Նրանում, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի էֆեկտը համարժեք չէր լինելու դրա շուրջը բարձրացած աղմուկին՝ շատերն էին ի սկզբանե համոզված։ Հակառակում համոզված էին միայն ծրագրի նախաձեռնողները՝ իշխանությունները, սակայն նրանք էլ կամաց-կամաց հասկացան, որ ինչ-որ բան պետք է փոխել։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը նպատակ ունի երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկավորումն ավելի մատչելի դարձնել՝ տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։ Այսինքն՝ ծրագրի պայմաններին համապատասխանող վարկառուների դեպքում վարկը տրամադրվում է շուկայական 2% ցածր տոկոսադրույքով, եւս երկու տոկոս էլ սուբսիդավորում է պետությունը։ Արդյունքում, երիտասարդ ընտանիքը հնարավորություն է ստանում հիպոթեքային վարկ վերցնել 8-9%-ով։
Մյուս կողմից՝ պետությունը վարկավորման համար ռեսուրսներ է տրամադրում բանկերին, այսինքն՝ վերաֆինանսավորում է վարկերը։ Տարվա սկզբին մեկնարկած ծրագրի համար պետությունը հատկացրել էր 3 միլիարդ դրամ, որի մի մասն ուղղվելու է 300 վարկերի վերաֆինանսավորմանը։
Այն ժամանակ շատերը նշում էին, որ 300 վարկը, իհարկե, քիչ է։ Օրինակ՝ վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար Ռուբեն Մարկոսյանը լրագրողներին ասել էր, որ իրենց մոտավոր հաշվարկներով՝ երիտասարդության թիվը կազմում է 800 հազար, եւ նրանց 4-5 տոկոսը հիպոթեքային վարկ չեն կարողանում վերցնել բարձր տոկոսադրույքի պատճառով։ «5%-ը կազմում է 40 հազար, ուրեմն այդ երիտասարդները այսօր այս ծրագրի թիրախային խումբն են եւ այս ծրագրի շահառուն»,- ասել էր նա։ Նման հաշվարկների վրա հիմնվելով՝ ոմանք կանխատեսում էին, որ թեժ մրցակցություն է ծավալվելու վարկ ստանալու համար. 40 հազարից միայն 300-ին էր վիճակված ծրագրին մասնակցել։ Այսինքն` յուրաքանչյուր 133-րդին։ Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ ամենեւին էլ թեժ մրցակցություն չեղավ։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, նոյեմբերի 22-ի դրությամբ տրամադրվել է 187 վարկ։ Եվս 33 վարկի վերաֆինանսավորման հարցը գտնվում է քննարկման փուլում։
Ինչո՞ւ այդքան քիչ։ Պատճառների մասին մեր թերթի նախորդ համարներում արդեն գրել ենք։ Բանն այն է, որ նախ՝ պետությունն՝ ինքը, սահմանափակել էր «երիտասարդ» կոչվելու իրավունքը. ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն այն ամուսինները, որոնց տարիքային գումարը չի գերազանցում 60-ը, եւ միաժամանակ նրանցից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը։ Ինչ վերաբերում է մյուս պայմաններին, ապա դրանք մատչելի չէին ոչ միայն երիտասարդներին, այլեւ՝ տարիքն առած ու կայացած մեր հայրենակիցներից շատերին։
Վարկ ստանալու համար երիտասարդ ընտանիքի ամսական եկամուտը պետք է 400 հազար դրամից պակաս չլինի։ Ծրագրի նախաձեռնողներն ասում են, որ կարող են լինել համավարկառուներ` այսինքն՝ ծնողները կամ հարազատները` իրենց եկամուտներով հանդերձ, նույնպես կարող են դառնալ համավարկառու։ Սակայն խնդիրն այն է, որ եկամուտները պետք է լինեն փաստաթղթավորված, իսկ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ստանում է ավելի մեծ աշխատավարձ, քան գրանցված է։ Փաստաթղթավորված եկամուտ ստանում են հիմնականում բյուջետային հիմնարկների աշխատողները, սակայն նրանց վաստակածը չի բավականացնի անգամ 15 տարվա հնության մեքենա գնելու համար։
Ծրագիրը հաստատվել է Կառավարության 98-Ն որոշմամբ (ընդունվել է 2010թ. հունվարի 29-ին), որում մի այսպիսի հետաքրքիր միտք կա. «Վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ ամուսնացած երիտասարդների շուրջ 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիպոթեքային վարկավորման միջոցով, սակայն նրանց մեծ մասը խուսափում է նշված միջոցից` նկատի ունենալով բարձր տոկոսադրույքները եւ վստահության բացակայությունը ներկայումս գործող հիպոթեքային համակարգի նկատմամբ»։ Նախ՝ նկատենք, որ հիմա ավելի շատ հակառակ երեւույթն է նկատվում. ոչ թե երիտասարդները չեն վստահում հիպոթեքային համակարգին, այլ՝ հիպոթեքային համակարգը չի վստահում երիտասարդներին։ Սակայն, եթե անգամ վստահության հարցը լուծվում է, միեւնույն է՝ ամենամեծ խնդիրը մնում է կանխավճարը։ Բանկերի մեծ մասը հիպոթեքային վարկավորում իրականացնում է 30% կանխավճարի պայմանով։ «Մատչելի բնակարան» ծրագրում դրված էր կանխավճարի նույն չափը՝ 30%։ 16 միլիոն դրամ արժեքով (ըստ ծրագրի, դա Երեւանում ձեռք բերվող բնակարանի առավելագույն գինն է) բնակարան ձեռք բերելու համար երիտասարդ զույգը պետք է կատարեր 4.8 միլիոն դրամ (ավելի, քան 13 հազար դոլար) կանխավճար։ Դա շատ քչերը կարող էին իրենց թույլ տալ։ Կանխավճարի սուբսիդավորում պետությունը չի իրականացնում, թեպետ այդ հարցը ի սկզբանե քննարկվել է։
Հենց այս գործոնների պատճառով շատերն ի սկզբանե թերահավատորեն էին մոտենում ծրագրին եւ ասում, որ այն ավելի շատ ուղղված է կառավարության PR-ին, քան երիտասարդների կարիքների լուծմանը։ Կառավարությունն էլ փորձում էր ապացուցել, որ հասկանում է խնդիրը, սակայն անում է ամեն հնարավորը։ «Իրագործման փուլում ծրագիրը որոշակի խոչընդոտների հանդիպեց, եւ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց որոշ շտկումներ կատարել եւ դարձնել այն առավել մատչելի»,- ասել է երիտասարդության եւ սպորտի հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ ավելացնելով, որ պետությունը, այնուամենայնիվ, չի կարող տարբեր առաջարկներ հրամայականի կարգով պարտադրել անշարժ գույքի եւ ֆինանսական շուկաներում, քանի որ շուկայական տնտեսության պայմաններում դա սխալ քայլ կլիներ:
Հիմա արդեն հասել ենք հաջորդ էտապին։ Նոյեմբերի 11-ի նիստում կառավարությունը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Իսկ երեկ այդ փոփոխությունների մանրամասների մասին խոսել է Կարեն Թամազյանը։ Նրա խոսքերով՝ դոտացիայի տեսքով պետության աջակցությունը 2%-ից հասցվելու է 4%-ի, իսկ կանխավճարի չափը 30%-ից իջեցվելու է 10%-ի։ Սակայն շատ ուրախանալ պետք չէ, որովհետեւ դա վերաբերում է միայն մարզերին։
Նշվում է նաեւ, որ անցած ժամանակահատվածում ծրագրի կիրառման ընթացքում կատարված վերլուծությունների, հետազոտությունների եւ քննարկումների արդյունքում հստակեցվել են ծրագրի պայմանները, հեշտացվել վարկերի ձեռքբերումը մարզերում, իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիպոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաեւ՝ ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։ Դա որոշ չափով պարզ էր դեռ նոյեմբերի 11-ին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Մենք պետք է խթանենք, որպեսզի վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում, համայնքներում»։
Իսկ երեւանաբնակ երիտասարդներին երեւի արդեն եղածն էլ շատ է։ Մի խոսքով, հերթական անգամ աղմուկը իրական էֆեկտից մեծ է, քանի որ հիպոթեքային վարկ ստանալ ցանկացող, բայց չկարողացող երիտասարդների գերակշիռ մասն ապրում է Երեւանում։