Գյուղատնտեսության նախարարությունից վերջերս աշխատանքից ազատվեցին Լիցենզավորման վարչության եւ Բուժսանիտարիայի տեսչության պետերը: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ կայացած ասուլիսում ասել է, որ նրանք եղել են «Օրինաց Երկիր» կուսակցության անդամներ: Հիշեցնենք, որ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ինչ վերաբերում է հատկապես աղմուկ հանած Բուժսանիտարիայի տեսչության պետ Վռամ Գուրզադյանի պաշտոնանկությանը, ապա Բերբերյանն այն կապել է պատգամավորներից մեկի հետ, որի բեռը ստուգման է ենթարկվել օդանավակայանում եւ արգելափակվել է: Սակայն այդ պատգամավորի անունը նա չի հրապարակել: NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում Վռամ Գուրզադյանն ասել է, որ անձամբ ինքն այդ պատգամավորի հետ խնդիր չի ունեցել, խնդիրը ծագել է այդ պատգամավորի աղջկա եւ տեղամասային տեսուչի միջեւ: Վ. Գուրզադյանը նույնպես հրաժարվել է ասել պատգամավորի անունը: Ինչ վերաբերում է իր պաշտոնանկությանը, ապա Գուրզադյանն ասել է, որ ներկայումս արձակուրդի մեջ է, սակայն աշխատանքից ազատվելու դիմում չի գրելու: Նա նշել է, որ նախարարն իրավունք ունի իր հրամանով ազատելու աշխատանքից, քանի որ արդեն Քաղծառայության խորհուրդը տվել է համաձայնությունը: Ըստ Գուրզադյանի, իր պաշտոնանկությունը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանի հետ հակասություններով: Նախարարը, ըստ նրա, դեռ տարիուկես առաջ, երբ նշանակվեց պաշտոնին, բարձրացրել է իր պաշտոնանկության խնդիրը: Մեկ անգամ արդեն Քաղծառայության խորհուրդը քննություն է անցկացրել այդ հարցի շուրջ եւ բացասական եզրակացություն է տվել: Գուրզադյանն ասել է նաեւ, որ ինքն այլեւս «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ չէ: