Աստանայից առաջ

27/11/2010

Երեկ Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նույն օրը համանախագահները հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, միջնորդները Նալբանդյանին են ներկայացրել նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, քննարկել են Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները: Երեկ համանախագահներին ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ տարածաշրջան այցելելը եռանախագահները Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի համատեքստում: Ըստ ադրբեջանական APA գործակալության, նախօրեին Բաքվում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը չափազանց կարեւոր է, դրան անհրաժեշտ է լրջությամբ պատրաստվել: «Եթե հիշում եք` անցյալ տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրեցին շատ ընդգրկուն մի հայտարարություն, իսկ այս տարի Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը: Այս հանդիպումը շատ կարեւոր է, ուստի մենք պետք է լրջորեն պատրաստվենք դրան»,- հայտարարել է ֆրանսիացի համանախագահը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին տարածած հայտարարության մեջ հույս էին հայտնել, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը ավելի ակտիվ է ընթանալու: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ Աստանայի գագաթաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մինդեռ հոկտեմբերի վերջին նա Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում ասել էր, թե Աստանայում Ղարաբաղի հակամարտության շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում: «Ներկայումս մենք այդ փաստաթղթի նախապատրաստման վրա չենք աշխատում: Այսօրվա օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների ձեւաչափի որոշման հարցն է»,- ասել էր Մամեդյարովը: