Երեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հատուկ նիստում սկսել է քննարկել նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, որոնք տրամադրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ տարածքային ընտրական հանձնաժողովները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արձանագրության համաձայն` Ադրբեջանի 4 միլիոն 928 հազար 594 ընտրողներից նոյեմբերի 7-ի քվեարկությանը մասնակցել են 2 միլիոն 442 հազար 365-ը, ինչը կազմում է ընտրողների կեսից ավելին: 20 ընտրատարածքների ավելի քան 5 հազար 300 ընտրատեղամասերից ընդամենը 46-ում են արդյունքներն անվավեր ճանաչվել, ինչը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության` 125-տեղանոց խորհրդարան է ընտրվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 74 ներկայացուցիչ, 13 ներկայացուցիչներ 10 այլ կուսակցություններից եւ 38 անկուսակցական: Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արձանագրությունների ամփոփումը եւ վավերացումը երկրի Սահմանադրության պահանջ է, եւ դատարանը պարտավոր է դա կատարել տասնօրյա ժամկետում։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չէ։ Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը պնդում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, եւ պահանջում է դրանք չեղյալ հայտարարել: Կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արձանագրությունը չի կարող օրինական համարվել: «Կեղծվել են նույնիսկ մասնակցության տվյալները` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15 տոկոսից ոչ ավելին, իսկ ԿԸՀ-ն հավաստիացնում է, թե կեսից ավելին է քվեարկել»,- ասել է Ղամբարը: Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին նույնպես պնդում է, որ հարկ է շարունակել պայքարը նոյեմբերի 7-ի քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Իսկ Փանահ Հուսեյնովը նույնիսկ առաջարկել է ստեղծել այլընտրանքային կառույց` «Ժողովրդական խորհրդարան», որը երկրի հրատապ հարցերի վերաբերյալ կընդունի խորհրդանշական որոշումներ եւ օրինագծեր: Հիշեցնենք, որ միջազգային կառույցների եւ արեւմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համոզմամբ` նոյեմբերի 7-ի ընտրությունները չեն համապատասխանել պահանջված չափանիշներին: