Գյուլը` Սարգսյանի մասին

27/11/2010

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շվեյցարական խորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Թուրքիայի նախագահը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների կազմումը եւ ստորագրումը տեղի է ունեցել Շվեյցարիայի աջակցության շնորհիվ: «Նմանատիպ խնդիրները հեշտությամբ չեն լուծվում: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված մեր ուժեղ կամքը վճռականորեն պահպանում ենք եւ անկեղծորեն շարունակելու ենք մեր ջանքերը Կովկասում մնայուն եւ ընդգրկուն խաղաղության հաստատման համար»,- նշել է Աբդուլլահ Գյուլը` կարեւորելով հարաբերությունների այս մակարդակին հասնելուն ուղղված Հայաստանի նախագահի դերը: «Նախագահ Սարգսյանի ցուցաբերած` առաջնորդի եւ պետական գործչի կամքի շնորհիվ մինչ այսօր գործընթացը հաջողությամբ է պսակվել: Մենք սպասում ենք, որ նույն խիզախությունը շարունակվի»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Նա նաեւ ասել է, թե անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը դիտարկել Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից: Մամուլի ասուլիսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ նա ասել է. «Այս թեմային պետք է ավելի ընդգրկուն տեսանկյունից նայել: Անհրաժեշտ է այն դիտարկել կայունության, Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից: Քանի որ սառեցված խնդիրը կարող է հանկարծակի պայթել»: Գյուլը շեշտել է, թե ոչ ոք չի կարողանալու անտեսել «ադրբեջանական հողերի բռնազավթումը»: «Ես չեմ ուզում այս խնդիրներն իրար կապել, սակայն անհրաժեշտ է այն մեծ պատկերով դիտարկել»,- ասել է Գյուլը՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար: