«Միկա» մարզական համալիրում նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարածքային կազմակերպությունների թիմերի միջեւ տեղի ունեցավ մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը՝ նվիրված Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին: ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջեւ մեկ ամիս տեւած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի եւ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Եզրափակիչ թեժ խաղին հետեւում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ եւ ՀՀԿ այլ անդամներ: Մրցաշարում 3:1 հաշվով հաղթեց ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Էրեբունու, երրորդ տեղը` Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիմը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին եւ թիմի մարզիչ Լեւոն Գուհարյանին, թիմի պետ Արմեն Երիցյանին մեդալներ հանձնեց, իսկ հաղթող թիմի ավագ Ռոբերտ Հովակիմյանին՝ մրցույթի գավաթը: Գավաթն, ի դեպ, թիմի անդամները արարողության ընթացքում փոխանցեցին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանին, ով նստած էր երկրպագուների շարքում: ՀՀԿ Արաբկիրի թիմի անդամները նաեւ նվերների արժանացան հովանավոր SAS ընկերության կողմից, այնուհետեւ մասնակցեցին հաղթանակի պատվին ՀՀԿ տարածքային կառույցի կողմից կազմակերպված խնջույքին: