեւոր կետը, որը նշվում է պաշտոնական եզրակացության մեջ, դելֆինների որսն է։ Դելֆինները գրանցված են Ուկրաինայի «Կարմիր գրքում»՝ որպես անհետացող ձկնատեսակ։ Եվ հարց է ծագում, եթե դելֆինների որսը Ուկրաինայում արգելված է, որտեղի՞ց է «Ներումը» ձեռք բերել իր ծովային «ակրոբատ-դերասաններին»։

Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում գործող «Նեմո» դելֆինարիումները, որոնք պատկանում են «Ներումին», արդեն փակվել են։ Կիեւի դելֆինարիումի աշխատանքը կասեցվել է, եւ քննարկվում է Ուկրաինայի մայրաքաղաքի դելֆինարիումի դեմոնտաժի հարցը։ Մանավանդ, որ Կիեւում քննարկվում է նաեւ դելֆինարիումի տարածքի անօրինական զավթման հարցը։ Առավել մեծ սկանդալ է տեղի ունեցել Դոնեցկում, որտեղ ապացուցվել է, որ «Նեմոն», բնապահպանական հարցերից բացի, նաեւ հարկային վճարներ է կուտակել։ Նաեւ խախտել է Ուկրաինայի «Գովազդի մասին օրենքը»։ Դոնեցկում ֆինանսական մենքենայություններ են տեղի ունեցել («Ներումը» դելֆինարիումն արագորեն վաճառել է մեկ այլ՝ «Վալենտին» ընկերությանը, իսկ այդ երկու ընկերությունների համասեփականատերը նույն անձն է՝ Ալեքսանդր Մերլյանը)։ Ուկրաինացի իրավաբան Լյուդվիգ Միրզոյանը հայտ է ներկայացրել դատարան՝ դելֆինների շոուների ժամանակ պիրոտեխնիկական էֆեկտներ օգտագործելու թույլտվություն չունենալու ու անվտանգության կանոնները խախտելու համար։ Իրավաբանը վստահ է, որ դելֆինարիումի աշխատանքը Դոնեցկի քաղաքային խորհրդի չինովնիկների անձնական բիզնեսն է, եւ այդ պատճառով էլ՝ խախտումների մասին երկար ժամանակ լռել են։ Ընդ որում՝ տարօրինակ զուգադիպությամբ՝ դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ (սեպտեմբերի վերջին), երբ իր հանրապետությունում դելֆինարիում ունենալու ցանկություն է հայտնել Հայաստանը։ Եվ կարելի է հասկանալ «Ներումի» ղեկավար Ա. Մերլյանի՝ շուտափույթ իր բիզնեսի մի ճյուղը Երեւան տեղափոխելու ցանկությունը։ Նախատեսվում է, որ Երեւան կգան հենց այն կետազգիները, որոնց ներկայությունը Դոնեցկում զուգորդվել է օրենքների խախտումների հետ։

Այս պահի դրությամբ՝ «Ներումը» միայն մեկ օրինավոր դելֆինարիում ունի՝ Օդեսայում։ Սակայն նույնիսկ այդտեղ չլուծված իրավաբանական խնդիրներ կան, քանի որ նախկինում Օդեսայի դելֆինարիումի համասեփականատեր է հանդիսացել Սեւաստոպոլի «Կենսաբանական կայան» հետազոտական կենտրոնը, որը, սակայն, դուրս է մղվել այդ բիզնեսից՝ Օդեսայի քաղաքային չինովնիկների կամայական որոշման համաձայն։ Դատարանը պարտավորեցվել է «Ներումին» վերադարձնել դելֆինարիումի մասնաբաժինը, սակայն դատական պրոցեսներն անընդհատ հետաձգվում են բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։

Փաստը մնում է փաստ. Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն ու Դատախազությունը որոշում են ընդունել արգելել դելֆինարիումների աշխատանքը ոչ ծովային քաղաքներում, քանի որ ծովից հեռու գտնվող վայրերում հնարավոր չէ ապահովել դելֆինների ու նրանց բնական միջավայրի կապը։ Միջազգային կառույցների ճնշման տակ ընդունված որոշում լինելով՝ այդ արգելքը մեծապես բարձրացրել է Ուկրաինայի միջազգային կշիռը։

Ովքե՞ր ենք մենք

Դելֆինարիումներն ու կենդանաբանական այգիները աշխարհում ստեղծվում են ոչ միայն՝ որպես զվարճանքի վայրեր, այլ՝ որպես ծովափնյա վայրերում գործող հետազոտական կենտրոններ։ Եվ նրանց նպատակը մեռնող կենդանիների պաշտպանությունն է, թեկուզեւ՝ նրանց բանտարկության գնով։ Իհարկե, բազմաթիվ հայ մանուկներ հաճույքով կայցելեն դելֆինարիում՝ այդ առասպելական համարվող կենդանիներին տեսնելու համար։ Նրանց ծնողներն էլ կգտնեն մուտքի համար պահանջվող 4 հազար դրամը (այդ գինը գրեթե անփոփոխ է բոլոր «Նեմո» դելֆինարիումների համար)։ Սպառողական հասարակության մեջ շատ բան հենվում է ապագա սպառողներին «հղկելու» վրա։ Հուսանք, որ ոչ մի երեխա չի վնասվի ու չի վարակվի դելֆիններից, այլ միայն ավելի լավ կճանաչի այդ խելացի կենդանիներին, իսկ դելֆինարիումի սեփականատերերը կբարեկարգեն մեր Պանթեոնը։ Սակայն հարցն այս պարագայում ոչ թե կենդանիների ճանաչողությունն է (եւ դրանից բխող ուրախությունը) ու մեր պանծանքի գերեզմանատունը վերականգնելու համար միջոցներ գտնելը, այլ՝ զուտ կոմերցիոն հաշվարկը, որը դրդում է մեզ կասկածելի ռեպուտացիա ունեցող օտարերկրյա մասնավոր ընկերության հետ համագործակցելուն։ Մեր օրերում ամեն բան կասկած է հարուցում։ Օրինակ, շատ կասկածելի է դիտվում Երեւանի քաղաքապետարանի գոհունակությունը Երեւանի Կենդանաբանական այգու գործելաոճից (այլապես մի բան կձեռնարկեին, առնվազն՝ ռեւիզիա)։ Եվ նույնքան կասկածելի է բնապահպանների անգործությունը, որոնք երբեք ոչ մի քննադատական խոսք չեն ասում մեր կենդանաբանական այգում «բանտարկված» կենդանիների պահպանության սարսափելի պայմանների ու պրոֆեսիոնալ մասնագետների բացակայության մասին։ Մեր կենդանաբանական այգին կարծես ամենավայրագ վայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ակամայից բնությունը (այսինքն՝ իր շրջապատի ու իր նմանների) սպառողն է դառնում։ Եվ հետո սկսում է սպառել ամեն ինչ, գերեզմանաքարերն ու հուշարձաններն է գողանում, ստվերային գործարքներ է կնքում (նաեւ իր խղճի հետ), զվարճանքի համար ամենաբարբարոս միջոցների է դիմում ու գիտակցում է, որ ժամանակակից Հայաստանում ճանաչելուց ավելի կարեւոր է սպառումը։ Հիմա «սպառելու» ենք դելֆիններին։