Կամ…, կամ…

27/11/2010

Մեր տեղեկություններով, առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ սեփական թեկնածուով հանդես գալու մասին: Թերեւս հենց այդ հանգամանքով են պայմանավորված հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արդեն անթաքույց հակասությունները եւ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հնարավորության մասին խոսակցությունները: Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ ըստ որոշ տեղեկությունների էլ՝ Գագիկ Ծառուկյանն ինքն է ցանկանում դուրս գալ կոալիցիայից, սակայն իշխանական վերնախավը փորձում է կանխել դա` հնարավոր ցնցումներից զերծ մնալու համար: Այլ աղբյուրների փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին առաջարկել` կամ պաշտոնապես հայտարարել իրեն սատարելու մասին, կամ դուրս գալ կոալիցիայից: Ընդ որում, այս տեղեկությունները վերջին շրջանում ակտիվորեն տարածում են հատկապես ՕԵԿ-ականները, այնպես որ, բացառված չէ, որ ԲՀԿ-ին «ուլտիմատում» ներկայացնելու մասին լուրերով Արթուր Բաղդասարյանն է փորձում ներիշխանական «բազարներում» ամրապնդել ՕԵԿ-ի դիրքերը: Ու չնայած ներքաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին գործընթացները կարծես ավելի հավանական են դարձնում կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հնարավորությունը, մեր տեղեկություններով, ԲՀԿ ղեկավարությունը կողմ է մինչեւ նախագահական ընտրություններ կոալիցիայում մնալու եւ Ս. Սարգսյանին պաշտպանելու տարբերակին: