Ժողովրդական բժշկության մեջ մեծ կիրառում ունի խնձորի քացախը:
Հեղուկ քսուք (շփելու համար) կաղալը թեթեւացնելու համար
Հարել 1 ձվի դեղնուցը 1 թեյի գդալ բեւեկնախեժի (սկիպիդար) հետ, ավելացնել 1 ճաշի գդալ խնձորի քացախ։ Ստացված խառնուրդով խնամքով շփել ոտքի մակերեսը։
Թունավոր աղտորի կամ այլ խոտերի դաղոցի դեմ
Խառնեք հավասար քանակությամբ խնձորի քացախը եւ ջուրը։ Ստացված լուծույթը քսեք մաշկի ախտահարված մասին եւ թողեք, որ չորանա։ Հաճախակի թարմացրեք լուծույթի շերտը։
Գոտեորքին
Մաշկի ախտահարված մասը շփեք անխառն (չնոսրացված) խնձորի քացախով (լցնելով ուղղակի շշից)՝ 4 անգամ ցերեկը եւ 3 անգամ գիշերը (եթե արթնանում եք)։ Խնձորի քացախի օգտագործումից մի քանի րոպե հետո մաշկի քորն ու այրոցքն անհետանում են։ Այսպիսի բուժման դեպքում որքինով ախտահարված մաշկն արագ լավանում է։
Գիշերային քրտինք եւ այրվածքներ
Գիշերային քրտինքը կարելի է կանխել՝ քնելուց առաջ մարմնի մաշկը խնձորի քացախով շփելով։ Իսկ մաշկի այրված մակերեսի մշակումը չնոսրացված խնձորի քացախով մեղմացնում է ցավը։
Երակների հանգուցավոր լայնացումը բուժելու համար
Ժողովրդական բժշկության այս ձեւը կիրառվում է ոչ միայն Վերմոնտում, ինչպես ես տեղեկացա իմ հիվանդներից, այլեւ ուրիշ երկրներում՝ Շոտլանդիայում, ԳՖՀ-ում եւ ԳԴՀ-ում։ Խնձորի քացախը շշից լցնում են ափի մեջ եւ շփում հիվանդ երակների շրջանը՝ քնելուց առաջ եւ առավոտյան։ Մոտ մեկ ամիս անց դիտվում է երակների նեղացում։ Շփելուց բացի, խորհուրդ է տրվում օրական երկու անգամ խմել մեկ բաժակ ջրի եւ 2 թեյի գդալ խնձորի քացախի խառնուրդ։
Մաշկի ցան (իմպետիգո)
Անկասկած, իմպետիգոն աշխարհի «ամենավարակիչ» հիվանդությունն է։ Իմպետիգոն մաշկային քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ մաշկը պատվում է թարախակալված ցանով: Այն փոխանցվում է ձեռքերի (առաջին իսկ շփման դեպքում) եւ սրբիչի միջոցով։ Սովորաբար սկսվում է սիսեռից մի քիչ փոքր, կարմիր, պզուկանման բծերով։ Հաճախ ցանը հայտնվում է այտերի վրա կամ քթի շրջանում, եւ կարող է թողնել ջերմային ցանի խաբուսիկ տպավորություն։ Շուտով բծերը մեծանալով` դառնում են բշտեր, որոնցից հոսող արտադրությունից հիվանդությունը տարածվում է մարմնի մյուս մասերում։ Վերջապես ցանը չորանում է, առաջացնելով դեղնավուն կեղեւ, որը հեշտությամբ պոկվում է։ Իմպետիգոն մաշկի ստաֆիլոկոկային վարակ է։ Մարդն ընդունակ է վարակվելու այդ հիվանդությամբ ցանկացած տարիքում, սակայն դրան հատկապես հակված են երեխաները։ Եթե մարդը, որի մոտ արդեն առաջացել է այդ հիվանդությունը, ձեռք տա հիվանդ մաշկին, նա անընդհատ ինքն իրեն կվարակի։ Մաշկի ախտահարված տեղամասերի հետ զգույշ վերաբերվելու դեպքում իմպետիգոն կարելի է բուժել երկու շաբաթում։
Հարկավոր է մատը թաթախել չնոսրացրած խնձորի քացախի մեջ եւ այնուհետեւ հպել մաշկի ախտահարված մասերին, օրական 6 անգամ, առավոտից մինչեւ երեկո։ Այդ դեպքում իմպետիգոն կբուժվի 2-4 օրում։
Խուզող որքին (տրիխոֆիտիա)
Մաշկի, մազերի եւ եղունգների սնկային հիվանդություն է։ Հարթ մաշկը մակերեսորեն ախտահարվում է խիստ սահմանագծված, կլոր, փոքր-ինչ ուռած բծերով, որոնց վրա հիմնականում կարելի է տարբերել երկու շրջան. ծայրամասային բշտա-կեղեւային գլանիկը եւ թեփոտվող կենտրոնը։ Ուշադիր զննելու դեպքում, սակայն, մաշկի մազոտ հատվածում կարելի է տեսնել փշրված մազեր եւ թեփուկներ։ Խուզող որքինի վահանաձեւ թեփուկներն էլ հենց կարող են վկայել՝ տեղային բորբոքում կա՞, թե՞ ոչ։ Բորբոքվածության դեպքում մաշկը կարող է ունենալ թույլից (կաշվեթեփի պակաս քանակությամբ)՝ մինչեւ նկատելի կարմրածություն, հյուսվածքի որոշ ուռածություն եւ մաշկի նորմալ մակարդակից բարձրացած, աննշան ճեղքով պատած այտուցված շրջաններ, որոնցից, սեղմելիս, հոսում է թարախ։ Տրիխոֆիտիայով ախտահարված տեղամասին մոտիկ գտնվող գեղձերը մեծանում են։ Խուզող որքինի վահանիկները հանդես են գալիս միայնակ կամ խմբով։ Ավելի հաճախ հայտնվում են ծոծրակին կամ մարմնի ցանկացած մազոտ մասում։
Տղաները աղջիկներից 6-9 անգամ ավելի հաճախ են վարակվում։ Սնկային հիվանդության հարուցիչը փոխանցվում է երեխաների անմիջական շփման միջոցով, ինչպես նաեւ՝ կատուներից եւ շներից։ Հավանաբար տարածման գլխավոր աղբյուրը հիվանդ մարդկանց իրերն են՝ գլխարկները, պաստառապատված աթոռների վերին մասերը՝ թատրոններում, տրանսպորտում։ Հիվանդությունը բուժվում է չնոսրացված խնձորի քացախով, որը պետք է քսել ախտահարված մասերին՝ օրվական վեց անգամ, առավոտից մինչեւ երեկո։ Խնձորի քացախը հրաշալի հականեխիչ (անտիսեպտիկ) է։
Ըստ ամերիկացի բժիշկ Դ.Ս.ՋԱՐՎԻՍԻ