Լավատեղյակ աղբյուրների համաձայն, իշխանությունները որոշել են մինչեւ Նոր տարի ամեն շաբաթ ազատ արձակել քաղբանտարկյալներից մեկին: Ըստ Քրեակատարողական վարչությանը մոտ կանգնած աղբյուրների, այսպես կոչված, անկախ հանձնաժողովն արդեն քննում է քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը: Քննարկվում է նաեւ Ռոման Մնացականյանին ազատելու հարցը. նրան պայմանական ազատ արձակելու ժամկետը լրացել է դեռեւս մեկ տարի առաջ: Բնականաբար, ոչ թե երկու տարվա թմբիրից հետո իշխանությունների մարդասիրությունն ու արդարամտությունն է արթնացել, այլ միջազգային ճնշումներից խուսափելու վախի զգացողությունը. այս քայլերը կատարվում են ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի եւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հունվարյան այցին ընդառաջ: Այդ մասին երեկ գրեթե ուղղակիորեն խոստովանել է նաեւ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով այս ամբողջ ընթացքում զբաղված է եղել եվրոպական կառույցների առջեւ Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը «հիմնավորելով»: «Վերջին շրջանում որոշ կալանավորված ընդդիմադիրներ ազատ են արձակվել քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց իրավական գործընթացներով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Դ. Հարությունյանը: Իսկ ի պատասխան հարցին` արդյոք այդ «քաղաքական պահանջի» արդյունքում հնարավո՞ր է` առաջիկայում ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր մյուս գործիչները, նա ասել է. «Չկա քաղաքական պահանջ կամ քաղաքական մոտեցում, որ անթույլատրելի կլիներ այդ անձանց պայմանական-վաղաժամկետ ազատումը»: Այսինքն` «իրավական գործընթացների» շղարշի տակ իրականում Դավիթ Հարությունյանն ասել է այն, ինչ առանց այդ էլ հայտնի է 2008թ. մարտի 1-ից ի վեր. ազատազրկված ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկը որեւէ հանցանք չի գործել, եւ նրանք ազատազրկման մեջ են (ու շարունակում են մնալ) իշխանության «քաղաքական պահանջի» պատճառով: Եվ ազատ կարձակվեն ոչ թե ներքին քաղաքական կամ հասարակական պահանջով (որը հնչեցվում է ավելի քան երկու տարի), այլ եվրոպական կառույցների հորդորով (Դ. Հարությունյանին «ճնշում» բառն այնքան էլ դուր չի գալիս):